կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-03 15:12
Քաղաքական

Մենք գնահատել ենք մեր իրական հնարավորությունները. Տերտերյանը՝ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության մասին

Մենք գնահատել ենք մեր իրական հնարավորությունները. Տերտերյանը՝ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության մասին

Կառավարության նախորդ նիստի ընթացքում հաստատվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի կողմից ներկայացված` 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով զարգացման ռազմավարությանը վերաբերող գործոններին, ընդգծեց, որ ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել մեր երկրի իրական հնարավորությունները:

«Ռիսկեր ասելով՝ պետք է մի փոքր այլ բան հասկանալ: Եթե ծրագիրը չիրականանա, կամ ցանկալի արդյունքներ չլինեն, այդ դեպքում կարող են լինել ռիսկեր: Այսինքն՝ այս ծրագիրը չի կարող ավելի վտանգել եղած իրավիճակը, ծրագիրը կարող է եղած իրավիճակը շտկելու կամ չխորացնելու մեսիջներ պարունակել: Մեր նպատակն է այս ռազմավարությամբ փորձել ստեղծել ինստիտուցիոնալ հնարավորություններ, ինչ-որ մեխանիզմներ, կառուցակարգեր, որպեսզի մարզերի միջև զարգացման առումով անհամաչափությունները մեղմվեն, այդ թվում՝ Երևանի և մարզերի միջև: Նշենք, որ այս դեպքում խոսքը վերաբերում է նաև մարզերի քաղաքային և գյուղական համայնքների միջև անհամաչափություններին»,- ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ ընտրվել են թիրախներ, որոնք համահունչ են մինչև 2025 թվականի համար մշակված` ՀՀ զարգացման ռազմավարությանը:

«Մեր ցուցանիշները հիմնականում երկուսն են: Մեկն այն է, որ հայտարարում ենք՝ պիտի հասնենք նրան, որ 25 թվականի դրությամբ յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը, և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70 տոկոսից ցածր գտնվի մարզերի բնակչության ոչ ավելին, քան 30 տոկոսը: 2015 թվականին հանրապետական միջին ցուցանիշի 70 տոկոսը գերազանցում է մի քանի մարզ` Երևանը` 146 տոկոս, 83 տոկոս՝ Արագածոտնը, Կոտայքը՝ 76, Սյունիքը՝ 154 և Տավուշը՝ 71»,- նշեց նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ Սյունիքի բարձր ցուցանիշը բոլորովին չի նշանակում, որ այդ մարզի ամբողջ տարածքում ՀՆԱ-ի համաչափ բաշխում կա: «Մեր ռազմավարությունը դա էլ է հաշվի առնում: Երբ ասում ենք, որ Սյունիքում այսպիսի ցուցանիշ է, դրանով չենք բավարարվում, որովհետև մեր թիրախն են նաև Գորիսը, նաև Սիսիանը՝ իր գյուղատնտեսությամբ, Մեղրին՝ իր խնդիրներով և այլն: Մենք ուզում ենք ունենալ մի մոտեցում, երբ երկրում իրականացվող բոլոր ծրագրերը, այդ թվում` ոլորտային, բոլոր աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերը ունենան մեկ նպատակաուղղվածություն կամ դիտարկվեն մեկ դոմինանտ նպատակաուղղվածության ներքո, որպեսզի որոշակիորեն զսպեն  անհամաչափությունները և համաչափություն ապահովեն: Այսինքն՝ եթե մենք ոլորտային խնդիրներ պետք է լուծենք ինչ-որ ռեսուրսի շրջանակում, ապա պետք է փորձենք դա անել` հաշվի առնելով այն, որ, ենթադրենք, Արագածոտնի մարզում կամ ինչ-որ մի տեղ ունենք ինչ-որ ցուցանիշով ետ մնալու տենդենց»:

Տերտերյանի խոսքով՝ այս ռազմավարությունը որդեգելով, պետք է շեշտադրում արվի նաև մի շարք այլ խնդիրների վրա: «Բարձագույն, միջին մասնագիտական կրթության մարդկանց ֆորմալ զբաղվածության բարձրացմանը պետք է նպաստել: Ռազմավարության մեջ այդպիսի ցուցանիշ էլ կա: Ֆիքսված է տասը տոկոս աճ, որը խոսում է մոտ 5000 հազար ձեռնարկության, 50 հազար ֆորմալ, ոչ գյուղատնտեսական աշխատակազմի մասին: Այսինքն՝ դրանք մշտական աշխատավարձով, երկարատև պայմանագրով, հստակ ֆիքսված ոչ ստվերային աշխատատեղեր են, որը մենք պլանավորել ենք անել: Դրանք մասնագիտություններով չեն, այլ ագրեգացված ցուցանիշներ են»,- ասաց նախարարի տեղակալը՝ կոնկրետացնելով. «Մենք առաջիկա չորս-հինգ ամսում կունենանք նաև մարզերի զարգացման ծրագրեր, մարզերի զարգացման պարագայում նրանց թիրախները և ցուցանիշները տարբեր կլինեն: Եթե մենք ասում ենք տասը տոկոս, դրանք ագրեգացված ցուցանիշներն են, և տասը մարզերի պարագայում կերևա, որ մի մարզում 15 տոկոս է, մի մարզում՝ 5, և հենց այդ տարբերություններն էլ երբ գնահատենք և թիրախավորնենք, արդեն բոլոր բաները հաշվի կառնենք»:

Պայմանական օրինակներ բերելով՝ Վաչե Տրետերյանը նշեց. «Ակնհայտ է, որ, ենթադրենք, պայմանականորեն Սյունիքի հարավում մեզ մոտ թիրախը հանքարդյունաբերությունն է կամ լեռնահանքահունքային արդյունաբերությունը, ապա, ըստ երևույթին, այնտեղ բարձրագույն մասնագետների տրենդը պետք է լինեն ինժեներները, լեռանաինժեներները և այլն»:

Նա հայտնեց, որ Հանրային խորհրդում քննարկել են այս ամենը: «Առաջարկ եղավ ավելի ռադիկալ ուղենիշներ և ցուցանիշներ վերցնել, որոնց պիտի հասնենք: Մենք մեկնաբանեցինք, որ բնավ չենք համարում, որ նպատակադրել ենք իսկապես կտրուկ թռիչք, բայց ինչ մենք նպատակադրել ենք, էական առաջընթաց է: Հիմա եթե ինչ-որ պահի ռեալ կտեսնենք այդ մեծ թռիչքի հնարավորությունը կամ ավելի մեծ ցուցանիշների հասնելու հնարավորություններ, դրանք կդնենք: Մենք չենք ուզեցել հայտարարել մի բան, որի իրականացման օբյեկտիվ հիմքերը չենք տեսնում»,- ասաց Տերտերյանը:

Ի դեպ, նա նշեց նաև, որ հաշվի են առնվել նաև բազմաթիվ այլ երկրների օրինակները: «Այդ երկրներըն մենք անվանել ենք հենանիշային երկրներ` Խորվաթիան, Մակեդոնիան, Ալբանիան, Վրաստանը և այլն: Մենք վերցրել ենք երկրներ, որտեղ տնտեսական, քաղաքական մշակույթով, չափերով, որոշակի առումով լեռնային կտրատվածությամբ, Արևելյան Եվրոպայի տիրույթում գտնվելու առումով մեզ կարող էին ավելի նման լինել, քան արևմտյան այլ որակի երկրներ: Հենանիշային երկրների հետ համեմատել ենք: Իհարկե, նման` չի նշանակում լրիվ իդենտիկ, տարբերությունները մեծ են՝ կառավարման, ռեսուրսների և ամեն ինչի առումով, բայց համեմատել ենք՝ շտկումներ անելով, որովհետև այդ երկրներից շատերն ավելի մեծ տնտեսական օժանդակության շանսեր ունեն, որովհետև այլ հարթությունում են, այլ աշխարհաքաղաքական միջավայրում: Մենք գնահատել ենք մեր իրական հնարավորությունները»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ կառավարության նիստի ժամանակ, երբ նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել էր ռազմավարությունը, հատուկ ընդգծել էր, որ այն, մինչև կառավարությանը ներկայացնելը, մի քանի փուլերով քննարկվել  է նախարարության հասարակական խորհրդում, այնուհետ՝ Հանրային խորհրդում, քննարկմանը մասնակցել են ԵՄ դեսպաններ և համապատասխան ոլորտի մասնագետներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հավելել էր, որ իսկապես մեծ աշխատանք է կատարվել այդ ռազմավարության մշակման ուղղությամբ: «Կարծում եմ` ճիշտ ուղու վրա ենք, պետք է գնանք առաջ»,- ասել էր նա: