Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն ՀՀ նոտարական պալատի նախկին նախագահ, Վանաձորում նոտարի լիազորություններ իրականացնող Մամիկոն Ասլանյանն է:
Նա Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր առաջադրման որոշումը «կուսակցական է»: «Մարզպետն էլ է ասել այդ մասին, ու սա կուսակցության որոշումն է եղել. տարբեր չափորոշիչներով նայել են, ինձ են հարմար գտել: Ես որևէ բան չեմ կարող ասել, մեկնաբանել, որովհետև որոշումը կոլեգիալ է, կուսակցական: Համ էլ` այստեղ գուցե ինչ-որ տակտիկա կամ էլ ստրատեգիա կա, որն իմ մեկնաբանելու հարցը չէ»,- ասաց Ասլանյանը:
Նա թեև համաձայնեց, որ Վանաձորում ակնհայտ խնդիրներ կան, բայց, միևնույն ժամանակ, կարծիք հայտնեց, որ այդ խնդիրները գուցե օբյեկտիվ պատճառներով լուծումներ չեն ստացել:
«Խնդիրների լուծման կարելի է գնալ իրադրությանը սառը, հաշվենկատ նայելու ու այդ խնդիրներին հատված-հատված լուծումներ տալու պարագայում: Եթե խնդիրներին լուծումներ չտրվեն, քանի գնա, խորանալու են: Դրա համար պետք է ճիշտ տակտիկա մշակվի և հասկանալի դառնա` ամեն խնդրին ինչ տիպի լուծում պետք է տրվի`հատվածայի՞ն, թե՞ տարածական: Ես հակված եմ նրան, որ որևէ ոլորտ, որևէ հատված դուրս չմնա, ու հնարավոր լինի խնդիրները լուծել, կամաց-կամաց առաջ գնալ` մինչև կարողանանք ֆինանսական միջոցներ ներգրավել` կա'մ դրսից, կա'մ կառավարությունից, որովհետև միայն քաղաքի բյուջեով շատ մեծ թափի խնդիրներ հնարավոր չէ լուծել»,- ասաց քաղաքապետի թեկնածուն` հավելելով, որ այս պահին չի կարող ասել, թե հատկապես ո՞ր խնդիրն է ամենից շատ ծառացած բնակչության առջև:
«Ես իմ բնավորությամբ ավելի շատ անալիտիկ եմ: Պետք է նայեմ, վերլուծեմ, թիմով վերլուծենք, տեսնենք` ինչ իրավիճակ է, և հասկանանք` ի՞նչ կարելի է անել, այլ ոչ թե ինչ-որ էմոցիաների վրա շեշտը դնել ու այդ հարթության վրա լուծումներ առաջադրել: Պետք է լուրջ խումբ հավաքվի, ընդհանուր որոշվի, թե կոնկերտ ի՞նչ ուղղությամբ ենք գնալու, ի՞նչ գործեր կան անելու, այլ ոչ թե հանպատրաստից ասել` էս կանեմ, էն կանեմ: Դա իմ ոճը չէ»,- ասաց Ասլանյանը:
Հարցին`ընտրվելու պարագայում ի՞նչ «ժառանգություն» է Ձեզ սպասում, պատասխանեց. «Որ ընտրվեմ, իմ առաջին նշանաբաններից մեկը հետ չնայելն է, ես ուզում եմ առաջ նայել: Ինչ ժառանգություն ստացել եմ, ակնառու է, երևում է: Ինչը որ արտաքինից երևում է, երևում է փաստացի, իսկ մնացածը, մինչև չընտրվեմ, չեմ կարող ասել`ինչ ժառանգություն եմ ստացել: Ուզում եմ ասել` ինչը լուծելի է, լուծելի է, ինչն էլ` չէ, ասեմ` հնարավոր է նաև, որ օբյեկտիվորեն լուծելի չէ: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ կարող են լինել, հետևաբար, այս պահին ես գնահատական չեմ կարող տալ»:
Պատասխանելով հարցին` ինչո՞ւ պետք է ժողովուրդը Ձեզ ընտրի, Ասլանյանը նշեց. «Ժողովուրդը պետք է հավատալիս էլ, չհավատալիս էլ մոտիվացիա ունենա: Ես այս քաղաքում եմ մեծացել, այս քաղաքում եմ ապրել, այս քաղաքի ամեն ինչն ինձ համար հարազատ է: Մթնոլորտն ինձ ամբողջությամբ ծանոթ է, ես էլ այդ քաղաքի մի փոքր մասն եմ ու չունեմ արած այնպիսի մի բան, որ մտածեմ`վա~յ, էս ինչ բանն արած չլինեի, կամ եթե հույս չներշնչեի կամ խաբած լինեի և այլն»: