Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարարության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց մի որոշում, որի ընդունումը պայմանավորված է պետական մարմինների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական առցանց հարթակի ստեղծման անհրաժեշտությամբ:
Ներկայումս տարբեր պետական մարմինների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի մասին հասարակությունը հաճախ տեղակացված չի լինում և հնարավորություն չի ունենում մասնակցելու դրանց քննարկմանը, որովհետև մատչելի գործիք չկա իրազեկման համար, թեև պետական մարմինները տեղադրում են իրենց պաշտոնական կայքերում այդ իրավական ակտերը: Սուրեն Քրմոյանի խոսքով` առցանց միասնական հարթակի ստեղծումը հնարավորություն կտա մեկ հարթակի տակ հավաքելու տարբեր պետական մարմինների կողմից ստեղծվող նորմատիվ իրավական ակտերը, որոնց քննարկմանը և ընդունման ընթացքին մասնակից կարող են դառնալ քաղաքացիներն ու քաղաքացիական հասարակության սուբյեկտները: Դա կնպաստի պետական կառավարման թափանցիկությանը:
Առարկություն ուներ ԿԲ-ն, որի ներկայացուցիչը պնդեց, որ ԿԲ-ն թափանցիկ գործելաոճ արդեն ունի, և այդ որոշումը չպետք է տարածվի ԿԲ-ի վրա, քանի որ ԿԲ-ն իր կայքով իրազեկում իրականացնում է:
Հովիկ Աբրահամյանը խնդրեց հստակեցնել, թե ինչո՞ւ է ԿԲ-ն առարկում: Սուրեն Քրմոյանը պարզաբանեց, որ հարցը քննարկվել է ԿԲ-ի հետ, և ներկայացվող որոշումը վերաբերում է այն բոլոր պետական մարմիններին, որոնք մշակում են նորմատիվ իրավական ակտեր:
«Կարծում ենք, որ խոսքը չի վերաբերում ԿԲ որոշումներին, բայց վերաբերում է բացառապես օրենքներին, որոնք պետք է տեղադրվեն այդ առցանց հարթակում: Եթե ԿԲ-ն օրենք կմշակի, դա նույնպես պետք է տեղադրվի այդ կայքում, տարբերություն չկա քաղաքացու համար` այդ օրենքը ԿԲ-ն՞ է մշակում, թե՞ որևէ այլ նախարարություն»,- ասաց Քրմոյանը:
Հովիկ Աբրահամյանը ԿԲ ներկայացուցչից հարցրեց, թե ի՞նչ խնդիր կա: Նա կրկնեց, որ ԿԲ-ն իր կայքում տեղադրում է ամեն ինչ, և իմաստ չկա այդ ամենը տեղադրել մեկ այլ կայքում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ԿԲ-ն էլ է հաճախ օրենքներ մշակում և ներկայացնում կառավարություն, և մեկ միասնական հարթակ է առաջարկվում բոլոր մշակվող օրենքների համար, որպեսզի քաղաքացին բոլոր պետական մարմինների կայքերով չանցնի, այլ մտնի մեկ կայք և ծանոթանա բոլոր մշակվող օրենքներին, դա վերաբերում է բոլոր պետական կառավարման մարմիններին, դա միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններից մեկն է:
Արծվիկ Մինասյանն էլ հարց ուներ` արդյո՞ք որոշման ընդունումը ենթադրում է, որ գերատեսչություններն ու նախարարությունները իրենց կայքէջերում չեն տեղադրի մշակվող օրենքների մասին տեղեկատվությունը: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դրանք կարող են տեղադրվել թե\' գերատեսչությունների կայքերում, թե\' այդ միասնական կայքէջում:
Հարցը դարձավ բանավեճի առարկա, որոշվեց դրան մեկ անգամ ևս անդրադառնալ, երբ ԿԲ նախագահը վերադառնա Արցախից, և նոր միայն վարչապետը կստորագրի այդ որոշման տակ: