Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները հյուրընկալվել էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում: Զարուհի Փոստանջյանը բերել էր երկու տորթ. մեկի վրա գրված էր` «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան», մյուսի վրա՝ «Նոր Հայաստան»: Ըստ Փոստանջյան` դրանք առաջիկայում իրականացվելիք խնդիրներն են, իսկ ավելի կոնկրետ. «Նոր Հայաստանը, որը պետք է գա, պետք է լինի ազատ, անկախ, միացյալ Հայաստանը»:
Նա նաև նշեց, որ նվերներ է պատրաստել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համար: Նվերները բացիկներ են, որոնք Զարուհի Փոստանջյանը ուղարկելու է վերոնշյալ պաշտոնյաների նստավայրեր, իսկ բացիկներով շնորհավորելու է նրանց Նոր տարին: Նրա խոսքով՝ իր ուշադրության թիրախում են հայտնվել մի շարք անձինք, ովքեր Հայաստանի քաղաքական ու ազգային կյանքում վատ դերակատարություն են ունեցել: «Սա գառնուկ է՝ ոտքերը կապած, նվիրելու եմ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Թող ինքը մտածի, թե դա ինչ խորհուրդ ունի: ԱԺ նախագահի համար սա ամենալավ նվերն է՝ բացիկ՝ ոտքը բռնած ու կախած աքլոր, էլի` Հովիկ Աբրահամյանը թող մտածի, թե սա ինչ է նշանակում: Ինքը պետք է մտածի, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա մեր իրականության մեջ, ոմանց համար կարող է նման վերջաբան ունենալ»,- ասաց Փոստանջյանը՝ շարունակելով մեկնաբանել մյուս բացիկները:
Բացիկները, որ պետք է ուղարկի Սերժ Սարգսյանին ու Գագիկ Հարությունյանին, նույն նկարներն ունեն: «Այս նկարի մասին գիտեի դպրոցական տարիներից: Դեռ այն ժամանակներում մարդկանց փորձում էին համոզել, որ իրենք ոչինչ չեն հասկանում, հիմար են, որ իրենց գլխում հիմարության քարեր կան, որ իրենց գլուխները պետք է վիրահատեն ու այդ քարերը հանեն: Իսկ վիրահատություն անողները շառլատաններ էին ու խաբեբաներ: Հիմա նույնն է. իշխանությունը բռնազավթած մարդիկ նույն բանն են ասում` որ մենք հիմար ենք, որ բան չենք հասկանում: Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, թե՝ դուք դեռ չգիտեք, թե Մաքսային միությունից ինչ օգուտներ ենք քաղելու, թեև նույն բանը տարիներ առաջ այլ կառույցի հետ կապված էր ասում: Այսինքն` ամբողջ հասարակությունը ոչինչ չի հասկանում, իրենք փորձում են վիրահատել այդ քարերը, իսկ վիրահատողները խաբեբաներ են»,- բացիկների պատկերները մեկնաբանելով՝ նշեց Զարուհի Փոստանջյանը:
Գագիկ Հարությունյանին ուղարկվելիք բացիկով Զարուհի Փոստանջյանը ուզում է ասել, որ Հայաստանի համար կարևոր էր ընդունել լյուստրացիայի մասին օրենքը, որով կարող էին բացահայտվել այն անձինք, ովքեր վնասներ են պատճառել հայ ժողովրդին՝ ծառայելով օտար կայսրություններին ու գերտերություններին: «Ե'վ Սերժ Սարգսյանը, և' ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացնում են նախկին խորհրդային ԿԳԲ-ն: Երկուսի կողմից պատճառված վնասը հավասարազոր է, ահա` ինչու երկուսին էլ նույն պատկերով բացիկն եմ ուղարկում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: