Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր տեսակետը:
Նա նշեց, որ պատահական չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը գնահատում են որպես հարված Հայաստանի անկախությանն ու իննիշխանությանը: Բացատրելով, թե ինչ է նշանակում տվյալ համատեքստում անկախությունն ու ինքնիշխանությունը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա աշխարհաքաղաքական տարբեր նժարների բալանս է:
Անկախության տարիներին, ըստ նրա, Ռուսաստանի նժարը Հայաստանում ծանրացել է, և ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը ռուսական ծանր նժարի վրա դնում է մի հսկայական կշռաքար, և այդ իմաստով Հայաստանի անկախությունը դրվում է լրջագույն հարվածի տակ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակված չէ այդ իրավիճակը կապել միայն Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականության հետ: ԵՏՄ պայմանագրով արձանագրվում է իրերի առկա դրությունը, որովհետև երրորդ հանրապետությունում այնքան էլ շատ չեն այն պետական գործիչները, որոնք իրենց գործունեության ընթացքում հովանավորներ չեն փնտրել Մոսկվայում, որ Հայաստանում գործունեություն ծավալելիս չեն աղերսել, նույնիսկ «մուրացել Ռուսաստանի դաբրոն»: Եվ եթե դա չեն արել Ռուսաստանում, ըստ Փաշինյանի, ապա արել են Եվրոպայում ու Ամերիկայում:
Պատգամավորը նշեց, որ ցավով է արձանագրում` Իսրայել Օրուց սկսած` հայկական մտածողությունը էվոլյուցիա չի ապրել: Ըստ Փաշինյանի` բացառություն էր 1988-ի ղարաբաղյան շարժումը: Իսրայել Օրին էլ հայերի համար հովանավորներ էր փնտրում Եվրոպայում, բայց եվրոպացիների «զբաղված» լինելու պատճառով, այդ հովանավորությունը գտավ Ռուսաստանում:
«Խնդիրն այն է, որ 1991թ. անկախության ոգեղեն հռչակումից 23 տարի անց կանգնած ենք այդ անկախությունը մսխելու և վաշինգտոններում, ստրասբուրգներում ու մոսկվաներում քաղաքական հովանավորություն մուրացող ամուլ քաղաքական էլիտա ունենալու փաստի առաջ: Հայաստանի իշխանություններն արել են ամեն ինչ, որ քաղաքացին ատի սեփական անկախությունը, նրան տնավեր են արել, խաբել ու թալանել, ու հիմա իմաստուն դեմքով այդ ամենի անունը դրել են ռեալ պոլիտիկ»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունները միջազգային հարթակներում «նվնվում են, թե` բա գիտե՞ք` ինչ կա, Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն: «Բայց Հայաստանի քաղաքացիները հավատում են նաև, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի պետական բյուջեն»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` մի մեծ սուտ կա, որը հրամցնում են իշխանությունները, թե դա ինտեգրացիոն պրոցես է, իրականում` ոչ թե ինտեգրացիոն, այլ Հայաստանի մեկուսացման պրոցես է, քանի որ ԵՏՄ-ն Հայաստանը մեկուսացնելու է հյուսիսից ու հարավից, որովհետև ԵՏՄ-ն փակելու է հարաբերությունները Իրանի ու Վրաստանի հետ:
Պատգամավորը նշեց, որ ԵՏՄ պայմանագրով Հայաստանը չի կարող Իրանի հետ կնքել ազատ առևտրի պայմանագիր, և որ Հայաստանը չի կարող դառնալ իրանական գազի տարանցիկ ճանապարհ: Դրան դեմ են Ադրբեջանը, Թուրքիան, հիմա նաև` ԵՏՄ-ն:
«ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանը կորցնում է իր ռազմավարական հեռանկարները ու դառնում ԵՏՄ խղճուկ տնվոր»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ դեմ է քվեարկելու այդ պայմանագրին ոչ թե նրա համար, որ չի սիրում Ռուսաստանը, այլ որովհետեւ հավատում է Հայաստանի ինքնիշխան ապագային, ինչի համար էլ պայքարելու է: