Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել ենք, որ այսօր 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ անվանի երգչուհի Օֆելյա Համբարձումյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ Օֆելյա Համբարձումյանի ձայնը ժողովրդի սրտից ելած ձայն էր, և նա մեր ամենասիրելի երգչուհիներից էր: Նրա ձայնային տվյալները, ըստ Սաթյանի, ներում էին, որ նա մաքուր կերպով ներկայացներ երգերը:
«Նա սերտ համագործակցում էր մեզ հետ. կոմպոզիտորները հատուկ գրում էին նրա համար, և շատ կոմպոզիտորների երգերի առաջին կատարողն էր նա: Ստեփան Ջրբաշյանի, Արամ Մերանգուլյանի, Արամ Սաթունցի երգերի առաջին մեկնաբանումները Համբարձումյանինն էին, և նրանից հետո ոչ ոք չկարողացավ անել ավելին, քան նա արեց: Նա մտնում էր երգի խորքերի մեջ և կարողանում հասցնել ունկնդրին կոմպոզիտորի ասածը: Պրոֆեսիոնալիզմը բարձր էր, ինչն էլ նրան թույլ էր տալիս աշխատել այնպես, ինչպես կոմպոզիտորն էր ուզում»,- ասաց Սաթյանը:
Նա հիշեց, որ վերջին անգամ Համբարձումյանին շատ պատահական էր հանդիպել, և հանդիպման ժամանակ երգչուհին խոսել էր իր մտահոգությունների, ցավերի մասին: «Նա նշում էր, որ հին երգերը, որոնք տարիներ առաջ են ստեղծվել, ավելի մեղեդային են ու հասանելի ժողովրդին: Նա մի քիչ իր ցավերից պատմեց, բայց` առանց տրտնջալու` իրականությունը հասկանալով: Մինչև վերջ էլ իրեն պահում էր որպես կենսուրախ մարդ, որն ապրել էր լի, առողջ և ստեղծագործական մեծ կյանքով: Նա աստղային ոչ մի հիվանդություն չուներ, ժպտերես, կանացի էր շատ, ինչի համար էր սիրելի էր դառնում բոլորի կողմից»,- ասաց Արամ Սաթյանը: