Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձավ նաև հուշարձանների վերականգնման, ամրացման աշխատանքներին: Նախարարը նշեց, որ այս տարի բացթողում են ունեցել՝ 7 հուշարձանների վերանորոգումն ավարտին չհասցնելու տեսքով: Մեղավորը, ըստ Ամիրյանի, հիմնականում շինարարներն են: «Նաև ընթացակարգերի պատճառով էր, որ շինարարության ժամկետների մեջ չտեղավորվեցին, քանի որ հայտարարված մրցույթի մասնակից կազմակերպություններից մեկի բողոքի պատճառով շինարարության մեկնարկի ժամկետը ձգձգվեց մինչև սեպտեմբեր, իսկ շինարարները 6 ամսվա ընթացքում չէին կարող իրականացնել այդ ամբողջ ծավալը: Բացի այդ` թերացումներ կային շինարարների կողմից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախարարը լրագրողների հետ այցելել էր վերականգնվող եկեղեցիներ՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու:
Ամիրյանը տեղեկացրեց, որ շինարարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2018-ի տարեսկզբից մինչև հունիսի 1-ը պետք է ավարտեն այս տարվա շինարարության ծավալները, քանի որ հունիսի 1-ից կմեկնարկեն 2018-ի աշխատանքները: Իհարկե, կլինեն հուշարձաններ, որոնց շինարարական աշխատանքները կշարունակվեն, օրինակ` Գոշավանքի պարագայում, այն ընդգրկված է թե' 2017-ին, թե' 2018-ին վերանորոգվող հուշարձանների ցուցակում:
«Խիստ սահմանափակ ժամկետներում շինարարները կպարտավորվեն որակյալ աշխատանք ապահովել: Բացի այդ՝ շինարարական կազմակերպություններին պարտավորեցվել է վերանորոգվող բոլոր հուշարձանների մոտ տեղադրել 3 առցանց տեսախցիկներ, և բոլորը կարող են հետևել դրանց ամենօրյա աշխատանքներին: Խստացվել է նաև հեղինակային և տեխնիկական վերահսկողությունը: Առաջիկա ամիսների ընթացքում ականատեսը կլինենք, թե ինչպես են ընթանում աշխատանքները»,- ասաց նախարարը: