կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 13:26
Սպորտ

Շատ գոհ եմ մեր մարզիկների ելույթներից. Հակոբ Սերոբյան

 Շատ գոհ եմ մեր մարզիկների ելույթներից. Հակոբ Սերոբյան

 Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  ամփոփեց հայ մարմնամարզիկների ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Շատ վատ տրամադրությամբ մեկնեցինք Գլազգո, քանի որ Արթուրը գլխապտույտ ուներ և  չէր մարզվել մեկ շաբաթ: Ընդհանուր առմամբ, մրցումները սպասվածից լավ ընթացան մեզ համար: Արթուր Դավթյանը շատ արագ վերականգնվեց, արդարացրեց մեր սպասելիքները: Մերդինյան Հարությունը կատարեց այն, ինչ կարողանում էր:  Հավանաբար, դրանից ոգևորվելով, Վահագն Դավթյանը ևս լավ ելույթ ունեցավ:  Վահագնը վերջում փոքր սխալ թույլ տվեց և զրկվեց մեկ միավորից: Եթե ռեալ նայենք,՝ Վահագնի համար մեծ դժվարություն էր մեդալ նվաճելը: Շատ գոհ եմ մեր մարզիկների արդյունքից: Մարմնամարզություն մարզաձևում միայն աշխարհի առաջնությունն է հնարավորություն տալիս ձեռք բերել օլիմպիական վարկանիշ, այդ պատճառով մրցակցությունը շատ մեծ է: Ռեկորդային թվով երկրներ էին մասնակցում այս տարի: Եղել են 81 կամ 82 երկիր, բայց այս անգամ 87 երկիր էր մասնակցում»,- ասաց մարզիչը:   

Խոսելով մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանի ելույթի մասին, Սերոբյանն ասաց. «99 տոկոսով Հուռի Գեբեշյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր: Աշխարհի առաջնությունում հենց առաջին փորձից զարմանալիորեն  ընկավ գերանից: Բայց դրանից հետո շատ լավ կատարեց վարժությունները և 11-րդ տեղը գրավեց: Test Event-ում աղջիկներից միայն մեկն է դուրս մնալու: Այդ պատճառով մեր շանսերը շատ մեծ են»-ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր: Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը հավաքել է 15. 500 միավոր և դարձել աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր: Իսկ Արթուր Դավթյանն ու մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնակցելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին, որտեղ աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կնվաճեն օլիմպիական ուղեգիր: