Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանը չգիտի, թե որ թեկնածուին ով է պաշտպանում կամ սատարում, բայց մի բանում վստահ է. «Մեզ պաշտպանում է ժողովուրդը' համայնքի բնակիչները, եւ մեր հույսը համայնքի բնակիչներն են, ում վստահության քվեն հույս ունենք, որ կստանանք»:
Yerkir.am-ին թեկնածուն ասաց, որ նախընտրական Գորիսում այս պահին խիստ լարվածություն դեռեւս չկա, բայց մայիսի 21-ից հետո, երբ նախընտրական քարոզչության փուլը պաշտոնապես սկսվի, արդեն գուցե լարվածությունն ավելանա:
Անգամ չսպասելով մեր դիտարկմանը' թեկնածուի ու Սյունիքի մարզպետի փոխհարաբերությունների մասին (Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու Տիգրան Կարապետյանն ընկերական հարաբերություններ ունեն, եւ, ըստ խոսակցությունների, մարզպետը պաշտպանում է Տիգրան Կարապետյանի թեկնածությունը)` թեկնածուն հենց ինքը նշեց, որ անընդհատ շահարկվում է իր ու Սյունիքի մարզպետի ընկերությունը, նաեւ շեշտեց, որ այդ ընկերությունը որեւէ կապ ու ենթատեքստ չունի իր առաջադրման հետ:
«Մենք վստահ ենք, որ մեր ժողովրդի վստահության քվեն կստանանք, որ մեր ծրագիրը, որը այսօր պետք է ներկայացնենք հանրության դատին, կլինի լավագույնը ներկայացված ծրագրերի մեջ: Մենք վստահեցնելու ենք մեր ընտրողներին, որ այդ ծրագիրն իրականություն ենք դարձնելու: Սա է, քաղաքական որեւէ ենթատեքստ այստեղ չկա»,- ասաց Կարապետյանը:
Դիտարկմանը, թե ընտրությունն ինքը քաղաքական գործընթաց է, ինչպե՞ս կարող է քաղաքական ենթատեքստ չլինել, նա պատասխանեց, թե հասկանում է, բայց «մեր առաջադրումն այս պահին ավելի շատ ոչ քաղաքական ենթատեքստ ունի, մեր առաջադրման պահով որեւէ քաղաքական ենթատեքստ, խնդրում եմ, մի' փնտրեք»:
Երբ Yerkir.am-ը հետաքրքրվեց, որ, շրջանառվող լուրերի համաձայն, Սյունիքի նախկին մարզպետն էլ սատարում է քաղաքապետի մեկ այլ թեկնածուի, ինչպե՞ս դա կանդրադառնա ընտրական գործընթացի վրա, Տիգրան Կարապետյանն ուշագրավ պատասխան տվեց. «Ես չգիտեմ` ում է պաշտպանում կամ ինչ է անում նախկին մարզպետը, չգիտեմ նաեւ, թե նախկին մարզպետի աջակցությունն այդ թեկնածուին օգո՞ւտ կբերի, թե՞ կվնասի»:
Տիգրան Կարապետյանը վստահեցրեց' քաղաքապետի մեկ այլ թեկնածու' Արա Բուդաղյանը, իր ընկերն է, բայց իրենք իրար չեն խանգարի, իսկ եթե դա ենթադրում է օգնել, այո', ուրեմն օգնելու են իրար:
Նա հայտնեց նաեւ, որ Գորիսում այս օրերին նկատվում է հասարակական լուրջ ակտիվություն` ժողովուրդը պատրաստ է մասնակցել ընտրություններին: Լարված ընտրապայքարի վերաբերյալ էլ Կարապետյանը նշեց, թե, իհարկե, ընտրություններ են, պայքար է, եւ որոշակի լարվածություն, այդ առումով, կլինի:
«Բայց կարծում եմ, որ բոլոր թեկնածուներն էլ տրամադրված են օրենքի սահմաններում օբյեկտիվ պայքարի: Գոնե մեր թիմի մասով կարող եմ վստահեցնել, որ որեւէ խախտում, որեւէ օրենքին հակառակ գործողություն մենք մեզ թույլ չենք տալու: Կարծում եմ' բոլորն էլ այդպես են տրամադրված: Կարծում եմ' ընտրությունները նորմալ ընթացքով կանցնեն: Իհարկե, լարված պայքար կլինի, բայց, քաղաքական գործընթացների իմաստով, օրենքի սահմաններում: Ես այդպես եմ կարծում, բայց թե ինչ կլինի, ընթացքը ցույց կտա»,- եզրափակեց Տիգրան Կարապետյանը: