կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-26 13:56
Տարածաշրջան

Մարութա Բարձր Աստվածածին եկեղեցին նորից հասանելի կլինի ուխտավորների համար

Մարութա Բարձր Աստվածածին եկեղեցին նորից հասանելի կլինի ուխտավորների համար

Պատմական Մարութա լեռն ու դրա գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին այսուհետ հասանելի կլինեն ուխտավորների համար: Թուրքական Anadolu լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Բաթմանի  նահանգային  ղեկավարությունը նախաձեռնել է դեպի լեռ տանող 8 կիլոմետրանոց ճանապարհի կառուցման աշխատանքը, որի ավարտը նախատեսված է մեկ ամսից. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի Բաթման նահանգի Սասոն (Սասուն) շրջանում գտնվող Մարութա լեռը տարածաշրջանի ամենաբարձր գագաթն է և ունի 2.973 մետր բարձրություն:

Բաթմանի նահանգային խորհրդի անդամ Յըլմազ Չաքարը հույս է հայտնել, որ նոր ճանապարհը կնպաստի այդ շրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ընդգծելով, որ Մարութան հայերի համար սուրբ լեռ է համարվում, Չաքարը նշել է, որ այսուհետ տեղի հայերը և այլ ուխտագնացներ հնարավորություն կունենան այցելելու Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը նախկինում անհնար էր ճանապարհի բացակայության պատճառով:

Բաթմանի թանգարանի տնօրեն Վեհբի Յուրթն էլ հիշեցրել է, որ Մարութա լեռան Սուրբ Աստվածածին եկեղեցին 2013թ.-ից հատուկ պահպանության տակ է առնվել: Սակայն, ըստ թուրք մասնագետի, եկեղեցու տարածքում կատարված ուսումնասիրությունների ընթացքում եկեղեցու կառուցման տարեթվի և պատմության վերաբերյալ որևէ գրություն չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ եկեղեցին Մարութա Բարձր Աստվածածին անվամբ հիշատակվում է «Սասնա ծռեր»-ում: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է Մեծ Մհերի պատվերով: Այն ավերվել է Մսրա Մելիքի կողմից, իսկ ավելի ուշ Դավիթն այն մեկ օրվա ընթացքում վերականգնել է: