Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով մեկ շաբաթ առաջ Թուրքիայում ձերբակալված հայտնի գրող, սյունակագիր Ասլը Էրդողանը բանտում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին:
Ըստ Siyasihaber3-ի՝ նա պատմել է բանտային սարսափելի պայմանների, ինչպես նաև իր դեմ սպառնալիքների մասին: Նշելով, որ առողջական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, Էրդողանը պատմել է. «Արդեն 10 տարի է՝ աղիքային խնդիրներ ունեմ: Ենթաստամոքսային գեղձս եւ մարսողական համակարգս չեն աշխատում, և արդեն 5 օր է՝ դեղերս չեն տալիս: Հատուկ սննդակարգ պետք է ունենամ, սակայն միայն մածուն եմ ուտում: Սենյակս չի օդափոխվում, քնում եմ մեզոտ անկողնում: Ինձ հետ վարվում են այնպես, որ դրանց հետևանքով մարմնիս վրա գոյացած հետքերը մնայուն կլինեն»:
Նա հայտարարել է, որ բանտից դուրս գալուց անմիջապես հետո ձախ ձեռքի վրա դաջվածք է անելու, ինչպես Աուշվիցում կին բանտարկյալների ձեռքին բռնի կերպով դաջվածքներ էին անում: «Դաջելու եմ 16.08.16 թիվը` այն օրը, երբ ոստիկանները ներխուժեցին իմ տուն»,- ասել է լրագրողը:
Հիշեցնենք, որ Ասլը Էրդողանը ձերբակալվել է օգոստոսի 18-ին՝ «Ազատ օրակարգ» (Özgür Gündem) թերթի փակումից 2 օր անց: Լրագրողի փաստաբանը հայտարարել էր, որ լրագրողն ունի առողջական լուրջ խնդիրներ, և բանտային պայմանները կարող են մահացու լինել նրա համար: