Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ աշխարհի առաջնորդները, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, թուրքական կառավարության հրավերով այս տարվա ապրիլի 24-ին հավաքվեն Գալիպոլիում՝ Առաջին աշխարհամարտի ճակատամարտը հիշատակելու համար, մեկուկես միլիոն սպանված քրիստոնյա հայերի ուրվականները կքայլեն նրանց հետ. գրում է Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում տպագրված «Գալիպոլիի հարյուրամյակը Հայկական Հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ է» հոդվածում:
Հոդվածագրի խոսքով՝ Թուրքիայի նման քայլն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների հիշողությունը խեղդելու նպատակ է հետապնդում: Թուրքերն արդեն հրավեր են ուղարկել 102 երկրի՝ ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար, նույն օրը, երբ Հայաստանը մշտապես հարգում է Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ֆիսկը նաև նշում է, որ իմանալով նախապես, որ իր նախաձեռնությունը մերժվելու է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ Գալիպոլիի 100-ամյակին հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։
«Սա պարզապես դիվանագիտական չարաճճիություն չէ», - գրում է հեղինակը: Թուրքերը քաջտեղյակ են, որ դաշնակիցները ոտք են դրել Գալիպոլի ապրիլի 25-ին, և որ Ավստրալիան ու Նոր Զելանդիան Անզաքի օրը նույնպես ոգեկոչում են ապրիլի 25-ին: Թուրքերը, բնականաբար, վախենում են, որ 1915 թվականը կհիշատակվի որպես հայերի ոչնչացման ընթացքում մարդկության դեմ իրենց երկրի սարսափելի հանցագործությունների տարեթիվ:
Ինչպես Գերմանիայի որոշ պատմաբաններ են հերքում հրեաների Հոլոքոստը, այնպես էլ Թուրքիան մշտապես հրաժարվել է ընդունել Օսմանյան կայսրության պատասխանատվությունը 1914-1918 թվականներին մարդկության դեմ իրագործած ամենամեծ հանցագործության համար, գրում է հեղինակը՝ նշելով, որ հարյուրավոր միջազգային գիտնականներ, այդ թվում և շատ հրեա պատմաբաններ, ինչպես նաև մի շարք եվրոպական պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Ռոբերտ Ֆիսկն ուշադրություն է դարձնում նաև այն հանգամանքի վրա, որ եթե նախկինում Թուրքիայում ամեն կերպ փորձում էին հերքել Գալիպոլիի ճակատամարտին հայ զինվորների մասնակցելու փաստը, այժմ Թուրքիան փոխում է իր պատմությունը: Նա անդրադառնում է Գալիպոլիի ճակատամարտի մասնակից, Օսմանյան կայսրության զորքերի հայազգի կապիտան Սարգիս Թորոսյանին՝ հիշեցնելով, որ ժամանակին թուրքերը, չնայած առկա ապացույցներին, պաշտոնապես հերքել են զինվորի գոյության փաստը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել է, որ այլ էթնիկ խմբեր, այդ թվում և արաբներ ու հայեր, նույնպես կռվել են Գալիպոլիում: «Մենք (թուրքերը և հայերը) միասին ենք կռվել Գալիպոլիում»,- ասել է նա: «Այդ պատճառով մենք հրավեր ենք ուղարկել նաև նախագահ Սարգսյանին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Սերժ Սարգսյանն արդեն արձագանքել է նրա հրավերին՝ նշելով. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանն ստանալու»:
Թարգմանությունը` Tert.am-ի: