Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-06 14:35
Տարածաշրջան

Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչմանը կողմ քվեարկած թուրք ղեկավարի կյանքին վտանգ է սպառնում

Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչմանը կողմ քվեարկած թուրք ղեկավարի կյանքին վտանգ է սպառնում

Գերմանիայում Կանաչների կուսակցության` ազգությամբ թուրք ղեկավար Ջեմ Օզդեմիրի հասցեին արդեն սկսել են մահվան սպառնալիքներ հնչեցնել: Այդ մասին տեղեկացնում է «Ակօս»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն: Սպառնալիքները հիմնականում հնչում են համացանցում կամ լուրերի տեսքով:

Welt am Sonntag թերթի տեղեկացմամբ՝ Օզդեմիրի գրասենյակը նրա անվտանգության հարցով արդեն դիմել է ոստիկանություն: Գրասենյակի աշխատակից Մարկ Բերթհոլդը հայտնել է, որ մինչ այդ սպառնալիքներ ստացել են, սակայն մահվան սպառնալիքները երբևէ այդքան շատ չեն եղել:

Թերթը տեղեկացրել է նաև, որ բանաձևի ընդունման օրը՝ հունիսի 2-ին, Ջեմ Օզդեմիրի՝ Բեռլինում գտնվող տան տարածքում խստացվել էին անվտանգության միջոցառումները:

Նշենք, որ Օզդեմիրի դեմ խիստ քննադատություններ է հնչեցրել նաև Թուրքիայի նախագահը: «Մի պարծենկոտ վեր է կենում, ինչ-որ բան պատրաստում ու ներկայացնում Գերմանիայի խորհրդարանին: Ասում են՝ իբր թուրք է, ի՞նչ թուրք: Սրանց արյունը պետք է լաբորատոր զննություն անցնի: Սրանց ղեկավարվում են վերին ուղեղներ, բայց կարևորն այն է, թե ինչպես են ղեկավարում: Ասում են՝ «խորհրդարանն ընդունեց այդ որոշումը, սակայն դա չի ազդի Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վրա»: Սիրեն ձեզ, ինչպե՞ս չի ազդի: Ես շարունակելու եմ անել հարկ եղածը, քանի որ այս ազգը երբեք չի խոնարհվել»,- ասել է Էրդողանը: