Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է։ Ես անընդհատ շեշտել եմ ու շեշտելու եմ` մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից և իմ հրապարակ դուրս գալը պատահականություն չէ։ Աստված մարգարեի միջոցով հարցրեց՝ ո՞ւմ ուղարկեմ: Ես հանձն եմ առել ասելու՝ ինձ ուղարկեք: Եվ ուզում եմ, խնդրում եմ, որ յուրաքանչյուր մարդ այդպես լսի․ ինձ ուղարկես, ես եմ այդ գործիքը, միջոցը, կամուրջը, հնարավորությունը ես եմ։ Ես առանց ակնկալիքի եմ, առանց սպասելիքների, առանց սիրվելու, հանձն առնելու բոլոր դժվարությունները, բայց միայն մեկ նպատակի համար, որ ունենամ հայրենիք ու պատիվ։ Իմ ամբողջ ցանկությունն այն է, որ ես երկրից աչքերս փակելուց զգամ, որ օրհնված եմ գնում, ոչ թե նզովված: Երանի ամեն հայ մարդու հավատամքն այդպես լինի։ Մեր ներկայությունն այստեղ չի լինելու հավիտենապես, բայց մեր ներկայությունը կարող է լինել անմահների շարքում»,- Սիսիանում քաղաքացիների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
«Հայրենիք հանձնելու այս ողջ գործընթացը մեզ չէր կարող ուղղակի անտարբեր թողնել։ Դրանից առաջ էլ մի բան չէր, որովհետև մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում, թե ինչպես են մեր գերեզմանները քանդվում, թե ինչպես են մեր սրբարանները պղծվում»,-ասաց Սրբազան Հայրը՝ վստահեցնելով․ «Մեր շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է, չարիք, որը մարմնավոր տեսքով այսօր նստած է մեր կյանքի ջուր տվող աղբյուրի վրա, որից մենք ցամաքել ենք, չորանում ենք, դրա համար էլ չենք հասկանում, ոնց ենք իրար հետ հարաբերվում, չենք հասկանում, թե իրար հետ ո՞նց կարելի է ջերմությամբ խոսել։ Այո՛, ժողովուրդ, դա վերացական բան չէ, կոնկրետ շոշափելի է՝ տեսքով ու հասցեով»։
Նրա խոսքով՝ երկիրը պետք է ունենա նպատակ, օրակարգ, որպեսզի քաղաքացիները գնահատված լինեն, քաղաքացիներն իմանան, որ իրենք պաշտպանված են, երաշխիք ունեն ապրելու, արարելու ու գործելու։
«Պետք է այս երկրում մարդկանց պաշտոն առաջարկես ու իրենք չուզենան, ոչ թե որովհետև աշխատավարձը ցածր է, այլ որ այդ մեծ, այդ ամբողջ բեռից մարդիկ սարսափեն, ասեն՝ ես ինչպե՞ս պետք է տանեմ սա։ Եվ ոչ թե հակառակը, մի կրպակի համար իրար միս ուտեն, թե ով է լինելու այդ կրպակի վաճառողը։ Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան»։
Մանրամասն՝ տեսանյութում։