Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 24-ին` ժամը 17-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Հայկ Վարդանյանի «Օֆելյա» ֆիլմի պրեմիերան` նվիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ սա իր դեբյուտային ֆիլմն է: Ֆիլմը Օֆելյա Համբարձումյանի մասին պատմող վավերագրություն է` ոչհեռուստատեսային ֆորմատի:
«Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2013-ին, ավարտվել` 2015-ի սեպտեմբերին: Արդյունքում` 18 ժամ նյութ էր հավաքվել, որից, սակայն, 55 րոպե տևողությամբ ֆիլմ ունեցանք: Ֆիլմի ֆինանսավորումը ես եմ հոգացել` ընտանիքիս, ընկերներիս օգնությամբ»,- ասում է ռեժիսորն ու հավելում, որ Համբարձումյանի կամ նրա ընտանիքի հետ ազգակցական ոչ մի կապ չունի, պարզապես իրենց ընտանիքում ժողովրդական գուսանական երաժշտությունը միշտ հնչել է:
«2013-ին Գագիկ Սուրենյանի հետ ուսումնասիրեցինք Համբարձումյանի արխիվները և տեսանք, որ ընդհանուր ֆիլմ, որն ամբողջությամբ կներկայացնի երգչուհու դիմանկարը, չկա: Որոշեցինք լրացնել այդ բացը: Գագիկն ու տիկին Օֆելյան մտերիմ ընկերներ են, և հենց Գագիկն էլ ինձ ծանոթացրեց նրա հետ, որից հետո սկսվեցին երգչուհուն համոզելու աշխատանքները: Երկար բանակցությունների արդյունքում Համբարձումյանը տվեց իր համաձայնությունն ու ասաց, թե տեսնում է, որ ես իր արվեստը շատ եմ սիրում ու գնահատում, իսկ եթե ինչ-որ գործում կա սեր, ապա արդյունքը վատը ստացվել չի կարող»,- ասում է Վարդանյանը:
Ֆիլմում, ըստ նրա, Համբարձումյանը պատմում է իր անցած ուղու մասին և բոլորովին այլ կերպ է հանդիսատեսին ներկայանում: Երգչուհին, Վարդանյանի համոզմամբ, իր տեսակով փակ է, ինքն էլ ասում էր, թե խոսել չի սիրում և իր ասելիքը երգի միջոցով է արտահայտում, սակայն ֆիլմում նա հոգին բացել է տեսախցիկի առջև և երգելու նման սկսել խոսել:
«Նրա հետ աշխատելը բարդ է, քանի որ «միջին» չունեցող մարդ է` կա\'մ սիրում է, կա\'մ չի սիրում, արված աշխատանքը կա\'մ պետք է լինի լավ, կա\'մ ընդհանրապես չլինի: Ֆիլմի նկարահաման ժամանակ շրջագայել ենք երգչուհու հետ. նկարահանումները տեղի են ունեցել տարբեր վայրերում` Մոսկվայից սկսած, մինչև Գեղարդի վանք: Նկարել ենք նրա ընկերների` Ռուբեն Մաթևոսյանի, Ռոզի Արմենի հետ»,- ասաց կինոռեժիսորը:
Ի դեպ, այս տարի լրացել է երգչուհու 90-ամյակը, և հարցին, թե ֆիլմի ստեղծումն ինչ-որ կերպ կապ ունի՞ հոբելյանի հետ, Վարդանյանը պատասխանեց, որ թեև իրենք կանխավ չէին մտածել այդ մասին, սակայն պատահական ոչինչ չի լինում: