կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 19:01
Հասարակություն

Թաներ Աքչամի նախաձեռնությամբ` Գրիկերի արխիվը հասանելի կլինի գիտնականների համար

Թաներ Աքչամի նախաձեռնությամբ` Գրիկերի արխիվը հասանելի կլինի գիտնականների համար

1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո Մեծ եղեռնից մազապուրծ եղած հոգևորական Գրիկերը շրջել է աշխարհով ու ապացույցներ հավաքել այդ վայրագությունները փաստագրելու համար։ Քլարկ համալսարանի Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրության Սթրասլեր կենտրոնի «Գալուստեան/Մուգար» հայագիտական հետազոտությունների ամբոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը վերջերս համագործակցել է ասպիրանտների ու թուրք փորձագետների հետ` թվային պահոց ստեղծելու և Գրիկերի ահռելի փաստաթղթերի հավաքածուն բոլոր գիտնականների համար հասանելի դարձնելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով համալսարանի կայքէջում տեղ գտած հրապարակումը:

Արխիվն ընդգրկում է հազարավոր բնօրինակ փաստաթղթեր և Գրիկերի  չտպագրված նյութերը։ Այնտեղ ներառված են Հալեպում օսմանյան պաշտոնյա Նաիմ բեյի ձեռագիր հիշողությունները, որոնք երկար ժամանակ անհայտ կորած էին համարվել, ինչպես նաև` Երուսաղեմի պատրիարքարանի փաստաթղթերը, որոնք պարունակում են կարևոր տեղեկատվություն Հայոց ցեղասպանության մասին և 1919-1922 թթ. Ստամբուլում տեղի ուենցած ոճրագործների դատավարությունների քննական նյութեր։

Ուշագրավ են գաղտնազերծված հեռագրերը, որոնք Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, բանակի հրամանատարները և կառավարության պարամիլիտար ուժերի ղեկավարներն ուղարկել են կայսրության շրջանների ղեկավարներին։ Այդ հեռագրերից որոշների վրա առկա օսմանյան պետական կնիքը պարզորոշ ընդգծում է օսմանյան կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պլանավորումն ու իրագործումը։ Այդ սպանության հրամանները համարվում են Հայոց ցեղասպանության ապացույցներ, որոնք էլ ընկած են Աքչամի նոր՝ «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գրքի հիմքում։

Արխիվի մասին պրոֆեսոր Աքչամը գրում է. «Այս նյութերին հասանելիությունը ներուժ ունի փոխելու գիտական ու քաղաքական դիսկուրսը, ինչպես նաև պայքարելու թուրքական ժխտողականության դեմ։ Իմ պարտականությունն է այդ ապացույցները հասանելի դարձնել աշխարհին»։

Գրիկերի արխիվի ստեղծումը ֆինանսավորել են Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, Ժիրայր Նշանյան հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Դադրյան հիմնադրամը և այլ կազմակերպություններ։ Կերկերյանի արխիվում ներառված բնօրինակ նյութերը նվիրաբերվել են Բելմոնտի հայագիտության ու հետազոտությունների ազգային միությանը, որոնք կդառնան այնտեղի Մարտիկյան գրադարանի մի մասը։ Ուսումնասիրողների համար թվային արխիվի նյութերը հասանելի կլինեն Բելմոնտի հայագիտության ազգային միության գլխավոր գրասենյակի շենքի բացումից հետո՝ 2019 թ. աշնանը։

Պատրաստեց Անի Մելքոնյանը

Akunq.net