կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 14:20
Քաղաքական

Երբ երկիրը դառնում է մեկ ընկերության ֆան կլուբ կամ դուստր ձեռնարկություն

Երբ երկիրը դառնում է մեկ ընկերության ֆան կլուբ կամ դուստր ձեռնարկություն

ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խոսելով գազամատակարարման հարցերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, նշեց, որ քաղաքական մեծամասնությունն առաջարկում է ստեղծել ոչ թե ճշմարտության հայտնաբերման, այլ ճշմարտության թաղման հանձնաժողով:

 

Պատգամավորի խոսքով՝ ժողովրդին շատ պարզ հարցեր են անհանգստացնում` ինչո՞ւ է ապօրինաբար կուտակվել 300 միլիոնանոց պարտքը՝ թաքուն շրջանցելով ԱԺ-ն և Սահմանադրությունը, ո՞վ է դրա պատասխանատուն, ովքեր` մեղավորները, ինչո՞ւ ամենաէժան գազը, երբ հասնում է սպառողին, դառնում է ամենաթանկ գազը, ժողովուրդը ուզում է պարզել՝ հիմնավորվա՞ծ է սակագինը, եւ ինչու են «Գազպրոմ»-ին տրվել լայն լիազորություններ:

 

«Բայց այն, ինչ ներկայացրեց Դավիթ Հարությունյանը, նպատակ ունի թաղել ճշմարտությունը, որովհետև չեն ուզում բացել գազային պայմանագրերը, իսկ դռնփակ նիստերը նշանակում են ժողովրդավարության ոչնչացում»,- հայտարարեց Զուրաբյանը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ոչ իշխանական խմբակցություններին չպետք է հետաքրքրի, թե ինչ մտադրություններով է քաղաքական մեծամասնությունը հանկարծ որոշել ստեղծել այդ հանձնաժողովը, որովհետև բոլորի համար էլ դա պարզ է: «Իրենց մտադրությունները մեզ չպետք է հետաքրքրեն: Պետք չէ սոցիոլոգիական հարցումներ անցկացնել` հասկանալու համար, որ քաղաքական մեծամասնության նպատակը այդ հարցերը լուծելը չէ, հակառակ դեպքում` երկիրը չէին դարձնի մեկ ընկերության ֆան կլուբ կամ դուստր ձեռնարկություն: Մեզ պետք է հետաքրքրեն մեր նպատակները և ցանկությունները»,- ասաց պատգամավորը: