կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 12:34
Աշխարհ

Սուլթան Էրդողանի հույսերը չարդարացան. The Independent

Սուլթան Էրդողանի հույսերը չարդարացան. The Independent
Թուրքերը մշտապես գոռում-գոչում ու սպառնում են, երբ ինչ-որ մեկը պատրաստվում է ճանաչել պատմական փաստը, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայ ցեղասպանության զոհ է դարձել: Բայց արդո՞ք սուլթան Էրդողանը կարծում էր, որ Գերմանիան կարող է ընտրել Հոլոքոստի ժխտման ճանապարհը. գրում է The Independent-ի հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը:
 
Գերմանիայի խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Թուրքական կառավարության կողմից Գերմանիայի հասցեին հնչեցին արդեն սովորական սպառնալիքները, թե կվնասվեն մշակութային, առևտրային և ռազմական «կապերը», նաև կատաղի էլեկտրոնային նամակներ ուղղվեցին գերմանացի պատգամավորներին, սակայն խորհրդարանական բանաձևը հաստատեց փաստը, որ Օսմանյան Թուրքիան եղել է Գերմանիայի դաշնակիցը, երբ կատարվել է այդ գազանությունը, և որ Գերմանիան ինքը բավականաչափ ջանք  չի գործադրում ցեղասպանությունների կանխման համար»,- ասվում է հոդվածում:
 
Ըստ Ֆիսկի` «խեղճ Անգելա Մերկելը, ով դեռևս աղոթում է, որ սուլթան Էրդողանը կաջակցի իրեն կաշառակերության դեմ գործողության անցկացման հարցում և  1.5 մլն դոլարի դիմաց հետ կպահի փախստականներին Եվրոպա ներխուժումից», որոշել է ներկա չլինել քվեարկությանը, նույն կերպ են վարվել նաև փոխկանցլերը և արտգործնախարարը:
 
«Ամենամեծ հեգնանքը, որն անտեսվում է բոլոր քաղաքական գործիչների և լրագրողների կողմից, այն է, որ փախստականներն ու ներգաղթյալները, որոնցից Եվրոպան այդքան վախենում է, գալիս են այն քաղաքներից ու անապատից, որտեղ թուրքերը 101 տարի առաջ իրենց սարսափելի գործողություններն իրականացրեցին հայերի դեմ»,- գրում է հեղինակը` հավելելով, որ հայերի ոսկորները մինչ օրս թուրքական սահմանի հարավում գտնվող ավազներում են, և այդ վայրերը վեահսկվում են ԻՊ-ի կողմից: Եվ երբ «Ջեբհաթ ան Նուսրա»-ն գրավեց Դեր Զորի մի մասը, ահաբեկիչները պայթեցրեցին սիրիական այդ քաղաքի հայկական եկեղեցին, հանեցին Ցեղասպանության զոհերի ոսկորներն ու շաղ տվեցին փողոցներում:
 
Ֆիսկը նաև հիշեցնում է, որ որոշ գերմանացի պաշտոնյաներ, ովքեր Ցեղասպանության ականատեսներն էին, իրենց «փորձը» կիրառեցին Հոլոքոստի ժամանակ, և Հիտլերը, պատրաստվելով 1939-ին Լեհաստան ներխուժել, իր գեներալներին հարցրեց. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: