Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստին, նշեց, որ դա իր համար սպասելի էր: «Ինձ համար լրիվ սպասելի էր այս հրաժարականը: Ես այդ մասին կարծիք հայտնել էի, ուղղակի մի փոքր այլ ժամանակահատվածում էի պատկերացնում` սեպտեմբերի 21-ից հետո, բայց երևի վիճակը շատ ծայրահեղ էր իշխանության համար, որ ակտիվացել է և առաջ գցել այդ գործը»,- ասաց նա:
Մարտիրոսյանը թերահավատ է, թե վարչապետի փոփոխությամբ ինչ-որ բան կփոխվի երկրում: «Ընդամենը ոճերի տարբերություն է լինելու` փիար առումով, և, այսպես ասած, ճարպիկ, կապեր ստեղծող, շատ աշխույժ Հովիկ Աբրահամյանին կփոխարինի առավել ինտելիգենտ տեսքով, առավել լավ խոսող, ավելի երիտասարդ, համակրելի տեսքով և վարվելակերպով վարչապետ, բայց բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու` նույն փտած կոնֆետն է լինելու, որքան էլ ուզում ես վրայի թիթեղը նորացրու` դրանից բան չի փոխվելու, ինչպես եղել է, այդպես էլ մնալու է»,- ընդգծեց նա, հավելելով` իշխանությունները ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկեին, որ մինչև խորհրդարանական ընտրությունները ժամանակ շահեն, փորձեն ժողովրդի համար ծխածածկույթ ապահովել, որպեսզի 2017 թվականի ընտրություններն էլ այնպես կազմակերպեն, անցկացնեն, ինչպես մինչև 17 թվականը:
Վարչապետին զոհաբերելու մասին խոսելով` Մարտիրոսյանն ասաց, որ անհրաժեշտ էր այնպիսի գործընթաց սկսել, թե իբրև իշխանություններն էլ են դժգոհ, իրենք էլ են ուզում փոփոխություններ: «Ակնհայտ է, որ այդ հրաժարականը չէր կարող լինել Սերժ Սարգսյանի տեսքով, ուրեմն մնում էր հաջորդը` վարչապետը` կառավարության հետ: Դրա համար այդ փոփոխությունը, այդ տեսանկյունից, հիմնավոր է, որովհետև Սերժ Սարգսյանը թույլ չի տա` ինքը հրաժարականի գնա: Սա ընդամենը իմիտացիոն գործընթաց է: Հերթական տեղափոխումները կանեն իշխանական դաշտում, և վերջ: Ուրիշ որևէ բան չի լինի` ո\'չ բովանդակային փոփոխություն կլինի, ո\'չ էլ` ուրիշ փոփոխություն»,- նշեց նա:
Ըստ Մարտիրոսյանի` ընդհանրապես, նորմալ երկրներում այսպիսի իրավիճակ չի լինում. եթե կառավարությունը հրաժարական է տալիս, նոր ընտրությւոններ են նշանակում:
Նրա կարծիքով` նորանշանակ վարչապետը կմնա մինչև 2018 թվականը, երբ Սերժ Սարգսյանը կավարտի նախագահի իր լիազորությունները և կնշանակվի վարչապետ:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու խոսակցություններին, Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ եթե դա տեղի ունենա, ապա միայն մի բան կնշանակի` Ռուսաստանն իր ներկայացուցչին է ուղարկում Հայաստան, որպեսզի ոչ թե Մոսկվայից հրահանգներ տա, այլ հենց տեղում ունենա իր մարդուն: