կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-06 11:52
Քաղաքական

Սեյրան Օհանյանը կառավարության նիստում զեկուցեց իրավիճակի մասին

Սեյրան Օհանյանը կառավարության նիստում զեկուցեց իրավիճակի մասին

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին:

«Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994թ. զինադադարից հետո, այլև արցախյան առաջին պատերազմից սկսած` հաշվի առնելով մի քանի հանգամանքներ, առաջին հերթին նկատի ունենալով ռազմական տեսանկյունը` շփման գծի ողջ երկայնքով կիրառվող խտությունը, կիրառվող ռազմական տեխնիկայի տեսակները, որոնց մասին պարբերաբար իրազեկվել է հանրությանը, ներգրավված ուժերի և միջոցների քանակը, նրանց շարունակական ծավալումը առաջնագծում, ժամանակային համեմատության մեջ կորուստների մեծ քանակը, ընդ որում` Ադրբեջանի կորուստների քանակը, համեմատած ՊԲ կորուստների հետ, բազմակի էին, կարելի է ասել շուրջ տասն անգամից ավելի, հակամարտող ուժերի պատրաստության աստիճանը՝ հրադադարից ի վեր, որովհետև բավական աշխատանք է տարվել զինված ուժերում բարեփոխումների և մարտունակության բարձրացման ուղղությամբ, վարձկանների, ահաբեկիչների առկայությունը Ադրբեջանի զինված ուժերի կազմում:

Աննախադեպ էր նաև, իրավական տեսնակյունից, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ակնհայտ բնույթը, որովհետև եթե նույնիսկ նրանք ասում են, որ պատասխանել են մեր գործողություններին, ապա այդ լայնամասշտաբ գործողությունները թույլ են տալիս ասել, որ դրանք նախօրոք կազմակերպված էին և ոչ համաչափ գործողություններ էին:

Պարո'ն վարչապետ, հասարակական տեսանկյունից ակնհայտ էր հասարակական համախմբումը և կամավորական շարժման պատրաստակամությունը, որը կարելի է ասել վերածնունդ էր` մեր հասարակության մեջ տիրող բարձր բարոյահոգեբանական մթնոլորտը, նաև այն հերոսությունները, որը ցուցադրել են ՊԲ զինծառայողները և կամավորական շարժման ներկայացուցիչները, Արցախյան ազատամարտի վետերանները, որոնք մեկնել էին Արցախ` պաշտպանելու հայրենիքը: Եվ այդ հերոսությունների արդյունքում Ադրբեջանը ոչնչի չի հասել, անգամ` ռազմավարական առումով:

Տեղեկատվական դաշտում ներկայացված այն տեղեկությունները, թե մի քանի բնակավայրներ նրանց մոտ են` Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը, դրանք գտնվում են ԼՂ պաշտպանության խորքում: Մարտավարական առումով` հարավում, կենտրոնում և հյուսիսում ավելի լայնամասշտաբ թեժ կետերում վերահսկողությունը, նախաձեռնությունը և կրակային խոցման հնարավորությունը գտնվում են ՊԲ համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Մենք պետք է գլուխ խոնարհենք մեր զինվորների, մեր հրամանատարների և կամավորների առջև, որոնց գործողությունների շնորհիվ կարողացանք Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները ետ մղել»,- ասաց նախարարը: