կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-17 19:31
Հասարակություն

Թուրքիայի քրիստոնյաները հայտնվել են ՔԱԿ-ի և «սուլթան» Էրդողանի մամլիչում, իսկ Եվրոպան անտարբեր է. «SOS Արևելքի քրիստոնյաներ» ասոցիացիա

Թուրքիայի քրիստոնյաները հայտնվել են ՔԱԿ-ի և «սուլթան» Էրդողանի մամլիչում, իսկ Եվրոպան անտարբեր է. «SOS Արևելքի քրիստոնյաներ» ասոցիացիա

«SOS Արևելքի քրիստոնյաներ» ասոցիացիայի նախագահ  Շառլ դը Մեյերը դատապարտում է միջազգային հանրության անտարբերությունը Թուրքիայում բնակվող քրիստոնյաների հանդեպ, որոնք հայտնվել են քուրդ ակտիվիստների և Էրդողանի ավտորիտարիզմի մամլիչում, ընդ որում՝ թեև Էրդողանին մամուլը քննադատում է, միջազգային կազմակերպությունները սիրաշահում են նրան. ըստ yerkir.am-ի՝ գրում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:

«Խոսքը միջազգային հանրության ու արդարության մասին է. վճիռը հիմնված է լինելու տարբեր սկզբունքների վրա՝ կախված այն բանից, թե ինչ ազդեցություն ու հեղինակություն ունես: Դա հստակորեն դրսևորվում է Թուրքիայում բնակվող քրիստոնյաների դեպքում, որոնց լքել են, և որոնք ստիպված են լուռ տառապել նախագահ Էրդողանի արարքներից»,- ասում է դը Մեյերը՝ հավելելով, որ այդ վերաբերմունքի նոր օրինակը Նուսայբին (հայկական Մծբինը- խմբ.) քաղաքում գտնվող ասորական Մար Յակուբ վանքի քահանա Սեֆեր Աhո Բիլեչենի ձերբակալությունն է: Պատճա՞ռը՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ ենթադրյալ կապը, քանի որ վանքում կարճ ժամանակով ապաստան են տվել քուրդ ակտիվիստներից մեկին: Իսկ ինչո՞ւ՝  չեզոք ապաստան լինելու դարավոր ավանդույթի համաձայն և քրիստոնյաների հանդեպ վերաբերմունքի պատճառով:

Թեև քահանային արդեն ազատ են արձակել, սակայն դատավարություն պիտի լինի:

Ըստ Արևելքի քրիստոնյաների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության նախագահի՝ քահանայի ձերբակալման շուրջ սկանդալը դրսևորումներից մեկն է այն երկակի իրավիճակի, որում հայտնվել են Թուրքիայի  քրիստոնյաները: Եթե հրաժարվում են օգնել ՔԱԿ-ին (դրամահավաքներ, ապաստան տալ և այլն), նրանց սպառնում են մարքսիստական այդ կազմակերպության պատասխան միջոցառումները: Եթե կատարում են նրանց պահանջները, արժանանում են թուրքական պետության զայրույթին: Եվ, ըստ «SOS Արևելքի քրիստոնյաներ» ասոցիացիայի, այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության զարմանալի անտարբերության ֆոնին:

Թուրքիան մեծ ազդեցություն ունի Եվրոպայում «իսլամաֆոբիայի» բազմաթիվ դիպլոմավոր քննադատների շնորհիվ: Թուրքիան  հորատումներ է իրականացնում Կիպրոսի տարածքային ջրերում, բայց շարունակում է ԵՄ-ից վարկեր ստանալ: Սպառնում է հունական կղզիներին, և ոչ ոք նույնիսկ չի դատապարտում նրա գործողությունները: Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա և դրանով վերահսկողության տակ վերցնում դեպի Եվրոպա փախստականների երկու հիմնական ուղիները, սակայն ոչ ոք չի խոսում այդ իրավիճակի ռազմավարական սպառնալիքի մասին: Թուրքիան ներխուժում է հյուսիսարևելյան Սիրիա, իսկ ՆԱՏՕ-ն լվանում է ձեռքերը:

Շառլ դը Մեյերի կարծիքով՝ նախագահ Էրդողանի աշխարհաքաղաքական հզորության հրաշքը կապված է Եվրոպայի ոչ կոմպետենտության հետ. թույլ է տալիս, որ Թուրքիան մեծացնի իր ազդեցությունը Բալկաններում, չնկատելու է տալիս Չեռնոգորիայի եկեղեցիների և Կոսովոյի քրիստոնյաների ճակատագիրը , նոր սուբսիդիաներ է առաջարկում մի պետության, որն անընդհատ սպառնալիքներ ու վիրավորանքներ է հնչեցնում իր հասցեին:

«Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կարող է բացեիբաց սպառնալ Կիպրոսին ու Հռոդոսին, վիրավորել հայերի հիշատակը և իրեն ցուցադրել  արաբական երկրների մայրաքաղաքներում՝ առանց որևէ պատասխան միջոցառման Ֆրանսիայի ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից: Թուրքիայի քրստոնյաները նույն իրավիճակում են, ինչ մերձավորարևելյան երկրների նրանց եղբայրները. նրանք հայրենասերներ են և այդ երկրների հասարակական կյանքի հիմնարար մասը: Նրանք իրենց հանդեպ հատուկ վերաբերմունք չեն պահանջում, պարզապես խնդրում են դատապարտել Արևմուտքի երեսպաշտությունը «սուլթան» Էրդողանի նկատմամբ»,- ասում է «SOS Արևելքի քրիստոնյաներ» ասոցիացիայի նախագահը: