Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքական և քաղաքացիական շարժումների հիմնական տարբերությունն այն է, որ եթե քաղաքականը ենթադրում է երկարաժամկետ պլանավորում և ծրագրային իրագործում, ապա քաղաքացիական շարժումը միշտ լոկալ բնույթ ունի և ուղղված է կոնկրետ իրավիճում առաջացած կոնկրետ խնդրի լուծմանը:
Քաղաքացիական շարժման մեթոդաբանությունը կարող է դառնալ քաղաքականի իրականացման մեխանիզմ: «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավումը արդեն գրեթե 10 օր շարունակ փորձ է արվում ներկայացնել որպես քաղաքական կամ քաղաքացիական պայքարի դրսևորում: Իրականում, սակայն, այն, ինչ ձեռնարկել են խմբի անդամները, ոչ մեկի և ոչ էլ մյուսի տրամաբանության մեջ չի մտնում: Այն քաղաքացիական չէ, որովհետև նախ՝ պահանջներն են քաղաքական՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում և այսպես կոչված ազգային համաձայնության կառավարության ձևավորում, երկրորդ՝ քաղաքացիական պայքարը հենց նրանով է քաղաքացիական, որ մերժում է առաջին հերթին ավտոմատի և նռնակների կիրառությունը, այսինքն` բնույթով ռազմական մեթոդները:
Չնայած առաջադրվող քաղաքական պահանջներին, խմբի սկսածը որևէ պարագայում քաղաքական չէ, որովհետև ընդհանրապես անհասկանալի է, թե երակարաժամկետ կտրվածքով ի՞նչ քաղաքական խնդիր են ուզում լուծել և ինչպե՞ս:
ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինյալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էին, թե իրենց հրամանատարը բացառապես Ժիրայր Սեֆիլյանն է, և պատրաստ են կատարել բացառապես նրա հրամանները: Միևնույն ժամանակ նրանք պնդում էին, որ հրամանատարը տեղյակ չի եղել իրենց գործողության մասին: Դժվար է հասկանալ, սրանով նրանք Սեֆիլյանի՞ն են, որպես հրամանատար, զրոյին հավասարեցնում, թե՞ պարզապես նման անհեթեթ պատճառաբանությամբ ուզում են իրենց քայլի համար Սեֆիլյանին պատասխանատու չդարձնել: Բայց խնդիրն այստեղ Սեֆիլյանի «բանակի» ներքին կարգապահությունը չէ: Խնդիրն այն է, որ դրանով է նաև դրսևորվում այն ընդհանուր խառնաշփոթը, որ ստեղծել են զինյալները և «Հիմնադիր խորհրդարանը»:
Գրավելով ՊՊԾ զորամասը՝ խումբն իր առջև նպատակ է դրել ոտքի հանել ժողովրդին, ինչպես Պավել Մանուկյանն է ձևակերպում՝ «տեր կանգնելու իրենց հաղթանակին»: Բայց գնդից դուրս ժողովրդին ոտքի հանող, կազմակերպչական գործունեություն իրականացնող և պատասխանատվություն կրող սուբյեկտ ուղղակի չկա: Բոլոր այն անհատներին, ովքեր ձգտում էին ստանձնել Խորենացի փողոցում հավաքված զանգվածին առաջնորդելու դերը,մեղադրվեցին զինված խմբի անդամների ինքնազոհողության վրա ձեռքերը տաքացնելու, շարժման վերմակն իրենց վրա ձգելու, սեփականացնելու, անձնական ու խմբակային ամբիցիաներին ծառայեցնելու մեջ:
Առաջին օրերին, Նիկոլ Փաշինյանի գործոնը հաշվի չառած, «ամբիոնը» բացարձակապես դատարկ էր: Ով հասցնում էր, իրեն իրավունք էր վերապահում ստանձնել ոչ ֆորմալ առաջնորդի դերը: Հիմա ստեղծվել է այսպես կոչված համակարգող խորհուրդ: Բայց վերջինս ոչ թե քաղաքականացնում է գործընթացը, այլ բացառապես զբաղված է խմբի կենսապահովման հարցերով, ընդ որում՝ գրեթե անտեղյակ, թե ինչ է կատարվում խմբի և իշխանությունների միջև: Իսկ վերջիններս բանակցությունների մեջ են, որոնց բովանդակությունից Խորենացի փողոցում ոչ ոք տեղյակ չէ:
Չկա ընդհանուր, միասնական պատկերացում՝ ինչպես զարգացնել գործընթացը գնդի պատերից դուրս, որովհետև հասարակությունը, ողջախոհություն դրսևորելով, չի գնում արյունահեղության, զինված ապստամբության, ինչի օրինակը իրենց հանդուգն հարձակմամբ տվեց զինված խումբը և ինչի կոչն էր անում այդ խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Այն որ «Սասնա ծռեր»-ի անդամները, «Հիմնադիր խորհրդարանը» չէին որոշել՝ ինչպես պետք է աշխատել ժողովրդական զանգվածների հետ, ինչպես պետք է քաղաքական տեխնոլոգիաներով մեծացնել փողոց դուրս եկող քաղաքացիների շրջանակը, փաստում է այն մասին, որ կամ նրանց նպատակը գործընթացը քաղաքական հունի մեջ դնելը չէր, կամ էլ պարզապես չգիտեն՝ ինչպես դա անել:
Եթե այս ուժերն անգամ շարժման քաղաքականացման տեսլականը չունեն, այսինքն չունեին գործողությունների կարճաժամկետ ծրագիր և գործում են տարերայնորեն՝ ընդամենը իշխանության գործողությունների թելադրանով, նրանք առավել ևս չէին կարող ունենալ իրենց պատկերացրած ժողովրդավարական Հայաստանի կերտման երկարաժամկետ ծրագիր: Խոսքն այստեղ ոչ թե ցանկությունների ու ռոմանտիկ պատկերացումների մասին է, այլ դրանց իրականացման կոնկրետ պրակտիկ և ամենակարևորը՝ օրինական մեխանիզմների մասին է:
Քաղաքականության և սահմանադրականության տեսանկյունից խմբի ձեռնարկումը և ներկայացրած պահանջները ռացիոնալ տրամաբանության չեն ենթարկվում, կամ ավելի ճիշտ ենթարկվում են երկրում ռազմական դիկտատուրա հաստատելու տրամաբանության վրա, անկախ նրանից` ցանկանո՞ւմ են դա, թե՞ ոչ: Եթե խմբի անդամներն ազնիվ են երկրում սահմանադրական կարգը պահպանելու հարցում, ապա պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի կատարման դեպքում երկրի ղեկավարի գործառույթը ստանձնելու է ԱԺ նախագահը, տվյալ դեպքում՝ Գալուստ Սահակյանը: Նրա հրաժարականի դեպքում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս հրաժարականի դեպքում՝ ԱԺ նախագահի երկու տեղակալներից մեկը: Իսկ նաև նրանց հրաժարականների դեպքում երկրում պարզապես սկսվում է իսկական սահմանադրական ճգնաժամ:
Եթե վերոնշյալ ֆիգուրներից որևէ մեկը հրաժարական չի տալիս, ապա ինչպե՞ս է խումբը պատրաստվում պարտադրել նրան անցկացնել այնպիսի ընտրություններ, ինչպիսիք ակնկալում է, և ինչի արդյունքում ձևավորվելու է իրենց համար ցակալի քաղաքական մեծամասնություն, ընտրվելու է իրենց համար ընդունելի նախագահ:
Կրկին ոստիկանական գու՞նդ են գրավելու, թե՞ ավտոմատը դնելու են Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի կամ Էդուարդ Շարմազանովի ճակատին, ապա ամեն ընտրատեղամասում «Սասնա ծռեր»-ի զինված ջոկատայիններ են կանգնեցնելու, որպեսզի ստանան քվեարկության ցանկալի արդյունքը: Եթե այո, ապա սա ռազմական դիկտատուրա է: Իսկ եթե բոլորն են հրաժարական տալիս, որպես «ռեժիմի» անդամներ, ապա ո՞վ է կառավարելու երկիրը. Պավլիկ Մանուկյա՞նը, Ժիրայր Սեֆիլյա՞նը, բայց ո՞ւմ մանդատով, ո՞ւմ են նրանք ներկայացնելու. Խորենացի փողոցում հավաքվածների՞ն...
2015թ. ընդունվել է Նոր Սահմանադրություն: Վերինիս համաձայն նախագահի հրաժարականի դեպքում Հայաստանում սկսվում է խորհրդարանական կառավարման համակարգ: Այսինքն Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ԱԺ-ն է դառնում հիմնական քաղաքական որոշումներ կայացնող մարմինը: Համաձա՞յն են դրան սեֆիլյանականները: Թերևս՝ ոչ, որովհետև խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ, իսկ այնտեղ գտնվող քաղաքական ուժերին` կեղծ եւ ծախված: Ի՞նչ են մտադիր այդ դեպքում անել. ցրե՞լ խորհդրարանը, բայց ինչպե՞ս, ի՞նչ հիմքով: Գուցե ավտոմատով օղակը քաշած նռնակների սպառնալիքով հերթով պարտադրեն պատգամավորներին հրաժարակա՞ն տալ: Թե՞ նախ ավտոմատների փողերի տակ սահմանադրական նոր հանրաքվե են ացկացնելու:
Կամ՝ ենթադրենք, թե իշխանությունը համաձայնում է կատարել ազգային համաձայնության կառավարության ձևավորման պահանջը, և Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս. նախ, ինչպե՞ս է որոշվելու, թե ով կարող է լինել նոր կառավարությունում, ու ինչպե՞ս է որոշվելու,թե որոնք են այն ազգային ուժերը, որոնք նոր կառավարությունում պորտֆելներ կունենան:
Այդ ցուցակը «Սասնա ծռեր»-ի տղերքն ու Ժիրայր Սեֆիլյանն են որոշելո՞ւ: Լավ, ենթադրենք, թե դա էլ որոշեցին, ու բանից դուրս եկավ, որ, ինչ-որ մեկի թեթև ձեռքով, փաստորեն, այդ կառավարությունում չներկայացված ուժերը դարձան ապազգային: Ինչպե՞ս է այդ կառավարությունը գործունեություն ծավալելու՝ առանց խորհրդարանի քաղաքական մեծամասնության վստահության: Եթե նորաստեղծ կառավարության ծրագիրը խորհրդարանը չհաստատի, ինչպե՞ս են հեղափոխականները կանխելու երկրում քաղաքական ճգնաժամը. գուցե երկրո՞րդ անգամ են նռնակների օղակները քաշելու՝ պատգամավորներին ստիպելով սեղմել «կողմ» կոճակը:
Այս հարցերի պատասխանը ոչ ոք տալ չի ցանկանում: Ձեռնտու չէ: Որովհետև հենց սկսեն մտածել պատասխանների շուրջ, մտածողությունը, երևի կարգելակվի: Կարևորը՝ հեռացման խնդիրը լուծելն է: Թե ինչ կլինի դրանից հետո, որ «գրողի ծոցը» կգնա երկիրը, հետաքրքիր չէ:
Գևորգ Դարբինյան