Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսեցի լրագրող Օսման Բալջըգիլը Haber3 կայքում հոդված է հրապարակել՝ անիծելով Թուզլայի հայկական որբանոցը ոչնչացնելու որոշում կայանողներին և դա իրականացնողներին:
Աստված ձեր գլխին փորձանք բերի
Սիրում եմ հայերին,
Այն էլ՝ շատ,
Շատ պատճառներ ունեմ` սիրելու:
***
Չորս տուն թուրք, 50-60 տուն էլ հայ բնակիչ ունեցող Գեդիքփաշա փողոցում եմ մեծացել:
Աշխարհի չափ հայ եղբայր՝ ախպարիկ և քույր եմ ունեցել:
***
Օրինակ՝ մանդոլինայի առաջին դասընթացներս ստացել եմ Ավետիս եղբայրից:
Երբ նկատել էր առաջընթաց, ձեռքիցս բռնած՝ ինձ տարել էր Սուրբ Մեսրոպյան եկեղեցի, ինձ տեղավորել իր ղեկավարած նվագախմբում և երգչախմբում:
***
Այդ ժամանակ մեծ հայրս դեռ ողջ էր, ընդ որում` նաև մեծ մայրս, և ընտանիքիս բոլոր մեծահասակներն անգամ մտածել էին՝ արդյոք կմնա՞մ քրիստոնեության ազդեցության տակ:
***
Հիշում եմ՝ ինչ հաճույքով էի դիտում Ակոբ (Հակոբ) հորեղբոր՝ իր տան առաջ հիմնած տիկնիկային թատրոնի ներկայացումները:
Շատ էի հավանում նրա ձեռքերով պատրաստված փայտե տիկնիկներն ու դրանց համար նրա կնոջ կարած շորերը:
Վարպետնիրապրուստնէրվաստակում` տանիքիջրատարներվերանորոգելով:
***
Մի օր հենց մեր հետևի թաղում աշխատելիս ընկավ տանիքից:
Մահացավ:
Եթե մտերիմիս կորցնեի` գուցե նույնքան տխրեի:
***
Երբ մեծ հայրս մահացավ, մեր հայ հարևանները 7 օր ճաշ բերեցին մեր տուն:
Չգիտեմ՝ հայկակա՞ն, թե՞ թուրքական սովորույթ էր դա, բայց չեմ էլ ցանկանում իմանալ:
Մանկուց «մենք» և «նրանք» հասկացությունըմերմտքովերբեքչէրանցնում:
***
Զատկին մեր տունը լցվում էր գունավոր հավկիթերով և զատկական կարկանդակով:
Հոտն ու համը դեռ հիշողությանս մեջ է:
***
Չեմ մոռացել մեր հավկիթախաղը փողոցի անկյուններում, գիպսից չկոտրվող հավկիթներ պատրաստելու մեր փորձերը:
***
Դպրոցական տարիներին հարսանիքներում նվագելու համար խումբ էինք հիմնել:
Խմբի միակ թուրքը ես էի:
Նվագում էինք թե’ հայկական, թե’ թուրքական հարսանիքներում:
Չգիտես` ինչու, հիշողությանս մեջ մնացել է այդ ժամանակվա հայտնի` «Սուտ է, սուտ է» երգը, որը շատ լավ էինք նվագում:
***
Ա’յ եղբայր, մարդ գոնե մեկ անգամ չի՞ զգա, որ տարբեր էթնիկական ծագում կամ կրոն ունի:
Չզգացի:
Սիրում էինք իրար, և դա մեզ բավարար էր:
***
Օրերն իրար հաջորդեցին...
Դարձել եմ երիտասարդ տղա, թռչել եմ բույնից:
Ամեն անգամ հայրական տուն այցելելիս տեղեկանում էի, որ մեր հայ հարևաններից ևս մեկը վաճառել է տունն ու տեղափոխվել:
Մեր հարևանները հիմնականում տեղափոխվում էին Քուրթուլուշ (Անկախության փողոց՝ Կ.Պոլսում):
Այս ընթացքում ամեն մի կորուստը տխրեցնում էր հորս ու մորս:
***
Երկար չտևեց՝ ընտանիքս իր հայ հարևանների հետևից տեղափոխվեց Քուրթուլուշ:
Մորս ու հորս վերականգնված տրամադրությունն ու երջանկությունը տեսա նրանց աչքերում:
Առավոտյան սուրճերն ու երեկոյան թեյերը վերադարձել էին:
Եվ, իհարկե, հաճելի զրույցներն ու հին օրերի հիշողությունը…
***
Քիչ առաջ թերթում մի լուր կարդացի:
Թուզլայի հայկական որբանոցը քանդելու համար շինարարական մեքենաներ են գործի դրվել:
Ասես` գլխիս կրակեցին:
«Աստված ձեր գլխին փորձանք բերի»,- բացականչեցի (վերջին շրջանում ինչքան շատ ենք սկսել օգտագործել այս արտահայտությունը...):
***
Եվ իսկույն մտաբերեցի Հրանտ Դինքի «Ամբաստանում եմ, ով մարդկությո’ւն» վերնագրով հոդվածը:
Դինքն իր հոդվածում ամփոփ ասում էր. «Մի առավոտ մեզ՝ 13 երեխաներիս, վերցրին, Գեդիքփաշայից ոտքով տարանՍիրքեջի, այնտեղից շոգենավով` Հայդարփաշա, Հայդարփաշայից էր գնացքով` Թուզլայի կայարան, որտեղից էլ, մի ժամ քայլեցնելով, տարան լճի և ծովի եզրին գտնվող մեծ ու ընդարձակ մի հարթ տարածք:
Վաղ առավոտյան արթնանալով և մինչև գիշերվա ուշ ժամերն աշխատելով՝ ավարտեցինք ճամբարի շենքի շինարարությունը:
Գիշերները հոգնությունից տակներս էինք անում:
8 տարեկանում գնացի Թուզլա:
Ուղիղ 20 տարի աշխատանք թափեցի այնտեղ:
Կնոջս՝ Ռաքելի հետ այնտեղ ծանոթացա, այնտեղ մեծացանք, այնտեղ ամուսնացանք: Մեր երեխաները ծնվեցին այնտեղ...
Մի օր մեր ձեռքը տվեցին դատարանից մի թուղթ...
«Դուք՝ փոքրամասնության կառույցներդ, տարածք գնելու իրավունք չունեք: Ժամանակին, երբ մենք ձեզ թույլատրեցինք, սխալվեցիք: Այս տարածքն այսուհետ պատկանելու է իր նախկին տիրոջը»:
5 տարի տևած մեր պայքարից հետո պարտվեցինք…
Ինչ անենք, որ մեր առջեւ պետությունն էր կանգնած: Բողոք ունեմ, ով մարդկությո’ւն ...
Մեզ մեր ստեղծած քաղաքակրթությունից դուրս հանեցին:
Տեղավորվեցին այնտեղ մեծացած 1500 երեխաների ճակատի քրտինքի վրա, հափշտակեցին մեր՝ երեխաների աշխատանքը:
Եթե այն աղքատ երեխաների համար դարձյալ որբանոց դարձնեին` անկախ ինքնությունից, աղքատ կամ հաշմանդամ երեխաների համար որպես ճամբար օգտագործեին, իմ իրավունքը հալալ կանեի նրանց, բայց այս պայմաններում հալալ չեմ անում:
Եվ հիմա արդեն ավերակ է դարձել մեր ստեղծած` Թուզլայի աղքատ երեխաների ճամբարը, մեր «Անտլանտիդա քաղաքակրթությունը»...
Հիմա արդեն, երբ չկան երեխաների ծվոցները, ցամաքել է նաև փոսի ջուրը...
Շենքի ուսերը կախ են…
Հողը՝ ամուլ...
Ծառերը՝ դժգոհ...
Իսկ իմ վրդովմունքի գագաթնակետի թռիչքներն այնքան սուր են, ինչպես ծիծեռնակինը, որի` ամենայն զգուշությամբ սարքած բույնը մեկ հարվածով ոչնչացվել է:
Սակայն՝ ապարդյուն...»
***
Դինքի այս հոդվածն ընթերցելուց հետո, բնականաբար, շատ տխրեցի, նաև մտածեցի՝ ուրեմն նա էլ ինձ նման Գեդիքփաշայում է մեծացել:
Նա էլ ինձ նման Քումքափյում է սովորել լողալ, գնդակ է խաղացել Ջինջի հրապարակում, հեծանիվ քշել և երևի սահնակով սահել Գեդիքփաշայի զառիվերից մինչև Չիֆթե Գելինլեր (Զույգ հարսներ) փողոց
***
Ուրեմն հիմա քանդում են նրա փոքրիկ ձեռքերով կառուցված Թուզլայի հայկական որբանոցը…
Աստված իմ, այս ինչ մեծ ամոթ է:
Մա՞րդ լինելու, մուսուլմա՞ն լինելու, թե՞ թուրք լինելու համար ամաչեմ:
***
Շատ չանցած՝ այս տարածքում էլ իսլամական ինքնությամբ աչքի ընկնող քաղաքական իշխանության «գործարարները» շքեղ առանձնատներ, առևտրի կենտրոններ և երկնաքերներ կտնկեն, իրենց հարստությանը հարստություն կավելացնեն:
Ձեռք կբերեն մի նոր կեղտոտ եկամուտ:
***
Թող ձեր աչքին, ծնկին կանգնի (թուրքերեն անեծք՝ օգտոգործվում է ապերախտ մարդկանց համար):
***
Իմ իմացած բոլոր հայհոյանքները ձեզ եմ ուղղում,
Իմացած բոլոր անեծքները՝ ևս:
***
Աստված ձեր գլխին փորձանք բերի:
Թող հողը ձեր աչքը կշտացնի (թուրքերեն՝ օգտագործվում է ագահ, աչքածակ մարդկանց համար):
***
Էլ ի՞նչ ասեմ:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի
Լրագրող, գրող Օսման Բալջըգիլը ծնվել է 1955 թվականին Պոլսում: Երկար տարներ աշխատել է Hürriyet, Cumhuriyet և թուրքական այլ հայտնի թերթերում ու հեռուստաալիքներում: 1988 թվականին ստացել է Թուրքիայի Լրագրողների ասոցիացիայի` «Տարվա լրագրող» մրցանակը: