կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-17 12:35
Հասարակություն

Անկախության նվերները

Անկախության նվերները

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգևների արժանացած մի խումբ անձինք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված տոնական ընդունելության ժամանակ հանրապետության ղեկավարի կողմից ստացել են իրենց պարգևները.  տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն երկարամյա ծառայության, հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել Իրաքի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, գերաշնորհ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը, Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

Հայ երգարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվել են Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար Օֆելյա Կարապետի Համբարձումյանը, Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մացակի Մաթևոսյանը:

 

Արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Պատվո շքանշանով է պարգևատրվել կոմպոզիտոր Ալեքսանդր Գրիգորի Հարությունյանը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ժողովրդական արտիստուհի Ժենյա Սեդրակի Ավետիսյանը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել գրող, գրականագետ Արտեմ Միքայելի Հարությունյանը:

 

Ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երաժշտարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար կոմպոզիտոր Տիգրան Եղիայի Մանսուրյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:

 

Գիտության, կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Վարդգեսի Աթոյանին, Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Երվանդի Բաղդասարյանին, Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Կորյունի Եզեկյանին, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշալույս Պողոսի Թարվերդյանին, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Եփրեմի Խաչիյանին:

 

Հայրենի արվեստի և մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել կոմպոզիտոր Վլադիլեն Ալեքսանդրի Բալյանին, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գեղունի Հովհաննեսի Չթչյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Երվանդի Ծատուրյանին, երգչուհի Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյանին, «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի գեղարվեստական ղեկավար Թովմաս Գևորգի Պողոսյանին, կոմպոզիտոր, Հայաստանի հանրային ռադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, դիրիժոր, դաշնակահար Մարտին Ցոլակի Վարդազարյանին: Ժողովրդական նկարչի կոչում է շնորհվել նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգևատրվել բռնցքամարտիկ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը (Արթուր Աբրահամը), բռնցքամարտիկ Վախթանգ Ռուբիկի Դարչինյանը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգևատրվել «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն, գլխավոր մարզիչ Արկադի Գեորգիի Անդրեասյանը և «Միկա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի տնօրեն Էդուարդ Արտյոմի Մարկարովը: ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման է արժանացել Հովհաննես Զանազանյանը՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար: