Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Հայաստանի ներկայացուցիչը: Բորդյուժան դժվարացել է ասել, թե ով է այդ պաշտոնում փոխարինելու իրեն:
Հայաստանի ներկայացուցչին այդ պաշտոնը պետք է փոխանցվեր դեռևս նախորդ տարեվերջին, երբ ՀԱՊԿ-ի նախագահության էստաֆետն անցավ Հայաստանին: Մոսկվայում 2015թ. դեկտեմբերին կայացած` ՀԱՊԿ գագաթաժողովում, որոշվեց, որ այդ պաշտոնն այսուհետ պետք է այբբենական կարգով անդամ երկրներին փոխանցվի ռոտացիոն սկզբունքով: Եվ ելնելով դրանից՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել էր, որ հերթը Հայաստանինն է: Նույնիսկ շրջանառության մեջ էին դրվել կոնկրետ թեկնածուների անուններ. խոսվում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին: Սակայն տարօրինակ կերպով և առանց որևէ պաշտոնական բացատրության հարցը մոսկովյան գագաթաժողովում շրջանցվեց՝ փաստացի ակնհայտ դարձնելով, որ Հայաստանին փոխանցելու հարցի շուրջ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները փոխհամաձայնության չեն եկել, և որոշվել է մեկ տարով երկարաձգել Բորդյուժայի պաշտոնավարումը: Ավելի ուշ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի ներկայացուցչին կփոխանցվի 2017-ից: Եվ, ըստ էության, հենց այդ գործընթացն էլ տեղի է ունենալու հոկտեմբերին Երևանում: Նիկոլայ Բորդյուժայի տված պարզաբանումը հաստատում է, որ անդամ երկրների մակարդակով այս կապակցությամբ քաղաքական որոշումը կայացված է, և եթե ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Հայաստանի ներկայացուցիչը:
Դրանից, իհարկե, առանձնապես մեծ բան չի փոխվելու: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գործադիր պաշտոն է և կոչված է գործի դնել այն որոշումները, որոնք կընդունվեն կազմակերպության ղեկավար օղակի՝ նախագահների գագաթաժողովների կողմից, առավել ևս` հետխորհրդային տարածքում և տիպիկ խորհրդային մենթալիտետով առաջնորդվող կազմակերպության պարագայում, որտեղ հիմնական որոշումները կայացվում են Կրեմլում, լավագույն դեպքում` Մինսկի և Աստանայի հետ խորհրդակցությունների արդյունքում:
Սակայն տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան այդ պաշտոնից Հայաստանի համար ակնկալելի դիվիդենդներն են, որքան պարիտետ պահելու և գործընկեր պետությունների միջև իրավահավասարության սկզբունքի կիրառումը, որոնք պարզապես պահանջում էին հավատարիմ մնալ կազմակերպության կանոնադրությանը, հարգել Հայաստանի՝ իբրև կազմակերպության իրավահավասար գործընկեր պետության, արժանապատվությունն ու իրավունքը և այդ պաշտոնը, անկախ հանգամանքներից, էթստաֆետային եղանակով հանձնել նրան:
Պետք է ենթադրել, որ այս գործընթացի` մեկ տարով ուշացումը պայմանավորված էր ՀԱՊԿ նախորդ գագաթաժողովի անցկացման շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա գրեթե պատերազմական իրավիճակով: Անդամ մյուս երկրների ղեկավարները պարզապես չցանկացան, միաժամանակ և\' ՀԱՊԿ-ի նախագահությունը, և\' գլխավոր քարտուղարի պաշտոնը Երևանին հանձնելով, նրան հնարավորություն տալ կազմակերպության ռեսուրսները և իրենց օգտագործելու Ադրբեջանի դեմ: Դրանով նրանք սոլիդարություն դրսևորեցին առաջին հերթին Բաքվի հանդեպ՝ ապացուցելով, որ նրա հետ հարաբերություններն ավելի առաջնային են համարում, քան կազմակերպությունում, ըստ էության, բորբոքված «կույր աղիքի» դեր կատարող Հայաստանի արժանապատվության հարգումն ու նրա առջև իրենց պարտավորությունները:
Ադրբեջանի հետ պատերազմը, իհարկե, չի ավարտվել: Բայց այդ հարցն այլևս ՀԱՊԿ անդամ մյուս երկրների համար սկզբունքային չէ երկու պատճառով: Առաջին՝ 2017թ. Հայաստանը կթողնի ՀԱՊԿ-ի նախագահությունը, և նոր գլխավոր քարտուղարը, այսպես, թե այնպես, կգործի Բելառուսի նախագահության ներքո: Այսինքն` երկու ղեկավար օղակները չեն լինի Հայաստանի «տրամադրության» տակ:
Երկրորդը, որը շատ ավելի կարևոր է, պայմանավորված է ԼՂ կարգավորման հարցում Ռուսաստանի վերջին շրջանի ակտիվ միջնորդական գործունեությամբ և, փաստացի, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հարաբերական խաղաղության ապահովման երաշխավորի դերը ստանձնելու հանգամանքով: Բելառուսն ու Ղազախստանը, թերևս, վստահ են, որ Մոսկվան թույլ չի տա իրավիճակի նոր սրացում՝ իրենց ազատելով Հայաստանին, բայց առավելապես դաշնակցային սկզբունքներին «դավաճանելու»՝ ՀԱՊԿ-ի քաղաքական կշիռը զրոյացնող հեռանկարից: Առավել ևս, երբ Մոսկվան ոչ միայն այդ երաշխավորի դերն է ստանձնում, այլև փորձում է կողմերին այնպիսի կարգավորման մղել, որը, դատելով Բաքվի ռեակցիայից, կարծես ձեռնտու է Ադրբեջանին:
Այս իմաստով այդ պաշտոնի ստանձնումը Հայաստանին դնում է հակասական վիճակի մեջ: Մի կողմից` Հայաստանը, հատկապես ապրիլյան պատերազմի և նոր պատերազմի դեռևս իրատեսական հեռանկարի ֆոնին, ի դեմս նոր գլխավոր քարտուղարի, ստիպված է լինելու իր իսկ բերանով ընդունել և բնական համարել, որ ԼՂ-ն դուրս է ՀԱՊԿ-ի պաշտպանության գոտուց, և նորմալ է, որ անգամ Հայաստանի տարածքի հանդեպ ադրբեջանական զինուժի ռազմական գործողություններին ՀԱՊԿ-ը չպետք է արձագանքի: Իսկապես հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս է կազմակերպության այսպիսի կուրսի պայմաններում իրեն դրևորելու նոր գլխավոր քարտուղարը: Մյուս կողմից՝ այդ պաշտոնի էստաֆետի ընդունումը նշանակում է, որ Երևանը ՀԱՊԿ-ի ղեկավարման լծակներն օպերատիվ օգտագործելու ևս մեկ տարի է ունենալու և կարող է 2017թ. օգտագործել, ի վերջո, իր նկատմամբ այդ կազմակերպության և դրա առանձին անդամների վերաբերմունքը փոխելու, ՀԱՊԿ-ի ռազմական, ռազմաքաղաքական ռեսուրսներից առավելագույնս օգտվելու համար: 2016 թվականը Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ն նախագահող երկիր, այդ առումով օգտագործեց, մեղմ ասած, ոչ այնքան արդյունավետ: Չպետք է այնպես անել, որ նույնը տեղի ունենա նաև 2017-ին:
Գևորգ Դարբինյան