կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-11 12:57
Քաղաքական

Մանրածախ ու մեծածախ ապրանքների տարանջատումը շատ բարդ է լինելու. Միքայել Մելքումյան

Մանրածախ ու մեծածախ ապրանքների տարանջատումը շատ բարդ է լինելու. Միքայել Մելքումյան

Կառավարություն նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին  հանձնարարեց քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ, թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը: Աբրահամյանը  մասնավորապես առաջարկեց քննարկել վերոնշյալ ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ պետք է նկատի ունենալ, որ մանրածախ ու մեծածախ ապրանքների տարանջատումը շատ բարդ է լինելու, և դրա համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ մեխանիզմներ:

«Երբ մեծածախ ներկրողն ինքն ունի պայմանական մենաշնորհ  և հետո էլ ցանց ունենա, այսինքն` եթե այն մյուս ներկրողը  իր մրցակցի ցանցին վաճառի, ստեղծվում է խաթարված միջավայր: Դրա համար է պետք  տարանջատել մեծածախն ու մանրածախը, ինչն այնքան էլ հեշտ չէ:  Ճիշտ է` պայմանական, ի վերջո, ուրիշի անունով  մանրածախ կձևակերպի, բայց  այդտեղ լուծում է պետք գտնել»,- ասաց նա` հավելելով, որ դրանց շուրջ մակերեսային մտածելը որևէ օգուտ չի տա:

«Շատ կոշտ արգելանք չենք կարող դնել,  շատ բարդ է դա, ի սկզբանե ասեմ, որ մանրածախի ու մեծածախի տարանջատումը շատ բարդ է լինելու, դու չես կրող կոշտ գործիքներով արգելել»,- նշեց տնտեսագետ պատգամավորը` հավելելով, որ կոնկրետ ժամկետների մասին խոսել պետք չէ: «Պետք է կարգավորումներ մտածել, չէ՞ որ  մանրածախ ցանցերին կարող ենք հարվածի տակ դնել: Պետք է գցել-բռնել դրա պլյուսներն ու մինուսները: Դա բոլորովին էլ հեշտ գործընթաց չէ»,- ասաց նա:

ԱԺ նույն հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում կարևորեց այն, որ խնդիրը պետք է  նախ ախտորոշել, հետո միայն լուծումների մեխանիզմներ մտածել:  Նա ընդգծեց, որ կարևոր է  լրացուցիչ կարգավորումների կիրառումը ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, բայց դրա համար պետք է խնդիրն արմատից հասկանալ, մանրակրկիտ ուսումնասիրել ամեն մանրուք, որպեսզի ռիսկերը նվազեն: