Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2015թ բյուջեի կատարողականի քննարկումը կրթության ոլորտի մասով: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ կրթական համակարգը հեղափոխական փոփոխությունների կարիք ունի, մասնավորապես` շուտով հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ դասից անհարգելի բացակայող ուսանողը վճարի, և դա անհրաժեշտ է արմատախիլ անելու համար «էլիտար բուհ», «էլիտար ուսանող» հասկացությունները:
Պատգամավորները առաջարկում է նաև օրենքները փոփոխել այնպես, որ բոլոր ուսանողներն ընդունվեն բուհ` առանց ընդունելության քննության, և միայն վեց ամիս հետո անցկացվի խստագույն քննություն, և զտվեն-մնան լավագույն ուսանողները:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր «էլիտար ուսանողները» ավարտում են բժշկական ինստիտուտը, իրավաբանական ֆակուլտետները, և երկիրը լցվում է տգետ բժիշկներով ու իրավաբաններով: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ այսօր ասպիրանտական համակարգը դիտարկվում է զինծառայությունից խուսափելու միջոց՝ պաշտոնյաների երեխաների համար:
Նախարարի խոսքով՝ պետք չէ միանշանակ պնդել, որ ավարտողները տգետ են, որովհետև խորհրդային կրթական համակարգում էլ կային տգետ մասնագետներ, էլիտար համակարգի ներկայացուցիչներ, ռայկոմի քարտուղարների առանձնաշնորհյալ երեխաներ, բանակից խուսափողներ և այլն:
Նախարարը համաձայնեց, որ կան խնդիրներ` ասելով, որ նոյեմբերին ԱԺ-ին պետք է ներկայացվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, և ունեն մոտավոր պատկերացումներ, թե ինչպես պետք է լուծվեն պատգամավորի բարձրացրած խնդիրները:
Ինչ վերաբերում է միասնական քննություններին ու պետական պատվերի քաղաքականությանը, ապա, նախարարի խոսքով, աղքատ ընտանիքներ կան, որոնց երեխաներն ընդհանրապես շանս չունեն սովորելու բուհում, որովհետև չեն կարող վարձ վճարել, չեն կարող մասնավոր կրկնուսույցի մոտ պարապել, և եթե այդ ընտանիքները կարողանան վարկ վերցնել, ապա գյուղատնտեսական վարկ կվերցնեն, ոչ թե` ուսումնական:
«Այդ շերտի երեխաները խելոք երեխաներ են, բայց ընդունելության քննություններին կարող են ստանալ 14, 15, 16 միավոր, որը բավարար է բուհ ընդունվելու համար, բայց բավարար չէ անվճար ընդունվելու համար: Եթե խնդիրը կարգավորենք տարկետման համակարգով, ուզում ենք առաջարկել առանձնացնել երեք մաս` միասնական քննություններ, պետական պատվեր և մրցույթ: Եթե ԳԹԿ-ին տանք իրավունք, որ քննություն անցկացնի ու վաուչեր տա, երեխան քննություն տա, ստանա իր վաուչերը, որից հետո կլինի հիմնադրամ, որտեղ պետությունը կտեղադրի պատվեր: Այստեղ արդեն կառաջարկենք, որ այդ անվճար պետպատվերի մեջ սոցիալական պատվերը լինի 50-60 տոկոսի սահմաններում: Այսինքն` երեխան կկարողանա, 14,15 միավոր հավաքելով, իր սոցիալական կացության փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան հիմնադրամ, ինչպես արվում է աշխարհի տարբեր երկրներում, ստանալ սոցիալական անվճար վաուչեր, որից հետո կվերցնի իր երկու վաուչերները՝ սոցիալական ու գիտելիքի գնահատման, ու կորոշի, թե որ համալսարանն է գնում սովորելու»,- ասաց Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ եթե կարողանան պետպատվերը հասցեական դարձնել, դրա տակ դնելով սոցիալական սեգմենտը, եթե, ասենք, ուսանողը համաձայնում է սովորելուց հետո սահմանամերձ շրջանում աշխատել կամ բանակային ծառայության գնալ երկարաժամկետ, ապա նրանց կրթությունն էլ կլինի անվճար:
Եվ այս ամենին եթե գումարվի գիտելիքի սեգմենտը, այդ ժամանակ հնարավորություն կլինի պետության կողմից անվճար կրթության դռները բացելու երկրի բնակչության մոտ 40 տոկոսի` անապահով շերտի համար: Այս համակարգը մեկուկես ամիս հետո ներկայացվելու է հանրությանը, կանցկացվեն լսումներ:
«Ասում եք` հեղափոխական, ինքս հեղափոխական կուսակցության անդամ եմ, բայց հեղափոխությունը չի նշանակում ոչնչացում: Իրավիճակի արմատական, որակական փոփոխությունը նույնպես հեղափոխություն է: Եթե մենք կարողանանք որակապես փոխել կրթությունը՝ ավագ դպրոցի կրթությունն ու մագիստրատուրան, ապա դա հեղափոխական փոփոխություն կլինի»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Նրա համոզմամբ` կրթական համակարգն այլևս նոր ու կտրուկ ցնցումների չի դիմանա, եղածը պետք է չքանդել, այլ եղածի վրա կառուցել որակական նոր կրթություն: