կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 13:30
Հասարակություն

Սիգի պաշարներն ավելացել են

Սիգի պաշարներն ավելացել են

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Սևանա լճում սիգ ձկնատեսակի պաշարները մի փոքր ավելացել են, բայց դա ամենևին էլ չի խոսում ամբողջական վերականգնման մասին:

«Այս տարի էլ շարունակվում է մանրաձկան, մատղաշ սերնդի որսը: Շատ կարևոր է պահպանել ձկնատեսակի մայրական կազմը աշնանը և մանրաձուկը: Լճում իշխանի պոպուլյացիա կա, բայց չի գնում լրիվ վերարտադրություն»,- ասաց նա:

Անդրադառնալով իշխանին`Գաբրիելյանը  նշեց` գետակները, որոնք իշխանի ձվադրավայր են, պետք է ուշադրության արժանանան ավելի շատ: «ՀԷԿ-եր են կառուցված և ոչ միայն` հուներն են փոխում, տեղի ժողովուրդը աղբ է լցնում և այլն»,- ասաց նա:

«Ինչ վերաբերում է էնդեմիկ  կողակին և բեղլուին, ապա դրանց վերարտադրության հարցն ավելի լուրջ է, քան իշխանինը կամ սիգինը: Սրան հակառակ` մենք հորդորում ենք որքան հնարավոր է շատ կարաս որսալ: Պատճառն այն է, որ այս ձկնատեսակը Սևանա լճի համար համարվում է ոչ ցանկալի` կարասը խանգարում է կողակի և բեղլուի բազմացմանը՝ գրավելով դրանց արուներին»,- ասաց մասնագետը:

Խոսելով Սևանում և մյուս ջրային ավազաններում առկա խեցգետնի պաշարների մասին` Գաբրիելյանը նշեց, որ  կոնկրետ Սևանա լճում խեցգետնի պաշաները կայուն են՝ որոշակի աճի միտումով: Նրա խոսքով` մոտավոր գնահատականներով՝ արդյունագործական չափի խեցգետնի քանակը մոտ է 2 հազար տոննային: