Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղը՝ հունիսի 24-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կժամանի Հայաստան: Այցը, որը կրում է «Այց առաջին քրիստոնյա երկիր» հավակնոտ խորագիրը, իսկապես պատմական իրադարձություն է: Պապը Հայաստան է գալիս, ըստ էության, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում՝ նորից Հայաստանի և Ցեղասպանության խնդրի վրա կենտրոնացնելով ամբողջ աշխարհի ուշադրությունը, իր հետ բերելով այցը լուսաբանող հարյուրավոր առաջատար լրատվամիջոցների:
Այցի օրակարգը բավականին հագեցած է: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահի, իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումներից բացի, նա կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կմեկնի Գյումրի, որտեղ, ի թիվս այլ միջոցառումների, պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում, ապա Երևանի Հանրապետության հրապարակում նրա մասնակցությամբ էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք կլինի: Հունիսի 26-ին Հռոմի Սրբազան քահանայապետը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն, միասին աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
Մինչև ժամանումը նա ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին, որտեղ, ընդգծելով վերջինիս մշակույթի, պատմության նկատմամբ իր խորին ակնածանքը, նշում է, որ գալիս է՝ «...թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ եւ ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից»:
Չնայած իր նշանակությանը՝ Հռոմի պապի այցն աննախադեպ չէ: 2001թ. Հովհաննես Պողոս պապը ոչ միայն այցելել էր Հայաստան, այլև հենց Երևանում` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, արել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին առաջին հայտարարությունը: Հենց դա հիմք հանդիսացավ ներկայիս պապի՝ Ֆրանցիսկոսի համար՝ 2015թ. ապրիլին ս. Պետրոսի տաճարում հայերի հետ 20-րդ դարասկզբին կատարվածն առաջին ցեղասպանություն որակելու և դրա ուրացումը որպես մարդկության բաց մնացած և արյունահոսող վերք բնորոշելու համար:
Պետք է նկատել, սակայն, որ 2015թ. ապրիլից հետո պաշտոնական Վատիկանի դիրքորոշումն այս հարցում որոշակի փոփոխություն է կրել: Այս տարվա փետրվարին Թուրքիան Վատիկան ուղարկեց նախորդ տարվա ապրիլից, հենց Պապի կողմից ցեղասպանության մասին արած հայտարարության պատճառով ետ կանչված դեսպանին: Անկարան հայտարարեց, թե պատմաբան Ռինալդո Մարմարայի հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 20-րդ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը որակել է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»: Թուրքիայի ԱԳՆ-ն, հղում կատարելով հանդիպման մասին Վատիկանի մի պաշտոնական հաղորդագրության, հայտարարել էր, թե Սուրբ աթոռը բարձր է գնահատել արխիվները բացելու և անցյալի դեպքերն ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը, ինչն իրենք գնահատում են որպես Հռոմի պապի կողմից այդ հարցում արվող հետքայլ։ Չնայած Հայաստանի ԱԳՆ-ն հերքեց այս պնդումները, բայց հաղորդագրությունը, որտեղ իրականում նշված էին թուրքական կողմի ներկայացրած գրեթե բոլոր ձևակերպումները, դրվել էր հենց Վատիկանի պապական պաշտոնական կայքում:
Ուշագրավ է նաև փաստը, որ չնայած մեկ տարի առաջ ցեղասպանության ընդունման մասին արած միանշանակ ձևակերպումներին, Հայաստանին ուղղված իր ուղերձում Պապը «Ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործում: Փոխարենը՝ նկատի առնելով Եղեռնը, նա օգտագործում է «ամենասարսափելի տառապանքներ», «ողբերգություն» եզրույթները: Բացի դրանից, ուղերձում նաև երկու անգամ շեշտվում է նաև հաշտեցման առաքելությամբ Հայաստան գալու մասին. «Որպես Ավետարանի ծառա եւ խաղաղության սուրհանդակ` ցանկանում եմ գալ ձեր մեջ` նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին եւ միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում»,-ասվում է ուղերձում: Պարզ է, որ «հաշտության» նկատառումը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին:
Չնայած վերոնշյալին՝ այն ամենը, ինչ վերջին երկու տարվա ընթացքում անում է Ֆրանցիսկոսը Հայաստանի և հայ ժողովրդի համար, անգնահատելի է՝ ինչպես հոգևոր-բարոյական, այնպես էլ քաղաքական և քաղաքակրթական իմաստով:
Նախ՝ Պապի անառարկելի հեղինակությունը և Ցեղասպանության թեման անընդհատ օրակարգում պահելը, կամա թե ակամա, նպաստում են վերջինիս միջազգայնորեն ճանաչման գործընթացին: Պապը տիրապետում է կաթոլիկ հարյուր միլիոնավոր հավատացյալների սրտերին ու մտքերին, իսկ շատերի համար նրա տեսակետները բացարձակ ճշմարտություններ են: Եվ Ցեղասպանության հարցում նրա հետևողականությունը, անկախ նրանից՝ ինչպիսի եզրույթով է դա բնորոշվում, յուրատեսակ ճնշում է «կաթոլիկ երկրների» վրա: Պատահական չէ, որ Գերմանիայում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված առաջին համարձակ քայլերը, ինչպիսին էր այդ երկրի նախագահի հայտարարությունը Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության և Գերմանիայի պատասխանատվության մասին, արվեցին հենց ս. Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոսի հայտարարություններից հետո և դրանց ազդեցությամբ: Բայց պապի ներդրումը միայն այս առումով չէ, որ նշանակալի է:
Ս. Պետրոսի տաճարում անցած տարվա ապրիլին Ֆրանցիսկոսի և Գարեգին Բ-ի համատեղ մատուցված հիանալի, վեհաշուք և զգայացունց պատարագի մատուցումը, փաստորեն, շարունակություն է ստանում Հայաստանում՝ ընդ որում երեք անգամ՝ Գյումրիում, Երևանում և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Սա քրիստոնեության երկու ուղղությունների, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների մերձեցման, դարերով միմյանց նկատմամբ վարված օտարման քաղաքականության մերժման փառահեղ արշավ է, որը, հիշեցնենք, իրականացվում է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ներկայացնելու խորագրի ներքո: Տեղի է ունենում հայկական և արևմտյան քաղաքակրթական, կրոնական-մշակութային մոտեցման, ընդհանրացման գործընթաց, որտեղ Հայաստանին է վերադարձվում նրանից անարդարացիորեն խլված քրիստոնեական՝ ինչ-որ իմաստով ակունքաստեղծ, արժեքաստեղծ կարգավիճակը: Իսկ եթե նկատի ունենանք, թե ինչպիսի ներդաշնակութամբ էր ս. Պետրոսում հայկական հոգևոր երաժշտությունը համադրվում կաթոլիկ հոգևոր երաժշտությանը, ապա նաև մշակութային մերձեցման առումով պատկերը լիարժեք կդառնա:
Ի դեպ, այդ գործընթացը միայն Սուրբ Էջմիածնի և Վատիկանի միջև չէ, որ տեղի է ունենում: Այն ինքնաբերաբար հանգեցրել է նաև հայկական հարանվանությունների, եկեղեցիների միջև ջերմացմանը: Առաջիկա օրերին Հայաստանում, ս. Էջմիածնի կողքին են լինելու ինչպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, այնպես էլ Տանն Կիլիկիո Կաթողիկ Հայոց կաթողիկոս պատրիարք Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը:
Սրբազան հայրապետի այցն իսկապես նշանակալից է, նույնիսկ հաշվի չառած դրա տնտեսական կողմը՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման, Հայաստանի՝ իբրև պատմական, մշակութային և քաղաքակրթական մեծ ժառանգություն ունեցող երկրի, աշխարհին նորովի ներկայացվելու առումով: Այնպես որ արժե այս ամենի համար առաջիկա երեք օրերին Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում մի քիչ էլ դժվարություններ կրել` տեղաշարժվելու առումով:
Գևորգ Դարբինյան