կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 11:42
Տարածաշրջան

Գերմանիան ընկնում է հայկական սփյուռքի կազմակերպած խաղերի մեջ. Էրդողանի գլխավոր խորհրդական

Գերմանիան ընկնում է հայկական սփյուռքի կազմակերպած խաղերի մեջ. Էրդողանի գլխավոր խորհրդական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իհսան Շեները նույնպես անմասն չի մնացել Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի մասին քննադատություններից:

Ըստ Milliyet-ի՝ Շեները Գերմանիային հորդորել է «չընկնել հայկական սփյուռքի կազմակերպած խաղերի մեջ, քանի որ պատմական իրադարձությունների մասին որոշումները ոչ թե խորհրդարաններն են կայացնում, այլ պատմաբանները»:

Հերթական անգամ հերքելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը՝ նա նշել է, որ «1915 թվականը որպես «ցեղասպանություն» որակելը իրականության հետ չի առնչվում»:

Շեների կարծիքով՝ Հայոց ցեղասպանության մասին ապացուցող որևէ փաստ չկա, «միայն զրպարտություններ են»:

Նա մեջբերել է նաև իր ղեկավար Էրդողանի՝ Ցեղասպանության մասին զառանցանքները՝ ասելով. «Հարգելի Էրդողանն այս հարցով հստակ ասել է՝ մենք մեր բոլոր արխիվները կբացենք, Հայաստանն էլ թող իր արխիվները բացի: Սակայն Արևմուտքը անտեսում է նրա խոսքերը՝ ընկնելով հայկական սփյուռքի խաղերի մեջ, որոնք քաղաքական լոբբիների հետ շրջում են խորհրդարաններում՝ Թուրքիայի դեմ արդյունքի հասնելու համար»:

Էրդողանի խորհրդականի խոսքով՝ «երբ պատմաբանների գործը քաղաքական գործիչներն են ստանձնում, ճշմարտության փոխարեն ցնորք է առաջանում»:

Շեների համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ է բերվել, քանի որ Թուրքիայի առաջընթացից անհանգստացողներ կան:

«Էրդողանը 14 տարում Թուրքիան դարձրեց աշխարհում ասելիք ունեցող երկիր: Այդ տարիների ընթացքում Հայկական հարցը բազմիցս օրակարգ բերվեց: Ոչ ոք հետաքրքրված չէ Հայկական հարցով: Դա օրակարգ բերողների միակ խնդիրը Թուրքիայի ազգայնացումից անհանգստանալն է»,- հայտարարել է Շեները:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին տեղի ունենալիք նիստում քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: