կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-05 19:50
Հասարակություն

Սեպտեմբերի 1-30-ը` անվտանգ երթեւեկության միամսյակ

Սեպտեմբերի 1-30-ը` անվտանգ երթեւեկության միամսյակ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, ինչպես նաև  առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 23 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել հսկողությունը:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 19 արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ավտոկայանատեղերում  ավտոմեքենաների կայանմանը խոչընդոտող պարագաների տեղադրման, ինչպես նաև մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ:  Զեկուցվել է նաև, որ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտարարված  անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակում շարունակվում է  հանրակրթական ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում սահմանված ուժեղացված հերթապահությունը:

Աշխատանքային   խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ  սահմանված ժամանակացույցով   շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Շարունակվում են նաև «Վերնիսաժի» տարածքի  վերակառուցման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքները:  Շինարարական ծրագրերի մասով հանձնարարվել է շարունակել հսկողությունն իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է  իրավախախտման 6  դեպք: Հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը:
Մայրաքաղաքում շարունակվում են  փողոցների ճաքալցման, փոսանորոգման, վնասված սալիկների փոխարինման տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը   շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու նկատմամբ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 3 արձանագրություն: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ  55  վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է խստացնել վարչարարությունը մասնավորապես երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային  օրերին:
Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման և մասնավոր տարածքներում ավարտվել են ծառերի և թփերի  բուժման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են  կանաչ տարածքների խնամքի,   այգիների մաքրման աշխատանքները, ինչպես նաև չոր և անկման վտանգ ներկայացնող   ծառատեսակների էտը:  Զուգահեռ ապահովվում է նաև կանաչ տարածքների երկհերթ ոռոգումը: