Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ձորաղբյուր համայնքի Կանաչ ուսուցման կենտրոնում սեպտեմբերի 26-ին կմեկնարկի Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնը։ Փառատոնի միջոցով «Կանաչ արահետ» ՀԿ-ն նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ողջունեց նմանատիպ միջոցառումների անցկացումը, նշելով, որ փառատոնը ստեղծում է հետաքրքիր հարթակ փոքր գյուղացիական տնտեսությունների համար։
«Սա մեծ պոտենցիալ է ստեղծում այդ փոքր գյուղացիական տնտեսությունների համար, որպեսզի վերջիններս ընդլայնվեն, ավելի մեծ մասշտաբների մթերք արտադրեն և այլն։ Միջոցառման վերնագիրը ինքնին արդեն խոսուն է՝ գյուղական կյանք և ավանդույթներ, որովհետև պակաս կարևոր չէ գյուղական ավանդույթների պահպանումը, որը ազգապահպանման կարևոր մաս է հանդիսանում, ինչու չէ քաղաքաբնակ մեր ազգաբնակչությանն էլ պետք է ծանոթացնել դրան», ասաց Գաբրիելյանը։
Նախարարի տեղակալի կարծիքով՝ եթե համաճարակը չլիներ, շատ երկրներից ժամանելու էին, որպեսզի մասնակցեն այս փառատոնին, որովհետև անցած տարի արդեն իսկ Վրաստանից, Լիբանանից, Չեխիայից և այլ երկրներից եկել էին ֆերմերները։
Փառատոնը կուղեկցվի բնական և ավանդական գյուղմթերքի տոնավաճառով,կցուցադրվեն նաև հեռավոր մարզերի արհեստագործերի կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները։
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իր հերթին նշեց, որ չափազանց կարևոր է գյուղատնտեսության զարգացումը և կարևոր է, երբ գյուղացու արդար աշխատանքը ներկայացվում է և խրախուսվում է։
«Երկրի անվտանգության համար կարևորագույն երաշխիքը գյուղատնտեսությունն է և հաղթող է այն պետությունը , որտեղ գյուղատնտեսությունը զարգացած է։ Անկախ է այն գյուղացին և մարդը, ով զբաղվում է գյուղատնտեսությամբ և որպես անհատ ինքն իր օրվա հացի կերտողն ու ստեղծողն է։ Այս առումով պետք է որպես պետություն հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի երկրում գյուղատնտեսությունը զարգանա և դա միանշանակ հնարավոր է դառնում այն կարևոր կազմակերպությունների միջոցով, ովքեր ելակետային դեր են ունենում մեր երկրում իրենց ներդրումների, խրախուսումների և աջակցությունների, ինչու չէ տեղեկատվության փոխանցման առումով»,- շեշտեց Հովսեփյանը։
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսի խոսքով՝ փառատոնը շատ լավ հնարավորություն է ստեղծում ծանոթանալու արտադրողների և ֆերմերների հետ և նրանց հետ, ում ԵՄ-ն աջակցում է։
«Կարծում եմ, որ շատ լավ հարթակ է, որը կապում է սպառողներին և ֆերմերներին իրար հետ։ Սա լավագույն հնարավորությունն է աշխատելու Էկոնոմիկայի նախարարության, Կանաչ ուսուցման կենտրոնի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի հետ, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշեց Բոկկերսը։
Միջոցառման կազմակերպիչ «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը ընդգծեց, որ փառատոնը 7-րդ տարին անցկացվում է և մասնակիցների քանակը բավականին աճել է։
«Եթե առաջին տարին մասնակցում էին միայն 50 ֆերմերներ, ապա անցյալ տարի դրանց թիվը 250-ն էր։ Անկեղծ, մտավախություն ունեինք, որ այս տարի կորոնավիրուսի հետ կապված մասնակիցները քիչ կլինեն , սակայն պարզվեց, որ ավելի քան 120 մասնակից ունենք, այն դեպքում, որ այս տարի արտերկրից ֆերմերային խմբեր չեն ժամանել»,- եզրափակեց Սարուխանյանը։
Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն մրցանակներ և նվերներ՝ լավագույն ֆերմերային խումբ, լավագույն կանանց ֆերմերային խումբ և լավագույն ձեռներեց անվանակարգերում։