Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-11-11 15:19
Տարածաշրջան

Դեյր Զորի եկեղեցու հետ ոչնչացան նաև Հայոց ցեղասպանության արխիվները. Independent

Դեյր Զորի եկեղեցու  հետ  ոչնչացան նաև Հայոց ցեղասպանության արխիվները. Independent

Լրագրող Ռոբերտ Ֆիսքը, Independent թերթում հրապարակած հոդվածում հայտնել է, որ մայիս ամսին «Ջեբհաթ ալ Նուսրա» ծայրահեղ իսլամական խմբավորման կողմից պայթեցված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված եկեղեցու հետ ոչնչացել են նաև Ցեղասպանության զոհերի մասունքներն ու արխիվների մեծ մասը, այդ թվում` մինչև 1841 թվականի պատմությունը ներառող:

 

Ըստ «Ակօս»-ի՝ Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Անդրանիկ Այվազյանը Ֆիսքի հետ զրույցում նշել է, որ իսլամական խմբերը մինչ այդ տեղեկացրել են, որ իրենց՝ Սիրիայում որպես իշխանություն ճանաչելու դեպքում վնաս չեն տա արխիվներին, սակայն մերժում ստանալուց հետո ոչնչացրել են եկեղեցու ամբողջ գույքն ու Ցեղասպանության պատմական արխիվները:

 

Քահանան հիշեցրել է, որ նույն եկեղեցու քահանա Պետրոս Թեզիբաշրյանին 1915 թվականին սպանել են օսմանցիներն ու նրան նետել Եփրատ գետը, իսկ ահա 100 տարի անց պատմական արժեք ունեցող այդ նույն եկեղեցին պայթեցվել է կրոնական ծայրահեղական խմբերի կողմից:

 

Ֆիսքը հոդվածում հայտնել է, որ այս եկեղեցու պայթեցումը մեծ վրդովմունք կարող է առաջացնել Սիրիայի քրիստոնյաների շրջանում, քանի որ այն կառուցված է եղել ի հիշատակ 1915 թվականին զոհված հայերի: «Այս սուրբ վայրերի նկատմամբ իրականացված անամոթ գործողությունը ցավ է պատճառելու աշխարհասփյուռ հայերին: Այս անգամ մեղավորը «Ալ Նուսրա»-ն է, սակայն շատ սիրիացիներ հավատացած են, որ նրանք Թուրքիայից են զենք ստանում» ,- գրել է լրագրողը: