կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-16 19:50
Մշակույթ

Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնին կմասնակցեն ճանաչվածխ երաժիշտներ

Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնին կմասնակցեն ճանաչվածխ երաժիշտներ

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Երևանում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից:

Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:

Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Բացման համերգին հունիսի 28-ին ելույթ կունենա ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը (Գերմանիա), ով իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում բազմաթիվ միջազգային փառատոնների ընթացքում, ինչպես նաև երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Հյուբերթ Քեփլը ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրն է, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում:

Հիմնադրել է Koblenz International Guitar Academy-ն (Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիա): Բացման երեկոյին հանդես կգա նաև փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Փառատոնային երկրորդ համերգին հունիսի 29-ին ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրենը: Դասավանդում է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում: Փակման երեկոյին հուլիսի 1-ին հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա): 

Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 29-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում իր հարուստ փորձով կկիսվի Հյուբերթ Քեփլը, իսկ Դմիտրի Մուրինը հունիսի 30-ին վարպետության դասընթաց կանցկացնի «Այբ» դպրոցում: LOFT ինքնազարգացման կենտրոնում նախատեսված է կազմակերպել նաև Դավիթ Դյակովի վարպետության դասը:

Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգցաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը: Ինֆորմացիոն հովանավորներն են արտասահմանյան մի շարք հայտնի ԶԼՄ-ներ: