Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շվեդիայում ամեն տարի 80 մարդ է ինքնասպան լինում` իրեն գնացքի տակ գցելով: Ինքնասպանությունից հետո բոլորը խոսում, գրում են ինքնասպանի մասին` մոռանալով գնացքավարներին, որոնք տարեկան մի քանի տասնյակից ավելi ինքնասպանությունների են ականատես լինում: Մասնագիտությամբ լրագրող Գունար Բերգդալը նկարահանել է ֆիլմ այն մասին, թե ինչպես են գնացքավարները վերաբերվում այն փաստին, որ իրենց աշխատանքի ժամանակ մահը միշտ ներկա է:
Գունար Բերգդալի «Երկաթգիծ» վավերագրական ֆիլմը, ի դեպ, ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Վավերագրական մրցույթ» անվանակարգում: Բերգդալը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմն ինչ-որ տեղ նաև փորձարարական է, քանի որ, սովորաբար, կինոռեժիսորները վավերագրական ֆիլմ նկարահանելիս շեշտը դնում են անձի վրա` ներկայացնելով նրան խոշոր պլանով, իսկ իր ֆիլմում կարևորը ձայնն է:
«Շվեդիայում ինքնասպանությունների թիվը 5 անգամ ավելի է, քան այլ երկրներում, բայց տեղի իշխանությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում` կանխարգելելու համար դրանք: Ես իմ ֆիլմով ուզում էի բողոքի ձայն նաև բարձրացնել, խնդիրն ուշադրության կենտրոնում պահել: Այդ մասին ֆիլմ նկարելու գաղափարն եկավ այն ժամանակ, երբ մի անգամ գնացքով ինչ-որ տեղ էի գնում և ես միակ ուղևորն էի գնացքի: Գնացքավարն ինձ ասաց, որ գնամ` իր կողքին նստեմ, և մենք զրուցեցինք ամբողջ ճանապարհին: Բնության գեղեցիկ պատկերներն արագ սլանում էին մեր կողքով, և այդ պատկերը տպավորվել է իմ մեջ: Սակայն ես ուզում էի այդ գեղեցիկ տեսարանին հակադրել մի մութ բան, որն էլ ինքնասպանությունը եղավ»,- ասաց կինոռեժիսորը:
Նա նշեց նաև, որ հետաքրքիր է այն հանգամանքը, որ թվում է` գնացքավարն արագության պատճառով տարածության մեջ ոչինչ չի նկատում, և նրանց համար պատկերները լղոզված են, սակայն նրանք նկատում են ինքնասպան լինողների աչքերը և լսում ձայները: «Իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ չեն դիմանում պայմաններին, և ինքնասպանությունը դառնում է ելք նրանց համար: Բայց ես կարծում եմ, որ ինքնասպանությունը հասարակության պարտությունն է: Բացի այդ` 1980-ականներին մոտ ընկերներիցս մեկը վերջ է տվեց իր կյանքին. նա ուներ ընտանիք, ընկերներ, կայուն կյանք, և մինչև հիմա ես ինձ հարց եմ տալիս` ինչո՞ւ նա գնաց այդ քայլին: Ես ուզում էի մի շարք հարցերի պատասխաններ ստանալ, դրա համար էլ ֆիլմ նկարահանեցի»,- ասաց ռեժիսորը:
Ի դեպ, շվեդական գլխավոր հեռուստաընկերությունը հրաժարվել է ցուցադրել Բերգդալի ֆիլմը` չնշելով պատճառներ: