Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ խոսեց կուսակցության առաջիկա ծրագրերի, անելիքների մասին: Նա անդրադարձավ նաև ՀՀԿ-ի կողմից ստեղծվող` երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ստեղծման գաղափարին ու այդ գաղափարը կյանքի կոչելու հեռանկարներին: Աշոտյանի խոսքով` ՀՀԿ-ում նոր ծրագրերի սկիզբ է դրվում, որոնց նպատակն է ամրացնել կուսակցության մտավոր ներուժը`առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Ի դեպ, Աշոտյանը, իր սովորության համաձայն ակտիվ հետևելով համացանցում շրջանառվող տեսակետներին, անկեղծացավ և ասաց, որ ՀՀԿ-ի`քաղաքական դպրոց ստեղծելու գաղափարի վերաբերյալ շատ տարբեր մեկնաբանությունների է հանդիպել: «Ոմանք ցուցաբերեցին հումորի, ոմանք էլ` քաղաքական մաղձի աստիճան, բայց պետք է նկատի ունենանք, որ ՀՀԿ-ն առաջինն է նման դպրոց ստեղծելու նախաձեռնություն ցուցաբերել»,- ասաց նա և ընդգծեց, որ բարձր է գնահատում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի` ՀՀԿ-ի այդ գաղափարի ողջունման փաստը:
ՀՀԿ փոխնախագահը նշեց նաև, որ ուսումնական նման կենտրոնները նպատակ ունեն կրթական ծրագրերի միջոցով բարելավել կուսակիցների, կուսակցության համակիրների կրթվածության և զարգացվածության աստիճանը, ինչպես նաև նպաստել նրանց քաղաքագիտական մտքի կայացմանը: Աշոտյանի խոսքով` քաղաքական դպրոցի ստեղծումը մեծ ճանապարհի սկիզբն է, և այդ դպրոցի ստեղծման համատեքստում նախատեսվում է համագործակցություն նաև միջազգային կառույցների հետ: Խոսքը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, Ավստրիական ժողովրդական կուսակցության և «Միասնական Ռուսաստան»-ի քաղաքական դպրոցների մասին է:
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ քաղաքական դպրոցը ֆինանսավորվելու է ՀՀԿ-ի կողմից:
Տեղեկացնենք նաև, որ, Աշոտյանի խոսքով, աշնանը տեղի կունենա ՀՀԿ-ի համագումարը, որը սկիզբ է դնելու կուսակցության նոր ծրագրի վերանայմանը:
Պատասխանելով դիտարկմանը, թե ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը «դիկտատուրա» է որակել դպրոց ստեղծելու գաղափարը, մինչդեռ հայտնի է, որ ՀՀԿ-ի նախորդ ղեկավարները` Աշոտ Նավասարդյանը և Անդրանիկ Մարգարյանը, պայքարել են «պոլիտշկոլայի» դեմ, Աշոտյանը պատասխանեց. «Դպրոց հիմնելու որոշումը գործադիր մարմնում է կայացվել: Պետք չէ զարմանալ, որ կուսակցության ներսում կա բազմակարծություն: Մինչև որոշման կայացումը մենք տարբեր կարծիքներ լսել ենք»:
ՀՀԿ փոխնախագահը նշեց նաև, որ քաղաքական դպրոցը զուտ քաղաքական գիտելիքների ավելացման միջոց է: «Քաղաքական դպրոցի սերտիֆիկատը կարևոր է լինելու, բայց անցաթուղթ չի լինելու»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե ովքե՞ր են դասավանդելու և ուսանելու ՀՀԿ-ի կողմից ստեղծվող քաղաքական դպրոցում, Աշոտյանը պատասխանեց, որ դպրոցում դասավանդելու են ակադեմիական շրջանակներից հրավիրված մարդիկ, տարբեր քաղաքական գործիչներ, արտասահմանյան պատվիրակության անդամներ: Նա նաև ընդգծեց, որ դպրոցում դասավանդելու հատուկ հրավեր է ուղարկվելու Ստյոպա Սաֆարյանին:
«Կուսանեն ինչպես կուսակիցներ, անպես էլ համակիրներ և ամենատարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ»,- ասաց Աշոտյանը և շեշտեց, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը ո\'չ ուսանելու են այդ դպրոցում, ո\'չ էլ դասավանդելու են:
Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական մտքի սով կար, որ հղացավ քաղաքական դպրոց ստեղծելու գաղափարը, Աշոտյանը պատասխանեց, որ դա բոլորովին էլ այդպես չէ, շատ երկրներում ընդունված փորձ է քաղաքական դպրոց ստեղծելը: ՀՀԿ փոխնախագահը նշեց նաև, որ քաղաքական դպրոցի դասախոսական կազմը դեռևս հստակեցվում է և մայիսի վերջին արդեն ամեն ինչ պարզ կլինի:
Հարցին՝ Ձեզ համար նոր աշխատատե՞ղ է ստեղծվում, Աշոտյանը պատասխանեց. «Ինձ համար աշխատատեղ ստեղծված է: Ես աշխատատեղի խնդիր չունեմ, ինչպես գիտեք, ես երգեր եմ գրում, և՛ հեռուստաշոու եմ վարում, և՛ ՀՀԿ փոխնախագահ եմ, և՛ հետաքրքիր զրուցակից ձեզ համար»:
Նշենք նաև, որ քաղաքական դպրոց ստեղծելու գաղափարի հեղինակը հենց Արմեն Աշոտյանն է: