կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 19:00
Առանց Կատեգորիա

Անդադար վերանորոգվող պետություն, կամ երբ մեղավոր են դառնում ծրագրերը

Անդադար վերանորոգվող պետություն, կամ երբ մեղավոր են դառնում ծրագրերը

Մամուլում, առանց որևէ կոնկրետ աղբյուրի հղման, այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կարգադրել է փոխել կառավարության դահլիճների ներքին հարդարանքը, քանի որ, ըստ մամուլի ձեւակերպման, «զզվում» է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ` դրանց ոսկեզօծմամբ արված վեհաշուք և թանկ վերանորոգումից: Ըստ այդմ` իբր կարգադրել է սենյակները կրկին վերանորոգել՝ վերադառնալով համեստ, մինիմալիստական ոճին:

Դժվար է, իհարկե, կռահել, թե ով ու ինչպես է որոշել վարչապետի զզվանքի աստիճանը կամ պարզել, ինտերիերի հետ կապված, նրա ճաշակն` առհասարակ: Փաստ է, սակայն, որ ամեն եկողի կողմից սեփական ճաշակով և, որպես կանոն, պետական բյուջեի հաշվին իր կաբինետի, աշխատավայրի նոր վերանորոգում իրականացնելու պրակտիկան Հայաստանում օրինաչափություն է: Եվ զուտ տեսականորեն չի կարելի բացառել, որ այդպես կվարվի նաև նոր վարչապետը: 

Նոր կամ նորացված կաբինետով, աշխատանքային նոր պայմանների ստեղծմամբ պաշտոնավարումը սկսելու` այս տարածված սովորությունն առաջին հերթին հասարակական ու պաշտոնեական նոր դիրքն ընդգծելու և այդ կարգավիճակում ինքնահաստատման բարդույթային դրսևորում է: Այն բխում է նոր պաշտոնի, կարգավիճակի հանդեպ, այսպես կոչված, սեփականատիրական զգացումից: Շատերին թվում է, թե պաշտոնում, որին իրեն նշանակել են կամ ընտրել, անփոփոխելի են, անձեռնմխելի, հետևաբար` անհրաժեշտ է աշխատանքային պայմանները դարձնել հարմարավետ, սեփական քիմքին հաճելի: Բայց քանի որ Հայաստանում կադրային փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, այդ կաբինետներն ու դահլիճներն էլ անդադար վերանորոգվում են` որպես կանոն, հարկատուների և պետական բյուջեի հաշվին անիմաստ ռեսուրսներ տանելով:

Բայց այդ սովորությունը միայն վերանորոգումներին չի վերաբերում: Չգրված օրենք է դարձել նախկին ամեն ինչ մերժելը և նոր, մաքուր էջից սկսելը կամ առնվազն դրա տպավորություն ստեղծելը՝ հիմնվելով փոփոխությունների, իսկ մեր դեպքում` արմատական փոփոխությունների հանրային պահանջների վրա:

Կարեն Կարապետյանից սպասելիքներն իսկապես մեծ են: Ընդ որում՝ խոսքը ոչ թե կոսմետիկ, այլ համակարգային, վիրահատական, հետևաբար` նաև չափազանց բարդ և ոչ պոպուլյար փոփոխությունների մասին է: Նրանից իսկապես ճկուն, համարձակ, նորարարական քայլեր են սպասում՝ ոչ միայն որպես լավ կազմակերպիչ, այլև քաղաքական ինտրիգներում չթաթախված անձնավորություն և ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու ունակ կառավարիչ: Նոր վարչապետը հայտարարել է, որ իսկապես պատրաստվում է դիմել շատ լուրջ, ցավոտ քայլերի, որոնք պետք է որոշեն,թե երկիրն ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու: Թե\' սեպտեմբերի 8-ին ՀՀԿ ԳՄ նիստում՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջարկն ընունելիս իր ունեցած ելույթում և թե\' դրանից մի քանի օր անց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նա նշեց, որ ներկայացնելու է երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած է լինելու երկու փուլից. առաջին փուլն ուղղված է լինելու հանրային վստահության վերականգնման նպատակով կատարվելիք արագ փոփոխություններին, իսկ երկրորդը ներկայացնելու է երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:

Այն, որ վարչապետը որոշակի տեսլականով է ստանձնում պաշտոնը, միանշանակ ողջունելի է: Հակառակը, հատկապես` ներկայիս սոցիալ-տնտեսական իրադրության պայմաններում, կլիներ անհասկանալի: Բայց հարցն այն է, որ առ այսօր ընդունվել են և սեղանի վրա են գտնվում երկրի թե\' կարճաժամկետ և թե\' երկարաժամկետ զարգացման տարատեսակ ծրագրեր, ռազմավարություններ և տեսլականներ: Բացի կառավարության ծրագրից, քաղաքական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, որի թիմն է ներկայացնում նոր վարչապետը, նախընտրական ծրագիր ունի. ՀՀ նախագահը 2013թ. ընտրվել է՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը: Այս տարվա փետրվարին ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր, որն ամբողջությամբ վերաբերում է ոչ միայն Հայաստանի տնտեսական, սոցիալական, քաղաքական արտաքին ու ներքին առաջնային մարտահրավերների չեզոքացմանը, այլև երկրի զարգացման տեսլականին:

Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ են լինելու այդ փաստաթղթերը, ծրագրերը: Ոչ ոք չի հայտարարել, որ դրանք լավը չեն, կամ որ երկրում տնտեսությունը ծանր իրավիճակում է հայտնվել դրանց իրականացման կամ դրանցով առաջնորդվելու պատճառով: Արդյո՞ք նոր վարչապետը համարում է, որ դրանք էլ այն պատերից են, որոնք անհրաժեշտ է քանդել և նոր վերանորոգում սկսել: Գուցե խնդիրը ոչ թե ծրագրերի բովանդակության մեջ է, այլ դրանք վատ իրականացնելո՞ւ:

Խնդիրն այն է, որ նոր կառավարությունն անգամ մեծագույն ցանկության դեպքում չի կարող ունենալ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու մանդատ: Եթե նույնիսկ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ի` մեծամասնություն կազմելուց կամ ԱԺ-ում ուժերի համապատասխան հարաբերակցության ձևավորումից հետո Կարեն Կարապետյանը վերանշանակվի վարչապետի պաշտոնում, դրանից ուղիղ մեկ տարի հետո նոր կառավարություն ձևավորելու խնդիր է առաջանալու, որն արդեն նա կարող է և չղեկավարել: Հիմա ինչպե՞ս պետք է լինի, ամեն նոր եկող վարչապետ պետք է երկրի փրկության սեփական տեսլակա՞նը բերի, մոտավորապես այնպես, ինչպես նախկինի թողած կաբինետների ու դահլիճների վերանորոգման ժամանակ արվող էքսպերիմենտները, թե՞, այնուամենայնիվ, գոնե ռազմավարական լուծումների մակարդակով լինելու է թե\' հասարակության, թե\' ընդդիմության համար հասկանալի, չափելի և հստակ քաղաքական ուղեգիծ, դրանցով առաջնորդվելու քաղաքական կամք և ցանկություն: Որովհետև եթե խնդիրը միայն ծրագրեր են դառնում, ապա մեծ է հավանականությունը, որ, օրինակ, Կարեն Կարապետյանի հաջորդը ևս իր պարտքը կհամարի հայտարարել, որ նախորդների ծրագիրը լավը չէին, և պետք է ամեն ինչ սկսել նորից: Եթե` այո, ապա Հայաստանը երբեք ուշքի չի գա անդադար ծրագրային էքսպերիմենտներից, ինչպես անդադար վերանորոգվող կառավարական կաբիներտներն ու դահլիճները:

Գևորգ Դարբինյան