կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 12:00
Քաղաքական

Ադրբեջանին սպասվում է շատ բարդ ներքին և արտաքին քաղաքական կյանք, պատիժ լինելու է. փորձագետ

Ադրբեջանին սպասվում է շատ բարդ ներքին և արտաքին քաղաքական կյանք, պատիժ լինելու է. փորձագետ

Տարածաշրջանում նոր իրողություններով պայմանավորված՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան փորձում են առավելագույնս օգուտ քաղել նոր իրավիճակից. Հայաստանը կարծես թե մի կողմ է քաշվել և փորձում է իր միջազգայնորեն ճանաչված սահմանների փաստով իրեն պաշտպանել, մինչդեռ ակտիվ խաղի մեջ է մտել Ռուսաստանը, և կարող եմ ասել՝ միայնակ դուրս է եկել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի քայլերը միտված են իր ազդեցության ոլորտների դեռևս պահպանմանը։ Եթե նախկինում դա անում էր Հայաստանի դեմքով, ապա այսօր դա անում է ուղիղ իր դեմքով։ Քանի որ գնում է ուղիղ գործընթաց, առանց որևէ միջնորդավորվածության, ապա Թուրքիան շատ զգուշավոր է դարձել։ Թուրքիան նաև զգուշավոր է դարձել իր աշխատանքային օրակարգում։ Եթե վերջին ամիսներին նրա նկրտումները անթաքույց էին Հարավային Կովկասում, ապա այսօր կտրուկ փոխվել է դեպի Մերձավոր Արևելք, ինչու չէ , նաև Կիպրոս։

Ռուսաստանը նաև քաջ գիտակցում է, որ թյուրքալեզու այլանսն առաջին հերթին հենց ՌԴ-ի դեմ է, հենց ՌԴ-ին թուլացնելու դեմ է, դրա համար դեռևս համբերատար փորձում է Ադրբեջանին հասկացնել, որ հետագա ճանապարհը պետք է անցնի Ռուսաստանի հետ, ոչ թե Թուրքիայի։ Ադրբեջանում շուտով կարող են ընտրության առջև կանգնել ՝ կա՛մ ՌԴ, կա՛մ Թուրքիա։

Երկու ընտրության դեպքում էլ Ադրբեջանին սպասվում է շատ բարդ ներքին և արտաքին քաղաքական կյանք, քանի որ երկու դեպքում էլ պատիժ լինելու է։

Իսկ մենք ի՞նչ օգուտ պետք է ակնկալենք։

Օգուտները շատ են, բայց չպետք է ակնկալել, այլ գործուն քայլեր ձեռնարկել։

Նույնիսկ տխրահռչակ փաստաթղթից հետո մենք կարող էինք համեմատաբար բարվոք դիրքեր ապահովել մեզ համար։ Մենք այդպես էլ խնդիրներ չենք ստեղծում միջազգային հարթությունում Ադրբեջանի համար․

1.գերիների հարց,

2.ԼՂԻՄ-ի տարածքից տեղաբնիկներին տեղահանելու հարցը,

3.պատերազմի ընթացքում արգելված զենիք օգտագործման հարցը,

4.պատերազմի ընթացքում մարդասիրական օբյեկտների թիրախավորման և խոցման հարցը,

5.վերջապես Ադրբեջանին ռազմական հանցագործության մեջ մեղադրելու հարցը։

Մեր փոխարեն ոչ մի երկիր, նույնիսկ դաշնակից երկիր դա չի անի։ Մենք պետք է լինենք նախաձեռնող, ու եթե այդ ժամանակ մեզ չաջակցեն դաշնակից երկները, նոր կարող ենք ասել, որ սա վատն է, նա վատն է։

Մի խոսքով, այսօր մեր տարածաշրջանում մենք մեր ձեռքերը ծալել ու մի կողմ ենք քաշվել, փոխարենը դերերն իրենց վրա են վերցրել տարածաշրջանով հետաքրքրվողները»։