Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ինչպես նաև մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին Ռիոյում կայացած օլիմպիական խաղերում իրենց ելույթների մասին:
«Մենք լավ էինք պատրաստվել: Նույն ժամային գոտում հավաք էինք անցկացրել: Ես եղել եմ մրցավար և տղաներին տեսել եմ միայն գլխավոր մարզման ժամանակ, իսկ մարզումներն անցկացվում էին մարզիչ Սոս Սարգսյանի գլխավորությամբ: Ես տեսնում էի միայն տեսագրությունները: Մերդինյանն առաջին օրը լավ ելույթ ունեցավ: Դաստակի հետ կապված խնդիր ուներ, ինչի պատճառով բարդ վարժություն չկատարեց: Նա ավելի լավ կասի, թե ինչն իրեն խանգարեց ավելի բարձր տեղ գրավելու համար: Դավթյան Արթուրն առաջին ցատկը լավ կատարեց: Երկրորդ ցատկի ժամանակ ընկավ և 11-րդ տեղը գրավեց»,- ասաց Սերոբյանը:
Մարզիչը նշեց, որ մեդալ չնվաճելու համար ինքն արդարացումներ չի փնտրում: «Ինչ-որ մի բան սխալ արեցինք: Ուրեմն պետք է գտնենք, թե ինչն ենք սխալ արել և ինչն ենք բաց թողել: Մենք չենք արդարանում և չենք էլ ման գալիս արդարանալու պատճառներ: Ես լարվածությունից գիշերները չեմ քնել: Մենք չէինք գնացել` ուղղակի մասնակցելու համար: Հույս ունեինք գոնե բրոնզե մեդալի: Եթե ինչ-որ մեկն ունի մեղավորություն, ապա դա ես եմ, քանի որ գլխավոր մարզիչն եմ»,- ասաց Սերոբյանը:
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նշեց, որ իրեն խանգարեցին ոչ այնքան դաստակի ցավերը, որքան հոգնածությունը: «Լարվածությունն ու դաստակի ցավերն այդքան չէին խանգարում: Դա միշտ լինում է: Մարզումնեևրի ժանանակ ցավեր միշտ ունենում եմ: Հոգեբանորեն պատրաստ էի: Պարզապես ուժերս էին սպառվել, հոգնածություն կար, այդ պատճառով դժվարացա եզրափակիչի օրը հավաքվել և վարժությունս կատարել: Գնահատականներս բարձր էին: Ես առաջնային մտածում էի` կատարեմ վարժությունս: Պարզապես ամբողջ մարմինս չէի կարողանում կառավարել: Միայն մտածում էի` մինչև վերջ կարողանալ վարժությունս կատարել»,- ասաց մարզիկը:
Մարմնամարզիկներից մյուսը՝ Արթուր Դավթյանը, նշեց, որ իրեն խանգարեց սպորտային բախտը: «Բոլորս էլ գիտեինք, որ գոնե եզրափակիչի հնարավարություն ունենք: Իմ պարագայում պարզապես սպորտային անհաջողությունն էր պատճառը: Վնասվածքներ չունեի: Երկրորդ ցատկի ժամանակ հատակը չզգացի»,- ասաց նա: