կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-02 13:00
Տարածաշրջան

Թուրք երգիչները մեկնել են Բեռլին՝ մասնակցելու Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ցույցին

Թուրք երգիչները մեկնել են Բեռլին՝ մասնակցելու Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ցույցին

Այսօր Գերմանիայի Բունդեսթագում կկայանան Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկումները:

Այդ կապակցությամբ իրենց բողոքը ներկայացնելու համար ավելի քան 10.000 թուրքեր հավաքվել են Բեռլինի պատմական Բրանդենբուրգյան դարպասի դիմաց: Haberya-ի հաղորդմամբ՝ 3 ժամ տևած հակահայկական ցույցին մասնակցելու համար Թուրքիայից Գերմանիա են մեկնել նաև մի շարք հայտնի երգիչներ:

Ցույցին մասնակցող երգիչ Ուղուր Ըշըլաքը գերմանացի խորհրդարանականներին կոչ է արել կանգնել ոչ թե թուրքերի կամ հայերի կողքին, այլև «միայն ու միայն ճշմարտության կողքին»:

Ցույցին մասնակցողների թվում եղել է նաև Եվրոպայի թուրք խորհրդարանականներից Օզան Ջեյհունը, ով թուրքական լրատվական գործակալության հետ զրույցում հիշեցրել է Գերմանիայում Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզերի՝ 2002 թվականի հայտարարությունը: Ջեյհունը հիշեցրել է, որ Օզերն այն ժամանակ քննադատել է Բունդեսթագին՝ «իբրև թե Ցեղասպանության» հարցը քննարկելու համար, սակայն այսօր հակասում է իր հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Կանաչների կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ կուսակցության ղեկավար Ջեմ Օզերն այդ մասին իր հայտարարությունում չէր բացառել, որ  Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ջեյհունը, ինչպես և Թուրքիայի քաղաքական  այլ գործիչներ հիշեցրել են «պատմությունը պատմաբաններին թողնելու կարևորությունը»:

«Թող Գերմանիայի խորհրդարանն իր խնդիրներով զբաղվի: Եթե ցեղասպանության մասին ենք խոսում, տեսեք՝ այսօր Գերմանիան մեղադրվում է Նամիբիայում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Թող զբաղվեն այնտեղ գերմանական զորքերի իրականացրած ցեղասպանության հարցով: Թող թողնեն, որ Թուրքիան և Հայաստանը, որպես երկու հարևան երկրներ, փորձեն իրենք լուծել այս խնդիրը»,- հայտարարել է Ջեյհունը: