Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն անդրադարձավ Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը նախաձեռնեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը. եռակողմ հանդիպումներից առաջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առանձին-առանձին հանդիպեցին ՌԴ նախագահի հետ, որից հետո եռակողմ հանդիպման վերջին մասում բանակցություններին մասնակցեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Գագիկ Մելիքյանի խոսքով՝ կողմերը հանդիպումը որակել են օգտակար և կառուցողական, ըստ այդմ` որոշվել է դադարեցնել ռազմական գործողությունները՝ հիմք ընդունելով 1994թ. հրադադարի պայմանավորվածությունը, ընդլայնել Կասպրշիկի հնարավորությունները՝ դիտարկումների, հրադադարի վերահսկման միջոցների և հետաքննության մեխանիզմների կիրառման առումով:
«Հրադադարի պայմանավորվածությունը, կարծես, իր ձեռքը վերցրեց ՌԴ նախագահը: Նախագահների հաջորդ հանդիպման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Ֆրանսիան: Ես դա ողջունում եմ, որովհետև հանդիպումներն ավել լավ են, քան պատերազմական վիճակը»,- ասաց պատգամավորը:
Հարցին` ի՞նչ ստացանք այդ հանդիպումից, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ ձեռք բերվեց ժամանակավոր խաղաղություն` կարճ ժամանակով: Նրա խոսքով` Ադրբեջանի թիկունքում հստակ կանգնած է Թուրքիան:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց սեղմել թշնամու ձեռքը, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Դա քաղաքականություն է: Այո, կարելի է նաև թշնամու ձեռքը սեղմել` խաղաղության հասնելու նպատակով»:
Պատգամավորը խոսեց նաև բանակցություններին ԼՂ ներկայացուցչի մասնակցության կարևորության մասին` ասելով, որ ներկայումս նպատակահարմարությունից ելնելով է, որ ԼՂ-ն չի մասնակցում բանակցություններին, սակայն ԼՂ հարցում վերջնական նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է պարտադրի ԼՂ կողմի մասնակցությունը բանակցություններին, քանի որ, առանց դրա, որևէ հարց չի կարող լուծվել: