կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 11:30
Առանց Կատեգորիա

Դեռ ինչքան պետք է տանել Ադրբեջանի քմահաճույքը

Դեռ ինչքան պետք է տանել Ադրբեջանի քմահաճույքը

Ադրբեջանի զինուժի կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացումից  արդեն անցել է 5 օր: Այդ ընթացքում միակ պաշտոնական տեղեկատվությունը, որը ստացվում է հայկական երկու պետությունների զինված ուժերից, այն է, որ դեռևս չի հաջողվում մոտենալ ուղղաթիռի բեկորներին: Արդեն 5 օր է` ոչ ոք չգիտի, ինչ վիճակում են երեք հայ օդաչուները, և դեռ պարզ չէ, թե ինչքան պետք է դրան սպասել: Եվ այս ամենը` ԼՂՀ պաշտպանության նախարարի այն հայտարարության ֆոնին, թե պատասխանը չի ուշանալու, լինելու է ուժգին և հակառակորդի համար չափազանց ցավոտ:

 

Դժվար է ենթադրել, որ, «ցավոտ պատասխան» ասելով, Մովսես Հակոբյանը նկատի է ունեցել հայ օդաչուների ճակատագրի անորոշության և ուղղաթիռի անկման վայրին մոտենալ չկարողանալու հարցը շփման գծում հերթական դիտարկումն անելու նպատակով տարածաշրջան այցելած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկելը: Եթե այդպես է, ապա պետք է համարել, որ «ամենահուժկու» հարվածը հասցրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, քանի որ, Ադրբեջանից իր բողոքը հայտնելուց բացի, նա նաև ուղաթիռին մոտենալ չթողնելու` վերջինիս պահվածքը որակել է «ստոր» արարք:

 

Հայկական կողմի ներկայիս սպասողականությունն ու պասիվությունն արդեն նյարդայնացնող է դառնում հասարակության համար: Ի սկզբանե ենթադրելի էր, որ նախապատվությունը տրվելու օդաչուներին վերադարձնելու, հնարավորության դեպքում նաև ուղղաթիռի ոչնչացման հանգամանքների բացահայտման ուղղությամբ հետաքննություն անցկացնելու հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելուն: Բայց այս ուղղությամբ միակ շոշափելի քայլը եղել է Ստեփանակերտի և Երևանի կողմից Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը դիմելը, ինչպես նաև հարցը Կասպրշիկի հետ քննարկելը: Կարմիր խաչը, սակայն, ոչնչի հասնել չի կարողացել: Իսկ Կասպրշիկը դեռ նոր է ինչ-որ բան փորձելու, և հաջողության հասնելու որևէ երաշխիք գործնականում չկա: Միջազգային հանրությունն, իր հերթին, շարունակելով երկակի ստանդարտների քաղաքականությունը, թեկուզ իրավիճակի լարվածությունը թոթափելու նկատառումներով, այդպես էլ որևէ քայլ չարեց Բաքվի վրա ճնշում գործադրելու և հայկական կողմին ոչնչացված ուղղաթիռին մոտ թողնելու հնարավորություն տալ պարտադրելու ուղղությամբ: Հայկական կողմն ինքը, ըստ էության, նման հստակ պահանջ միջազգային որևէ կազմակերպության չի ներկայացրել, անգամ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` բավարարվելով կատարվածի վերաբերյալ համանախագահողների հերթապահ հայտարարությունները լսելով: Այլ կերպ ասած` 5 օր շարունակ դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել չի հաջողվում, եւ որքան էլ ցավալի է, դա տեղի է ունենում մի կողմից` հայ օդաչուների հարազատների համբերության կամ հոգեվիճակի հաշվին, իսկ մյուս կողմից` երկու հայկական պետությունների հեղինակության:

 

Բանն այն է, որ նման դեպքերում խնդիրը դուրս է գալիս զուտ հումանիզմի դաշտից ու վերածվում պետական արժանապատվության հարցի` կարո՞ղ է արդյոք պետությունը ապահովել իր քաղաքացիների, իր զինվորների կյանքի և առողջության պահպանումը, իսկ զոհվելու դեպքում գոնե նրանց մարմինները վերադարձնելու, արժանավայել հողին հանձնելու` տարրական թվացող խնդրի լուծումը: Եվ եթե դիվանագիտությունը նման հարցերում դառնում է անզոր, ապա որևէ այլընտրանք չի մնում, քան այդ արժանապատվությունն ուժի գործադրման միջոցով պաշտպանելը և հարգել տալը: Մանավանդ, որ սպառնալիքն արդեն հնչեցվել է և հնչեցվել է չափազանց կոշտ շեշտադրումներով:

 

Պետք է ենթադրել, որ ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների խոստացած` ռազմական պատասխան գործողությունն ուշանում է տակտիկական նկատառումներով: Առաջին հերթին խոսքը վերաբերում է օդաչուների վիճակի հետ կապված հարցը հստակեցնելուն` նրանց կամ նրանց մարմինները վերադարձնելու գործընթացի համար լրացուցիչ խոչընդոտներ չստեղծելու հրամայականով, ինչը ցանկացած դեպքում այս պահին ամենագլխավորն է: Երկրորդ` շարունակ կրակահերթի տակ պահելով ուղղաթիռի անկման վայրը և թույլ չտալով մոտենալ դրան`Ադրբեջանը նախևառաջ փորձում է խոչընդոտել իր սադրիչ գործողության հետքերով հետաքննության անցկացմանը:

 

Մյուս կողմից` նման պահվածքն ինքնին հայկական կողմին սադրելու կոնկրետ գործելաոճ է: Բաքվում լավ են հասկանում, որ որքան օդաչուներին վերադարձնելու հնարավորությունից զրկում են հայկական կողմին, այնքան վերջինիս մոտ մեծացնում են ռազմական, դիվերսիոն գործողությամբ այդ խնդիրը լուծելու ցանկությունը` թեկուզ հենց ազգային արժանապատվությունից ելնելով: Եթե այդպես է, ապա չի բացառվում, որ ադրբեջանական զինուժը հենց այդ ուղղության վրա կենտրոնացրած լինի իր կոնտինգենտը` հայկական կողմին ծուղակը գցելու միտումով: Այդ ուղղությամբ հայկական կողմի հարձակումը կարող է հանգեցնել ոչ կարճատև ճակատային բախումների, ինչը Ադրբեջանը կփորձի մատուցել որպես հայկական կողմից իր նկատմամբ իրականացվող ռազմական ագրեսիա և պատերազմը վերսկսելու ակնհայտ դրսևորում: Բայց այստեղ խնդիրը ոչ թե զուտ հնարավոր մեղադրանքն է, ինչին արդեն վարժվել ենք, այլ այն, որ հենց այդ օպերացիան Ադրբեջանը կարող է պատճառ դարձնել պատերազմական լայնամասշտաբ գործողությունների անցնելու համար: Եվ չի բացառվում, որ հայկական կողմի դանդաղկոտությունը պայմանավորված է հենց նման հեռանկարից խուսափելու հետ:

 

Բայց որքան էլ հասկանալի լինեն մոտիվները, այնուամենայնիվ, նման մոտեցումն արդեն ինչ-որ իմաստով պարտվողականության կամ անհամարձակության նշան է դառնում, որը շահագործվում է թե' միջազգային հանրության և թե' Ադրբեջանի կողմից: Միջազգային հանրության պարագայում հայկական կողմն է ընկալվում որպես թույլ կողմ և պատերազմից, իրավիճակը սրելուց խուսափելու պարտադրանքն ուղղվում է ոչ թե Ադրբեջանին, այլ հենց Հայաստանին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հայկական կողմի խուսափողականությունը Բաքվին առնվազն կարող է անպատժելիության զգացում և համոզվածություն ներշնչել, ինչը ուղղակիորեն հղի է պատերազմի վերսկսմամբ, որովհետև չի բացառվում, որ նա արդեն հայկական ուղղաթիռներ կործանի ոչ թե շփման գծի անմիջական հարևանությամբ, այլ հենց Ստեփանակերտի գլխավերևում: Հետևաբար, ճիշտ կլիներ մտածել` արդյո՞ք կարիք կա ամեն ինչ հասցնել դրան:

 

Գևորգ Դարբինյան