Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատության հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատուն: «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը սկսել են քանդել, և երթի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում` նամակով դիմելով Արգենտինայի Հանրապետության գլխավոր դատախազ Ֆեդերիկո Դելգադոյին, որպեսզի օգնի խնդրին լուծում տալ և սաստել իր քաղաքացուն` Էդուարդո Էռնեկյանին: Երթի մասնակիցները պարզել էին «Էռնեկյան` հանցագործ», «STOP Էռնեկյան» պաստառները:
Ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 15 տարի է, ինչ «Զվարթնոց»-ի շենքը տվել են արգենտինահայ մեծահարուստ, «Զվարթնոց» օդանավակայանի կոնսեցիոներ Էդուարդո Էռնեկյանին` օդանավակայանի և ավիացիայի արդիականացման և ժամանակակից կառավարում ապահովելու համար: Սակայն օդանավակայանը, ըստ նրաի, 10 տարի է`լքված է և տրված թալանի:
«Օդանավակայանի ներքին սարքավորումներից ոչ մի բան չի մնացել: Բացի այդ` ավիացիան իսպառ բացակայում է, ավիացիոն դպրոցը քանդվել է, մեր օդաչուները Հայաստանից դուրս են աշխատում և վերապատրաստվում: Հիմա էլ օդանավակայանի թալանի երկրորդ փուլն է սկսվել` այն սկսել են ամբողջովին քանդել: Մենք բազմաթիվ ելույթներ ենք ունեցել, դիմել կառավարությանը, որ «Զվարթնոցը» միջազգային նշանակության կառույց է, բայց ոչ մի արձագանք չկա, և մի օր էլ տեղեկանում ենք, որ այն արդեն քանդվում է»,- ասաց Անահիտ Թարխանյանը:
Ճարտարապետը նշեց նաև, որ մինչ այսօր Էռնեկյանը որևէ կերպ չի արձագանքել հայ ճարտարապետների բողոքին: Օդանավակայանի շենքը քանդելը ճարտարապետներն ինքնանպատակ քայլ են որակում և կարծում են, որ, խնդրի հետ կապված, պետք է քննություն սկսվի: ««Զվարթնոցի» խնդիրը երկու արմատ ունի` մեկը` Հայաստանում, մյուսը` Արգենտինայում: Հիմա մենք դիմում ենք Արգենտինայի դատախազին, որ նա քննություն սկսի և պարզեն` ինչո՞ւ են քանդում շենքը»,- ասաց Թարխանյանը:
«Պայքարեք, թե չէ` վաղը քանդելու են ձեր տները»,- ասում էին երթի ղեկավարները: