կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 14:18
Քաղաքական

Գալուստ Սահակյանը սրբագրում է Սերժ Սարգսյանի խոսքերը

Գալուստ Սահակյանը սրբագրում է Սերժ Սարգսյանի խոսքերը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով` Սերժ Սարգսյանը չի ասել, թե կառավարությունը պետք է վերանայի ընդդիմության 12 կետերը, այլ ասել է, որ կարելի է քննարկել: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի և ընդդիմության 12 կետերի մասին, նա նշեց. «Մենք էլ ենք ասում, կառավարությունն էլ է ասում, որ պետք է քննարկել, դա չի նշանակում, որ 12 կետերը պետք է որոշվեն»:

 

Հարցին՝ ոչ իշխանականների հանրահավաքնե՞րը ստիպեցին, որ իշխանությունները կրկին քննարկեն այդ կետերը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ի՞նչ անեմ, պատասխանեմ, որ ընդդիմությանը ուրախացնե՞մ: Մենք ընդամենը ուզում ենք նորից քննարկել այդ կետերը: Որը հնարավոր է իրականացնել, կիրականացվեն, առավել ևս` առանց հանրահավաքի: Խորհրդարանական ուժերն անընդհատ քննարկումների մեջ են խորհրդարանի ներսում»:

 

Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ԱԺ նախագահը տեղյակ չէր:

 

Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե ի՞նչ է պատահել, որ Սերժ Սարգսյանը հորդորել է իր կուսակիցներին թշնամանքով չվերաբերվել ընդդիմության առաջարկներին, այլ ուշադրությամբ քննել դրանք, ԱԺ նախագահը պատասխանեց, թե ընդդիմության խելամիտ առաջարկները հանրապետականները միշտ էլ քննարկել են:

 

«Մեր հանդուրժողականության հետևանք է, որ և' լրագրողներն են իրենց ազատ զգում, և' ընդդիմությունն է կարողանում առանց արգելքների հանրահավաքներ անել: Այնպես որ` մենք միշտ էլ հանդուրժողական ենք եղել: Բայց եթե հայհոյանքներ լինեն, փշերով ենք ընդունելու»,- ասաց նա:

 

Խոսելով ընդդիմության 12 կետերի մասին` Գալուստ Սահակյանը նշեց. «Ճիշտն ասած` ընդդիմությունն էնքան կետեր է ասել, որ մոտավորապես 50 կետ է դարձել»: