Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարարության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և «ԵրազԱրտ» հիմնադրամի աջակցությամբ՝ ս. թ. հունիսի 29-ից հուլիսի 9-ը կկայանա Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչներն են Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոների ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը:
Երրորդ տարին անցկացվող երաժշտական այս տոնը հայ կիթառահարներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին, ինչպես նաև կիթառի սիրահարներին՝ ունկնդրելու յուրօրինակ երաժշտություն և մասնակցելու վարպետության դասերի:
Մինչ փառատոնը մասնակիցները հունիսի 27-ին Գանձասարում կներկայանան Արցախի ունկնդրին:
Փառատոնի բացումը կկայանա հունիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Հուլիսի 1-ին Ջերմուկում՝ Շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողության ընթացքում համերգով հանդես կգան Ժորա Սարգսյանը, Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), ինչպես նաև Հասմիկ Ասատրյանը (վոկալ, Հայաստան): Փառատոնային հաջորդ համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մենահամերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս Վլադիմիր Կիրասիրովը (կիթառ, Ռուսաստան): Հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում կանցկացվի փառատոնային հաջորդ համերգը: Ելույթներով հանդես կգան Վաժա Կալանդաձեն (Վրաստան), Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), Գեորգի Կուձանաշվիլին (Վրաստան): Համերգը յուրահատուկ է նրանով, որ երեկոյի ընթացքում կստեղծվի հայ-վրացական կիթառի նվագախումբ. երեկոյի ընթացքում հանդես կգա 20 կիթառահար, ինչը բացառիկ երևույթ է տարածաշրջանում:
Փառատոնի փակումը կնշանավորվի յուրահատուկ համերգ-երեկոյով. հուլիսի 9-ին՝ ժամը 20:00-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի դահլիճում հանդես կգան Վլադիմիր Կիրասիրովը (Ռուսաստան), Ժորա Սարգսյանը, Եվգենիա Մարկովան (Ռուսաստան), Արիկ Բամբիրը (Հայաստան), Վահագն Մարգարյանը (Հայաստան), Եվա Գևորգյանը (Հայաստան), Պերճ Նահապետյանը (Հայաստան):
Փառատոնի ընթացքում կներկայացվեն տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 30-ին, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում վարպետության դասով հանդես կգա Ագուստին Պեսնոնը, իսկ հուլիսի 6-ին, ՀԲԸՄ դահլիճում վարպետության դաս կանցկացնի Վլադիմիր Կիրասիրովը: