կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 12:52
Քաղաքական

Ծառուկյանը հաշտեցնելու սովորություն ունի. ԲՀԿ-ից հեռացված նախկին նախարարը սրբագրում է Զոհրաբյանի մասին հայտարարությունները

Ծառուկյանը հաշտեցնելու սովորություն ունի. ԲՀԿ-ից հեռացված նախկին նախարարը սրբագրում է Զոհրաբյանի մասին հայտարարությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը, ով անցած տարի ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կողմից հեռացվել էր կուսակցությունից, Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը հաշտեցրել է իրեն և Նաիրա Զոհրաբյանին: «Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես կողմերին հաշտեցնելու սովորություն ունի, և ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում»,- ասաց նա:

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծվելիք դաշինքի կազմում ընդգրկվելու թեկնածուներից է նաև Գևորգ Պետրոսյանը, ով, մեղմ ասած, լարված հարաբերություններ ուներ ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:

Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բոլորովին էլ չի բացառվում իր համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի հետ: «Միասնություն» շարժման խորհուրդը կորոշի համագործակցել, ես կենթարկվեմ այդ` համագործակցության մասին որոշմանը: Մենք ինքնուրույն որևէ քայլ չենք ձեռնարկում, որևէ մեկի հետ չենք համագործակցում: Եթե «Միասնություն»-ը որոշի համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ, բնականաբար, ես էլ կլինեմ այդ համագործակցության կիզակետում»,- ասաց նա:

Հարցին՝ հանդիպում ունեցե՞լ է Գագիկ Ծառուկյանի հետ նրա՝ քաղաքականություն վերադառնալուց հետո կամ առաջ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ` չի հեռացել, ես իմ կարծիքը բազմաթիվ առիթներով ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ համաձայն չեմ «վերադառնալ» եզրույթին, որովհետև մարդը, լինելով մանդատ ունեցող, չի կարող լինել քաղաքականությունից դուրս: Բայց եթե անգամ պայմանականորեն անվանենք վերադարձ, դա եղել է ընդամենը երկու օր առաջ, դրանից հետո ես նրան չեմ հանդիպել, բայց կրկնում եմ նորից` ես, լինելով «Միասնություն» համազգային շարժման անդամ, կենթարկվեմ կոլեգիալ նիստի ընթացքում կայացված որոշմանը»:

Հետաքրքրվեցինք՝ ի վերջո, ինքը ԲՀԿ-ի կազմո՞ւմ է, թե՞ ոչ, և հիշեցրեցինք, որ Նաիրա Զոհրաբյանի՝ իրեն կուսակցությունից հեռացնելու որոշումը վիճարկում էր դատարանում: Ի պատասխան, նախկինում Զոհրաբյանի հասցեին մեղադրանքներ շռայլող Պետրոսյանն ասաց. «Խնդիրը դատարանում է, ու եթե դատարանի վճիռ կլինի՝ օրինական ուժի մեջ մտած, որ ինձ կվերականգնի ԲՀԿ-ի կազմում, ես արդեն իրավաբանորեն կդառնամ ԲՀԿ-ի անդամ, հիմա ես չեմ կարող ինձ երևակայել կուսակցության կազմում»:

Ուշագրավ է, որ Պետրոսյանը միայն հիմա է Զոհրաբյանի քայլերի մեջ օրինականություն տեսնում և «համեստորեն» սպասում դատարանի վճռին:

Հարցին՝ Նաիրա Զոհրաբյանի հետ հարաբերությունները շարունակո՞ւմ են մնալ լարված, նա պատասխանեց. «Չէ, անկեղծ ասած, լարված էն ժամանակ էլ չեն եղել, պարզապես, ինքն իր կարծիքն է արտահայտել, ես էլ՝ իմ: Ես դատարանում նրա գործողությունները վիճարկել եմ, բայց հակված չեմ այդ հարաբերություններն անվանել լարվածություն, թշնամանք և այլն: Ես հարգում եմ նրան` որպես քաղաքական գործիչ: Նա իմ մասին ինչ կարծիքի է, կարող եք ճշտել նրանից»:

Երբ Պետրոսյանին հիշեցրեցինք, որ բազմիցս վատ է արտահայտվել Նաիրա Զոհրաբյանի մասին` ոչ միայն որպես քաղաքական գործչի, այլև՝ անձի, նա զարմանալիորեն ընդդիմացավ՝ արդարանալով, թե միայն ասել է, որ Զոհրաբյանն իր գործունեությամբ վնասել է կուսակցության հեղինակությանը: «Եվ վերջապես` նա կին է, ես` տղամարդ, նաև կոռեկտ չէ խոսել թշնամանքի մասին»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նա համառորեն շարունակեց հիշողության կորուստ ունեցողի ախտանշաններ դրսևորել և պնդեց, որ նախկինում էլ Զոհրաբյանի հասցեին որևէ անձնական վիրավորանք չի հնչեցրել: «Ես կոպիտ արտահայտվել եմ նրա գործունեության վերաբերյալ, երբեք չեմ տեղափոխվել անձնական հարաբերություններ: Եթե այդպես լիներ, ես դատարան չէի դիմի, այլ անձնական այնպիսի քայլեր կկատարեի, որոնք չեմ կատարել, ձեռնպահ եմ մնացել: Չի բացառվում նաև հաշտության համաձայնություն, և այդ դեպքում իմ և Զոհրաբյանի հետ հարաբերություններում վեր կկանգնենք անձնականից: Ինչպե՞ս եք պատկերացնում իմ և տիկին Զոհրաբյանի միջև դատական վեճի շարունակությունը համագործակցության պարագայում, դա կլինի անտրամաբանական: Պղծություն չի կատարվել, հասկանո՞ւմ եք: Այո, եղել են փոխադարձ վիրավորանքներ, բայց ես կարծում եմ, որ տիկին Զոհրաբյանն էլ մեծահոգի կգտնվի»,- ասաց Պետրոսյանը:

Զարմանալի է, բայց Պետրոսյանը մոռացել է կամ էլ ձևացնում է, թե այդպես է՝ ինքը մեղադրանքներ, վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում Նաիրա Զոհրաբյանի հասցեին, նա էլ համարժեք պաշտպանվում էր: Ուշագրավ է նաև, որ նա նոր է հասկացել` վերջապես Զոհրաբյանը կին է, ինքը՝ տղամարդ:

Վերջում էլ հիշեցնենք մի քանի արտահայտություններ, որոնք անձամբ Պետրոսյանն է հնչեցրել Զոհրաբյանի հասցեին` «ԲՀԿ-ի ինքնամաքրումը պետք է սկսվի Նաիրա Զոհրաբյանից», «Նաիրա Զոհրաբյանն իր պահվածքով շարժում է բոլոր երկնային ու երկրային էակների զայրույթը», «Նաիրա Զոհրաբյանն ուղղակի քանդում է կուսակցությունը», «Զոհրաբյանին պարզապես հակացուցված է քաղաքականությամբ զբաղվելը», «Նաիրա Զոհրաբյանն իր հրոսակների միջոցով «Ֆեյսբուք»-ում իմ անձնական նկարներն է հրապարակում: Բա որ ես սկսեմ նկարներ հրապարակել, հաստատ ես չեմ լինի տուժողը», «Ամենաամոթալին այն է, որ կոալիցիային «հետին թվով» դեմ արտահայտվողները, ում վարքը հիշեցնում է աղվեսի ու խաղողի հայտնի առակը, կոալիցիայի կողմնակիցներին մեղադրում են պաշտոնամոլության ու կարիերիզմի մեջ» և այլն:

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Գևորգ Պետրոսյանի՝ Նաիրա Զոհրաբյանին ուղղված խոսքերին արձագանքել էր նաև ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը՝ նշելով. «Հայ մարդուն հարիր չէ հայ կնոջը, մորը, քրոջը, ինչ-որ գործընթացների հետ կապված, անհիմն, անհարկի անձնական վիրավորանք հասցնելը, նման մարդկանց անվանում են պեդերաստ»:

Ինչպես ասում են` ընտրությունները փոխում են ամեն ինչ…

Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ