Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլիզա Փափազյանը:
«Մեր քաղաքային խորհուրդն այսօր երեկոյան է քննարկելու այդ հարցը, ժամը 18:00-ին (ՀՀ-ում 05:00-ին) պետք է սկսվի այդ նիստը»,- ասաց Փափազյանը:
Պատասխանելով հարցին` կընդունվի արդյոք բանաձևը քաղաքային խորհրդի կողմից, Էլիզա Փափազյանը նշեց՝ կարծում է, որ այո:
Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը հեղինակել է Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:
Քննարկմանն առաջարկված բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:
Բանաձևով Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։