Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 6-24-ը Երևանում տեղի կունենա «Երևանյան միջազգային կիթառի փառատոն». այն անցկացվում է Երևանի Կիթառահարների ասոցիացիայի և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ: Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր` Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի Պետական Համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի Պետական Համալսարանի պրոֆեսոր՝ Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ): Yerkir.am-ի զրուցակիցն է փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների կսոցիացիայի նախագահ, Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Ժորա Սարգսյանը:
Ամեն ինչ սկսվեց դասական կիթառն ուսումնասիրելուց. դասական կիթառ` բոլոր կիթառները մեկ կիթառի մեջ
Ընտանիքս երաժշտասեր էր` մայրս և հայրս տիրապետում էին երաժշտական գործիքի, բայց մայրս մասնագիտությամբ ինժիներ է, հայրս` իրավաբան: Ուսումս սկսել եմ Չայկովսկու անվան դպրոցում, բայց շատ «հանկարծակի» եմ հայտնվել այնտեղ: Ես երաժշտական քոլեջ էի հաճախում, տնօրենը մի օր լսեց երեխաներին և առաջարկեց գնալ Չայկովսկու դպրոց` իր մոտ, բայց ջութակի դասարան: Մայրս չէր կողմնորոշվում` արդյոք արժե երաժշտությամբ շարունակել: Ի վերջո, ինձ տարան Չայկովսկու դպրոց, որտեղ ասացին, թե, տես, այ հիմա այս բալիկը քեզ համար կիթառ կնվագի ու դու կտեսնեն` ինչքան գեղեցիկ էհնչում: Երբ երեխան սկսեց նվագել, ես հիասթափվեցի, մի տեսակ հնչողությունն այն չէր: Այդ ժամանակ ես 5 տարեկան էի և ռոք էի սիրում լսել, ուզում էի կամ էլեկտրոկիթառ, կամ հարվածային գործիքներ պարապել: Հարվածային գործիքներ չկար, բայց ասացին, որ իմ բախտից` այդ տարի կիթառի բաժին էր բացվում և ես առաջին աշակերտներից էի: Պետք է դասական կիթառից սկսեի, որովհետև հիմքը դա էր, հետո նոր արդեն կարող էի անցնել էլեկտրական կիթառին: Ես մի բնավորություն ունեմ` եթե մի բան սկսում եմ, պիտի սիրեմ, եթե չսիրեմ, չեմ կարող կյանքի կոչել: Դրա համար էլ սկսեցի ուսումնասիրել դասական կիթառը` իր բոլոր հնարավորություններով, և արդյունքում գտա բոլոր կիթառները մեկ կիթառի մեջ: Հիմա ես տիրապետում եմ բոլոր կիթառներին, բայց նվագում եմ դասական կիթառ և ցանկություն էլ չունեմ փոխելու:
Հայաստանում կիթառի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է:
Հայաստանում երաժշտական դպրոցներում կիթառով հետաքրքրվածների քանակն ավելացել է, բայց ցավն այն է, որ մենք չունենք այդ երեխաներին ներկայացնելու տեղ` Հայաստանից դուրս ուղղակի ի վիճակի չեն լինում ուղարկել: Մենք այստեղ մասնագետների կարիք ունենք, քանի որ դեռ սովետի ժամանակ էլ դասական կիթառը չուներ առանձին դասարան և այն ընթացքում սկսեց զարգանալ: Իսկ երբ սկսեց զարգանալ, այդ ժամանակ մենք չունեինք դրսում մասնագետներ, ովքեր այնտեղ կսովորեին ու հետ կգային Հայաստան` այստեղ դասավանդելու` ինչպես եղավ դաշնամուրի և ջութակի ոլորտում: Հիմա այդ ամենի պահանջարկն ու պակասը զգացվում է: Մեր մտադրությունն այստեղ ասոցիացիա հիմնելու և գործունեություն ծավալելու հենց այդ բացը լրացնելն է եղել, որովհետև բոլոր երկրներում էլ կան կիթառահարների ասոցիացիա, որոնք զբաղվում են թե՛ ներքին որակի բարձրացման, թե՛ նաև կամուրջ հանդիսանալուն դրսի հետ կապը պահպանելու համար: Մեր ասոցիացիան շատ արագ կերպով հավաքեց 2438 անդամ, որտեղ ընդգրկված են աշխարհի լավագույն կիթառահարները:
Հայաստանում կիթառն ասոցացվում է ֆլամենկոյի, ռոմանսի հետ, բայց ոչ` դասականի: Պատճառները հեռուն են ձգվում…
Մարդկանց պատկերացումից է. իրականում կիթառը շատ «ընդգրկուն» գործիք է` ես չգիտեմ մի ժանր, որը չօգտագործի կիթառը: Մեզ մոտ կիթառն ամեն մեկն իր սիրած, իրեն հարմար տարբերակով է ներկայացնում: Բոլոր գործիքների մեջ դասականն իր կանոններն ունի, և բացի երաժշտական տաղանդ կամ լավ ֆանտազիա ունենալուց, որը քեզ իմպրովիզի հնարավորություն է տալիս, դասական նվագելիս` դու պետք է գիտելիք ունենաս: Մեր փառատոնի նպատակը լսարանին ճիշտ մատուցելն է դասական կիթառըև արդյունքում` ճիշտ լսարան հավաքելն է:
Հայաստանում դասական կիթառին քիչ անդրադարձ է կատարվում նաև կոմպոզիտորների կողմից:
Կոմպոզիտորներից շատերը ցանկություն ունեն անդրադառնալու դասականին, բայց մինչ այս պահանջարկ էլ չկար, հիմա նոր-նոր է հետաքրքրությունն ավելացել: Դասական կիթառի մասին շատ ինֆորմացիա էլ չկար: Հույս ունեմ` կամաց-կամաց կկոտրի այս բարիերը: Նաիրա Զարիֆյան, Էդուարդ Բադալյան` մեկ-երկու անուններ են հայտնի, որոնք դասական կիթառի համար գործեր են գրում: Բայց մի նրբություն էլ կա` ուղղակի գրել մեկ գործ ու ասել, որ այն կիթառի համար է, չի նշանակում, որ այն ունի «կիթառային» կառուցվածք, այսինքն` պետք չէ գրել մի գործ և հետո հարմարեցնել այն կիթառի համար, չնայած այն հանգամանքին, որ կիթառը տալիս է այդ հնարավորությունը:
Երևանում անցկացվելիք Կիթառի փառատոնը` կամուրջ` ներսի և դրսի ստեղծագործողների համար:
Փառատոնը բացառիկ է ոչ միայն նրանով, որ առաջին անգամ է անցկացվում, այլ նաև այն փաստով, որ դասական կիթառ է ներկայացվում: Եվ հետո` մենք արտիստին չենք բերում, որ միայն նվագի կամ ցույց տանք, թե տեսեք` ինչ երաժիշտներ կան աշխարհում, և ինչպես են նրանք նվագում ու վերջ` գնան: Համերգից հետո` հաջորդ օրն այդ երաժիշտն առավոտից մինչ երեկո երեխաների հետ պարապելու է, վարպետության դասեր տալու: Վարպետության դասերը լինելու են ոչ թե որևէ գործի, այլ հենց կիթառահարի կատարման վերաբերյալ: Մենք, պետությունը, մյուս փառատոները պետք է կիթառին ուշադրություն դարձնենք, քանի որ ինքն իրենով ձևավորված պահանջարկը, որն առանց ստեղծելու է կազմավորվել, պետք չէ մատների արանքով նայել, մանավանդ, որ կան տաղանդավոր երեխաներ, որոնք կարող են մեր երկիրը ներկայացնել դրսում: Երբ ես էի մասնակցում մրցույթների, սկզբում մարդիկ ինձնով հետաքրքրվում էին` իմանալու` Հայաստանն այդ ինչ երկիրն է, հետո հենց Հայաստանի դրոշը տեսնում էին` գիտեին` ես էի: Իմ աշակերտների մեջ էլ կան շատերը, որոնք մասնակցում են միջազգային մրցույթների, դրանցից մեկը վերջերս Թայվանում առաջին մրցանակի արժանացավ:
Գերմանիայում երաժշտական դպրոցներում կիթառի դասարանում 900-1000 աշակերտ կա:
Գերմանիայում, որտեղ ապրում և աշխատում եմ` երաժշտական մեկ դպրոցում 80 ուսուցիչ կա, իսկ Երևանում այդքան աշակերտ: Իսկ աշակերտների թիվը 900-1000-ի է հասնում այնտեղ, և սա միայն կիթառի դասարանում. այդ քաղաքներն ունեն 200-300 000 բնակիչ: Կարծում եմ` այս ամենը պատմում է այնտեղ երաժշտության հանդեպ վերաբերմունքի մասին: Պատկերացնում եք, եթե անգամ 100-ից 5-ն էլ տաղանդավոր լինի` բավական է: Մեր քաղաքում 9 միջազգային փառատոն է անցկացվում, մեր դահլիճներում օրվա մեջ երկու համերգ է տեղի ունենում: բայց այստեղ` Հայաստանում էլ ունենք կարող ուժեր, տաղանդավոր երիտասարդներ: Ես կլինեմ, թե մեկ ուրիշը` պետք է առաջ տանել: Կիթառը շատ ունիվերսալ գործիք է և լայն հնարավորությւոններ կարող է քեզ տալ: Կիթառն այն գործիքն է, որ այսօրվա երաժիշտները դեռ մինչև վերջ չեն բացահայտել այն:
Կիթառի միջոցով հայկական երաժշտությանն անդրադարձ կատարելու համար չեմ շտապում:
Չեմ շտապում դա անել, քանի որ ուզում եմ, որ այն լինի ոչ թե իմիտացիա` ուրիշ գործիքի փոխադրումով, այլ լինի հենց կիթառի համար: Ինձ համար դա ժամանակի խնդիր է, քանի որ ես 13 միջազգային փառատոների հետ եմ աշխատում` որպես կազմակերպիչ: Մեկ բան էլ` ես կոմպոզիտոր չեմ, կարող եմ ճիշտ մատուցել փոխադրումները կամ ինձ համար գրված գործերը կատարել:
Հ. Գ. Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Կամերային Երաժշտության տանը՝ հուլիսի 6-ին ժամը 19-ին: Փառատոնի բացմանը ելույթ կունենան Ժորա Սարգսյանը (Հայաստան/Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա): Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ միջազգային և հայկական պրեմիերաներ: Տեղի կունենա նաև Ռոլֆ Ստրավերի “Stimmen der Vergangenheit” («Ձայներ անցյալից») կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար: Ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա Կոմիտասի անվան թանգարանի համերգասրահում՝ հուլիսի 24-ին ժամը 19-ին:
Կարինե Հարությունյան