Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրը, կարծես, որոշվել է, վայրն էլ, կազմն էլ` հունիսի 20-ին Պետերբուրգում տեղի կունենա Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը` առանց ԵԱՀԿ-ի մասնակցության, քանի որ այդ հանդիպումը բացառապես Ռուսաստանի նախաձեռնությունն է: Ու մի տեսակ տհաճ հոտ է գալիս այդ հանդիպումից, ընդ որում` վտանգավոր տհաճ: Փաստն այն է, որ Պետերբուրգի հանդիպումը ո'չ առանձնապես Սարգսյանին է պետք, ո'չ՝ Ալիեւին, այդ հանդիպումը պետք է նախ Պուտինին, այսինքն` նա ասելիք ունի, հուսանք` միայն ասելիք:
Ու հենց այստեղ սկսվում է աբսուրդը: Ո'չ Ադրբեջանում, ո'չ Հայաստանում առհասարակ չի քննարկվում, թե ի՞նչ է կատարվելու Պետերբուրգում: Ճիշտ է, ո'չ Սարգսյանի, ո'չ էլ Ալիեւի աշխատակազմերը դեռ պաշտոնապես չեն հաստատել, որ նախագահները մասնակցելու են Պետերբուրգի եռակողմին, բայց եթե իսկապես չեն մասնակցելու, ինչո՞ւ չեն հերքում ռուսական աղբյուրների հավաստիացումները: Ուրեմն առնվազն մտածում են՝ գնա՞լ, թե՞ չգնալ: Լավն այն է, որ մտածում է ոչ միայն Սարգսյանը, այլեւ Ալիեւը, այսինքն` այնպես չէ, որ Պետերբուրգում ադրբեջանահաճո բան է ընդունվելու, հակառակ պարագայում` Ալիեւի աշխատակազմն արդեն կհաստատեր, որ Ադրբեջանի նախագահը մասնակցելու է Պետերբուրգի հանդիպմանը: Առավել եւս, որ մտածում են, հավանաբար` խորհրդականների հետ էլ խորհրդակցում, եւ հասկանալի է, որ այս ամբողջ գործընթացը պետք է գաղտնի տարվի, բայց հասարակական մակարդակում, մամուլում, փորձագիտական, քաղաքագիտական դաշտում Պետերբուրգի հանդիպումը չքննարկելը, մանավանդ` երբ դրանից լավ հոտ չի գալիս, մի տեսակ ջայլամություն է:
Համառորեն հասարակության մեջ լուրեր են շրջանառվում /հայտնի չէ ՝ ովքեր են շրջանառողները/ հող տալու մասին: Տղե'րք, բայց մենք պատրա՞ստ ենք հող տալ: Եթե` ոչ, ապա պատրա՞ստ ենք պատերազմի, եթե` այո, ապա` որքա՞ն երկար, օրինակ` երեք տարի ձգվող պատերազմի պատրա՞ստ ենք, եթե հաշվի առնենք, որ ամեն ամիս նվազագույնը հարյուր զոհ ենք տալու, մի քանի հազար փախստական ենք ունենալու, անգամ` առաջ գնալով, ինչպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ենք ունեցել:
Թվում էր, թե ապրիլյան սրացումը եւ դրան հաջորդած այս շտապողականությունը ղարաբաղյան բանակցությունների հարցում պետք է մեզ վերջապես ստիպեր ստեղծել ազգային-պետական ռազմավարություն: Բայց, մարդի'կ, զինվորների ընտանիքներին օգնելը շատ շնորհակալ գործ է, բայց դա ռազմավարություն չէ: Այն ունենալու համար պետք է խոսել, ոչ միայն հաճախ, այլեւ` իրար հետ, անգամ` նրանց հետ, որոնց հետ չենք խոսում, նեղացել ենք: Ապա պետք է լսել, լսելը դիմացինի ասածն անելը չէ, լսելը դիմացինի ասածի շուրջ մտածելն է, եթե հնարավոր է, նկատի ունեմ՝ մտածելը:
Հովիկ Աֆյան