կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-24 21:56
Առանց Կատեգորիա

Եվրամիությունը՝ տրոհման վտանգի առջև

Եվրամիությունը՝ տրոհման վտանգի առջև

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքներով` Եվրոպական Միության կազմից դուրս գալուն կողմ է քվեարկել ընտրողների 51.8%-ը: Մեծ Բրիտանիան դուրս է գալիս եվրոպական ընտանիքից՝ նախանշելով վերջինիս համար բացարձակապես նոր իրականության, և չի բացառվում՝ ցնցումներով առլեցուն դարաշրջանի սկիզբը:

Ցնցված է Եվրոպան, ցնցված է աշխարհը: Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն, արդեն արձագանքել են: ԵՄ անդամ երկրների խորհրդարանները, կառավարությունները, Եվրախորհրդարանը արտակարգ խորհրդակցություններ ու նիստեր են հրավիրում՝ քննության առնելու բրիտանական հանրաքվեի քաղաքական, տնտեսական ազդեցությունը, հետևանքները` ինչպես առանձին վերցրած իրենց, այնպես էլ` գլոբալ իմաստով ԵՄ-ի ներկայի և, ինչ խոսք, նաև ապագայի վրա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով հանդես էր գալիս ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մնալու դիրքերից, արդեն հայտարարել է իր հրաժարականի մասին` չնայած նրան ուղղված՝ ԵՄ-ից դուրս գալուն կողմնակից «Brexit»-ի խնդրանքին, որ, անկախ հանրաքվեի արդյունքներից, շարունակի պաշտոնավարել:

Բրիտանացիների այս որոշումը, առանց չափազանցության, կարող է ճակատագրական լինել ինչպես հենց Միացյալ Թագավորության, այնպես էլ Եվրոպական Միության համար: Թագավորության մեջ գտնվող Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ իրենք երկրի ապագան կապում են ԵՄ-ի հետ, և որ հանրաքվեի ժամանակ շոտլանդացիները հստակ արտահայտել են իրենց այդ դիրքորոշումը: Սա նշանակում է, որ հանրաքվեի արդյունքները կարող են առիթ հանդիսանալ, որպեսզի այդ երկրում կրկին օրակարգային դառնա Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու նպատակով նոր հանրաքվե անցկացնելու հարցը: Հայտնի է, որ նման տրամադրություններ են նաև թագավորության կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ դեռևս հանրաքվեից առաջ էին կարծիքներ հնչում, թե «Brexit»-ի հաղթանակի դեպքում Հս. Իռլանդիան կարող է դնել թագավորությունից դուրս գալու և Իռլանդիային միանալու հարցը: Թե դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ Անգլիայի համար, որը 2014թ. ահռելի ջանքեր գործադրեց՝ կանխելու համար հանրաքվեի միջոցով Շոտլանդիայի առանձնացումը, թերևս չարժե անգամ մեկնաբանել:

Բրիտանական հանրաքվեի արդյունքները արդիականացնում են ԵՄ-ի գոյության նպատակահարմարության հարցը: Այն տրամադրությունները, որոնք Անգլիայում հանգեցրեցին նման արդյունքների, ակնհայտորեն գերիշխում են գրեթե ամբողջ Եվրոպայի կամ գոնե ԵՄ-ի կորիզը հանդիսացող արևմտաեվրոպական երկրների հասարակություններում: Եթե այս պահին նման հանրաքվե անցկացվեր նաև անդամ մյուս 27 երկրներում, հավանական է, որ դրանց մեծ մասում կքվեարկեին ԵՄ-ից դուրս գալու օգտին: Նիդերլանդներում արդեն քաղաքական որոշ ուժեր պնդում են, որ անհրաժեշտ է նույն հարցով հանրաքվե անցկացնել նաև իրենց մոտ: Այս իմաստով ԵՄ անդամ երկրները կանգնում են չափազանց ծանր և անկանխատեսելի հետևանքներով հղի երկընտրանքի առջև՝ արդյո՞ք, հիմք ընդունելով «Brexit»-ի արդյունքները, անհրաժեշտ է պարզել եվրոպական հասարակության իրական տրամադրվածությունը ԵՄ-ի հարցում, թե՞ ձև անել, որ դա բացառապես մեծ Բրիտանիայի ներքին գործն է և բրիտանացիների սուվերեն որոշումը: Չի բացառվում, եթե ազգային կառավարությունները և Եվրախորհրդարանը նախընտրեն երկրորդ տարբերակը, բախվեն հասարակական կարծիքի հետ, և սկսվի ԵՄ-ի ներքին տևական, ծանրագույն ճգնաժամ, որը կարող է 1951թ. սկզբնավորված այս խոշորագույն և համաշխարհային քաղաքականության ու տնտեսության կենտրոններից մեկը դարձած կազմակերպության քայքայման, վախճանի նախերգանքը դառնալ: Եթե Եվրոպան չի ցանկանում նման ապագա, ապա ստիպված է լինելու գնալ հսկայական ռեֆորմների, նոր տրանսֆորմացիաների, ներքին ու արտաքին քաղաքականության կտրուկ, գուցե` նաև ցավագին փոփոխությունների, որոնց արդյունքում ի հայտ կգա թե' ձևաչափով և թե' որակապես բացարձակապես նոր ԵՄ և նոր Եվրոպա:

Ի՞նչը, սակայն, Մեծ Բրիտանիայում հանգեցրեց այսպիսի, թվում է՝ անսպասելի արդյունքի: Ի՞նչ գործոններ նպաստեցին դրան:

Հանրաքվեն, ըստ էության, մի կողմից Մեծ Բրիտանիայում և, ընդհանուր առմամբ, Եվրոպայում պահպանողականության, ազգային պետականության արժեհամակարգի և գաղափարաբանության հաղթանակն էր, գլոբալացման, հնարավորինս լայն և հնարավորինս արհեստական ինտեգրումների քաղաքականության պարտությունը: Այն հաստատեց, որ եվրոպացիները հակված չեն այլևս իրենց անհատական, ազգային, պետական ու հասարակական զարգացումը կապել ԵՄ-ի հետ, քանի որ դրանում ներդրված և գործող կանոնները, իրավունքների համակարգն այլևս ի զորու չէ երաշխավորել եվրոպացիների անվտանգությունը թե' պետական ու ազգային, թե' անհատական, մշակութային ու քաղաքակրթական մակարդակներում: Ծայրահեղականության վրա հիմնված ահաբեկչության ներթափանցումը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կանոնակարգումները շահագործող` փախստականների ներմուծած նոր հարաբերությունները, որոնք քարուքանդ են անում ներհասարակական բարքերը, միջին վիճակագրական եվրոպացուն ներշնչում սեփական երկրում, եվրոպական ընտանիքում անպաշտպանվածության, վախի զգացում, ուղղակի ավերում են վստահությունը ԵՄ-ի նկատմամբ: Եվ հենց այս իրողություններն են, որ ԵՄ անդամ երկրներում հանրաքվեի այսպիսի արդյունքներ են արձանագրվում:

Սակայն հասարակությունն այդ երևույթներին գուցե նման կերպ չարձագանքեր, գուցե ավելի շատ ապավիներ ԵՄ-ի ինքնապաշտպանական մեխանիզմներին, եթե սեփական երկրների կառավարությունների կողմից տեսներ առաջացած նոր մարտահրավերների նկատմամբ ադեկվատ ընկալում, այլ ոչ թե այդ մարտահրավերներն անտեսելու, առկա և խորացող խնդիրների նկատմամբ ջայլամային մոտեցման ցուցաբերում: Այս իմաստով բրիտանացիները քվեարկեցին իրենց իշխանությունների և ԵՄ կառավարման կառույցների նման վարքագծի դեմ: Սա անվստահության քվե էր ԵՄ ղեկավարությանը, որն առայժմ հանդես բերելու հնարավորություն ունեցել են միայն անգլիացիները:

Որևէ կասկած չկա, որ բրիտանական հանրաքվեն անդրադարձ կունենա նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա: Եթե անգամ չվերանայվեն ԵՄ-ի այն ինտեգրացիոն նախագծերը, որոնցում նաև Հայաստանն է ներգրավված, Բրյուսելն առաջիկայում հազիվ թե դրանցով զբաղվելու ժամանակ և տրամադրություն ունենա: Այդ նախագծերը, ձեռնարկները` քաղաքական լուրջ որոշումների մասով, առժամանակ կմնան թղթի վրա, մինչև ԵՄ-ն կհստակեցնի՝ թե ո՞ւր է գնում, ինչպե՞ս և ինչո՞ւ, և կբավարարվի կոսմետիկ, երկրորդային նախաձեռնություններով ու ծրագրերով: Ամեն դեպքում` Երևանը, Բրյուսելի հետ համագործակցության հեռանկարների առումով, նոր ճշգրտումների կարիք կունենա:

Գևորգ Դարբինյան